Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԸՆՏՐՈՂՆԵՐ ՉԵՆ ԲԵՐՎՈՒՄ ԼՂՀ

Հուլիս 18,2007 00:00

\"\"Պնդում է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը, որը գերազանցապես հերքեց Մասիս Մայիլյանի շտաբի ներկայացրած ընտրախախտումների վերաբերյալ պնդումները:

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը երեկ՝ քարոզարշավի վերջին օրն է պատասխանել ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի նախընտրական շտաբի պետի տեղակալի՝ հուլիսի 13-ի եւ հուլիսի 16-ի դիմումներին: Ըստ պատասխանի՝ այդ դիմումներում բերված փաստարկները ուսումնասիրվել են ԿԸՀ-ում: Եվ մասնավորապես նշված այն խախտումների կապակցությամբ, թե Լիսագորում եւ բազմաթիվ այլ գյուղերում համայնքապետերի աշխատասենյակի դռանը փակցված է Բակո Սահակյանի քարոզչապաստառը ու նաեւ՝ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի ընտրատեղամասի շենքի ճակատին՝ ԿԸՀ-ն պարզել է, թե սա վկայում է համայնքապետերի կողմից ընտրական օրենսգրքի պահանջների անտեղյակության մասին, ուստի դարձյալ հանձնարարել են «բոլոր տարածքային ընտրական հանձնաժողովներին՝ հետեւել համայնքներում միայն հատուկ տեղերում քարոզչական նյութեր տեղադրելու գործընթացին: Կոնկրետ Լիսագորի եւ Ներքին Հոռաթաղի համայնքներում Ձեր կողմից նշված թերությունները վերացված են»:

Մասիս Մայիլյանի շտաբի՝ հուլիսի 16-ի դիմումում նշված էր, թե ԼՂՀ որոշ շրջաններում լայնորեն կիրառվում է ընտրացուցակների արհեստական ուռճացումը. «Մասնավորապես, ԼՂՀ Քաշաթաղի, Շուշիի եւ Շահումյանի շրջաններում տեղի վարչական եւ ուժային ղեկավարության ճնշմամբ, ՀՀ-ից տարածք են փոխադրվում ԼՂՀ քաղաքացի չհանդիսացող եւ հանրապետությունում չբնակվող անձինք, որոնց անձնագրերում դրվում է ԼՂՀ ժամանակավոր հաշվառման կնիքը՝ ընտրությունների հնարավոր կեղծման համար հող նախապատրաստելու համար»: ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը երեկ «Առավոտին» տված հարցազրույցում այս կապակցությամբ նշեց. «Կարող են տեղում էլ պարզել՝ Շահումյանում եւ Քաշաթաղում միայն եւ միայն երկարաձգվել է այն քաղաքացիների հաշվառման ժամկետը, որոնց անցյալ տարի գրանցել էին, որ մասնակցեն Սահմանադրության ընդունման հանրաքվեին: Հանրապետության ղեկավարության միջոցով մենք նրանց այդպիսի հանձնարարական էինք տվել: Վերաբնակեցվող շրջաններ են, եւ այդ մարդիկ փաստացի ապրում են այդտեղ, մասնակցել են հանրաքվեին: Բայց նրանց ժամանակավոր հաշվառել էին մինչեւ 2006-ի ավարտը: Եվ քանի որ նրանց հաշվառման ժամկետը լրացել է, որպեսզի իրավունք ունենան մասնակցելու՝ մինչեւ 2007-ի վերջը երկարաձգվել է նրանց հաշվառումը: Անձամբ խոսել եմ ոստիկանապետի հետ եւ խնդրել մեր տարածքային հանձնաժողովի նախագահին՝ գնացել է անձնագրային բաժին, նորից նայել ու համոզվել՝ չկա այդպիսի որեւէ մարդ, որ ուրիշ տեղից բերած, գրանցած լինեն»:

Ընտրախախտումների մասին պատասխանում մի մեղադրանք էլ կա Մասիս Մայիլյանի շտաբի հասցեին, որը մեր զրույցի ընթացքում կրկնեց նաեւ Սերգեյ Նասիբյանը: Այն է, որ չնայած ԿԸՀ բազմաթիվ հիշեցումներին՝ ինչպես թեկնածու Հրանտ Մելքումյանի, այնպես էլ Մասիս Մայիլյանի նախընտրական շտաբը խախտել է սահմանված կարգը՝ ընտրական միջոցառումներ կազմակերպելու նպատակով թեկնածուներին անվճար դահլիճներ տրամադրելու վերաբերյալ, եւ «նախընտրական միջոցառման կազմակերպման օրվանից առնվազն 5 օր առաջ չի դիմել համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կամ համայնքի ղեկավարին՝ շենք կամ այլ տարածք տրամադրելու համար»։ Ըստ ԼՂՀ ԿԸՀ նախագահի՝ այս կարգը պահպանել է միայն Բակո Սահակյանը: Եվ Մասիս Մայիլյանի շտաբի դիմումի քննարկման ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովների եւ համայնքների ղեկավարները պնդել են, թե «հենց վերոնշյալ պատճառով իրենք տեղյակ չեն եղել նախընտրական միջոցառումների կազմակերպման ժամկետների եւ վայրի մասին, ուստի չէին կարող որեւէ կերպ խոչընդոտել դրանց կազմակերպմանը»: Սա՝ ի պատասխան դիմումում նշված բազմաթիվ փաստերի, ըստ որոնց՝ գյուղապետերի մեծ մասը լծված է Բակո Սահակյանի նախընտրական հանդիպումները կազմակերպելու եւ Մասիս Մայիլյանի հանդիպումները տապալելու գործին: Նույն հակափաստարկը ներկայացվեց նաեւ ԼՂՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների ղեկավարների՝ քարոզարշավին միջամտության վերաբերյալ մեղադրանքներին ի պատասխան. «Անձամբ որեւէ «կանխարգելիչ» աշխատանք չեն տարել՝ նաեւ տեղյակ չլինելով միջոցառումների կոնկրետ տեղի եւ ժամանակի մասին»:

Իսկ Մասիս Մայիլյանի շտաբի ներկայացրած խախտումների մի զգալի մասին ԼՂՀ ԿԸՀ պաշտոնական պատասխանն այս է. «Դիմումներում բերված Ձեր որոշ կասկածները կամ նախընտրական քարոզչությունը խանգարելու որոշ փորձերի մասին Ձեր ընդհանուր տիպի պնդումները կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հնարավոր չէր քննարկել՝ հանձնաժողովի լիազորությունների շրջանակից դուրս լինելու կամ անհնարինության պատճառներով»:

Հ. Գ. Մեր խնդրանքով կանխատեսելով, թե ընտրողների քանի տոկոսը կմասնակցի հուլիսի 19-ի ընտրություններին՝ պրն Նասիբյանն ասաց. «Մեր ընտրողները միշտ էլ ակտիվ մասնակցում են», եւ որոշակի թիվ նշեց՝ «Ամենաքիչը 60-70%»: Նշենք, որ ԼՂՀ ընտրողների թիվը 91 հազար 166 է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել