Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱՐԴԻԿ

Հունիս 06,2007 00:00

\"\"ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը երեկ այս ոգով արտահայտվեց ինչպես իր նախկին խորհրդական Մանվել Սարգսյանի, այնպես էլ «Ղարաբաղ» կոմիտեի առաջին ղեկավար Իգոր Մուրադյանի մասին:

ԼՂՀ նախագահը երեկ Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսի հետ: Հանդիպումից հետո կայացած ասուլիսում Արկադի Ղուկասյանը մի քանի կոշտ հայտարարություններ արեց, մասնավորապես, թե առանց ԼՂ-ի ընթացող բանակցությունները չեն հանգեցնելու Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը. «Ես ասել եմ՝ թող Հայաստանի ու Ադրբեջանի տեղը բանակցեն Իսպանիան ու Պորտուգալիան. եթե դրա արդյունքում կճանաչվի ԼՂ անկախությունը եւ մնացած հարցերը կլուծվեն մեր ուզած ձեւով՝ մենք պրոբլեմ չունենք: Բայց ցավն այն է, որ ես չեմ տեսնում, թե այս ձեւաչափով հարցը կլուծվի: Ես 100 տոկոսով համոզված եմ՝ բոլորն անպայման հասկանալու են, որ այս ձեւաչափն իրական չէ»:

Մինչդեռ նախօրեին Իգոր Մուրադյանը հայտարարել էր, թե լիակատար կապիտուլյացիա ենթադրող 2006-ի փաստաթղթին չարձագանքեց ԼՂՀ խորհրդարանը. «Արձագանքի բացակայությունը վերահսկում էր Արկադի Ղուկասյանը, եւ ստեղծվեց տպավորություն, որ ընդհանուր առմամբ բոլորը կողմ են այդ նահանջի գործընթացին»: «Առավոտը» խնդրեց անդրադառնալ Իգոր Մուրադյանի այս եւ մյուս հայտարարությանը, թե ԼՂՀ նախագահն ու պատգամավորները քաղաքական հանցագործներ են: Արկադի Ղուկասյանը նախ ասաց. «Չեմ հասկանում այն աժիոտաժը, որ ստեղծվում է այս հարցերի շուրջ: Ես կիսում եմ մեր ժողովրդի ու քաղաքական ուժերի մտահոգությունը՝ Ղարաբաղի հարցի, տարածքների վերաբերյալ եւ այլն: Բայց ուզում եմ ընդգծել՝ այդ հարցը որոշելու է ո՛չ Իգոր Մուրադյանը, ո՛չ Արկադի Ղուկասյանը: Այդ հարցը որոշելու է ժողովուրդը: Եթե ժողովուրդը համաձայն չլինի այս կամ այն տարբերակի հետ՝ հնարավոր չէ, որ մենք առաջ գնանք այս գործընթացում: Եվ երկրորդը՝ ի՞նչ է նշանակում, թե զսպում ենք, այսինքն՝ չե՞նք թողնում մարդիկ արտահայտվեն այդ հարցի շուրջ: Մենք ազատ երկիր ենք, եւ ամեն մարդ կարող է իր ցանկացած միտքն արտահայտել: Բայց երեւի պարտավոր չենք բոլորի փայլուն մտքերը մեկնաբանել: Ազատ մարդ է՝ իրավունք ունի իր կարծիքն ունենալ: Եթե մեկին թվում է, որ Ղարաբաղի ղեկավարները բոլորը հանցագործ են՝ սա դիագնոզ է երեւում: Այդպես էլ ընդունեք»:

Քիչ անց ԼՂՀ նախագահը նաեւ ասաց. «Սովորություն է դարձել՝ նման հարցերի մասին խոսում են նրանք, ովքեր Հայաստանում են նստած, ովքեր ինչ-որ կապ են ունեցել Ղարաբաղի հետ, բայց ո՛չ պատերազմի տարիներին են ԼՂՀ-ում եղել, ո՛չ էլ բարդություններն են իրենց վրա զգացել: Հիմա այստեղ նստած, տաք կաբինետներում Ղարաբաղի ժողովրդին ցուցումներ են տալիս՝ ո՞ւմ նախագահ ընտրել, ի՞նչ ճանապարհով առաջ գնալ, հողերը հանձնե՞լ, թե՞ չհանձնել: Ես համարում եմ, որ սա խայտառակություն է մեզ համար: Այդ մարդիկ այդ բարոյական իրավունքը չունեն: Առաջին հերթին այդ իրավունքն այն մարդկանց է պատկանում, որոնք ռումբերի տակ այնտեղ նստած էին»: Եվ հորդորեց. «Մի՛ վարկաբեկեք Ղարաբաղը: Քննադատել՝ սիրով: Ցանկացած քննադատություն ընդունում ենք: Մենք հրեշտակներ չենք ու բազմաթիվ սխալներ ենք արել: Եվ անելու ենք, քանի որ եթե աշխատում ես՝ չես կարող սխալ չանել: Բայց այդ դժվարություններն ապրած ժողովրդին ոչխարների տեղ դնելն ու ցուցումներ տալը համարում եմ խայտառակություն»: Մեր հարցին, թե ովքե՞ր են նման ցուցումներ տալիս՝ նա այսպես արձագանքեց. «Ինձնից լավ գիտեք: Այդ մեջբերումներն ումի՞ց էիք անում»:

«Առավոտն» Արկադի Ղուկասյանին մի քանի հարցեր էլ ուղղեց հուլիսի 19-ին կայանալիք ԼՂՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ: Հունիսի 2-ին արցախյան մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել էին ԼՂՀ նախագահին՝ որպես Սահմանադրության երաշխավորի, եւ կոչ արել կանխել Սահմանադրության հնարավոր խախտումները: Խոսքը ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Բակո Սահակյանի թեկնածության գրանցման մասին է, որը 1997-1999-ին բնակվել է Մոսկվայում: «Մեր Սահմանադրության համաձայն՝ նախագահը չի կարող միջամտել այդ գործընթացներին: Դա ԿԸՀ-ի գործն է,- ասաց Արկադի Ղուկասյանը:- Նախագահն ի՞նչ ձեւով պետք է միջամտի: Ես այդ հանձնաժողովի տե՞ղը որոշում ընդունեմ: Ամեն ինչ պետք է լինի օրենքով: Օրենքի համաձայն, այդ լիազորությունն ունի ԿԸՀ-ն»:

Մեր մի քանի հարցեր էլ վերաբերում էին ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Մանվել Սարգսյանի հայտարարություններին: Նրա անվան հիշատակությանը ԼՂՀ նախագահն անմիջապես արձագանքեց. «Անլուրջ մարդկանց մասին մի խոսեք, անհարմա՞ր չէ: Ես անբարոյական մարդկանց մասին ասացի՝ առաջինը դա՛ է»: Մանվել Սարգսյանը նշել էր, թե ԼՂՀ իշխանամետ մամուլն ու Հանրային հեռուստաընկերությունը փակվել են բոլոր նրանց առջեւ, ում համարում են ընդդիմություն: Մեր հարցին՝ ԼՂՀ-ն փոխառե՞լ է ՀՀ-ի վատագույն փորձը՝ պրն Ղուկասյանը պատասխանեց. «Նորից եմ ասում՝ անլուրջ մարդկանց ասածները ճիշտ չեմ համարում մեկնաբանել: Մանավանդ, երբ որ մարդն «աբիժնիկ» է: Երբ ես նրան հեռացրի խորհրդականի պաշտոնից՝ այդ մարդը որոշեց, թե պետք է պայքարել Ղուկասյանի եւ ԼՂՀ իշխանությունների դեմ»: Մանվել Սարգսյանի մեկ այլ հայտարարությունն էր, թե Հայաստանը չպետք է ԼՂՀ նախագահի ընտրություններում դիտորդի դերում լինի: «Ի՞նչ ձեւով: Պիտի գաք ձա՞յն տաք, թե՞ ոնց,- հետաքրքրվեց Արկադի Ղուկասյանը:- Ո՛չ Հայաստանը պետք է ԼՂՀ իրադարձություններին անտարբեր հետեւի, ո՛չ էլ ԼՂՀ-ն՝ Հայաստանին: Բայց մենք անկախ երկիր ենք, ինքնուրույն ժողովուրդ եւ ինքներս ենք որոշում, թե ինչ ենք անելու: Եվ եթե նկատել եք, մենք էլ աշխատում ենք չմիջամտել Հայաստանի ներքին գործերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել