Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ ՈՔԻ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ՄԵՐ ԿՈՆՖԼԻԿՏԸ»

Սեպտեմբեր 06,2007 00:00

\"\"Հարցազրույց ադրբեջանցի գրող-հրապարակախոս Սեյմուր Բայջանի հետ

Դեկտեմբերի 17-20-ը Խաղաղասեր նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախաձեռնությամբ «Ադրբեջանի օրեր» խորագրով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում քննարկվեցին իրավապաշտպանության եւ լրագրության հետ առնչվող մի շարք հարցեր։ Ամփոփվեց նաեւ դպրոցում հայտարարված շարադրությունների մրցույթը՝ «Բաց նամակ իմ Ադրբեջանի հասակակցին», «Ադրբեջանն իմ պատկերացմամբ», «Հայաստան-Ադրբեջան՝ ո՞րն է մեր ապագան» եւ «Ադրբեջան» խորագրերով։ Սեյմուր Բայջանը նույնպես պատվիրակության կազմում էր, նա սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»։

– Գրեթե բոլոր շարադրություններում գրված են՝ «Ադրբեջանցիներ, դուք մեր բարեկամն եք», «Ողջույն, ընկեր» «Ողջույն, գործընկեր»։ Ձեր կարծիքով՝ ինչքանո՞վ անկեղծ կարող են լինել այս տողերը…

– Անկեղծ չեն, բայց անկեղծանում են, երբ կենդանի ենք շփվում միմյանց հետ, կարծիքներ փոխանակում։ Ափսոս, որ երկու ժողովուրդներին պետությունների քաղաքականությունն ու պապենական թշնամանքն է խանգարում, նաեւ միմյանց մասին թյուր տեղեկատվություն ստանալը։ Սեմինարին մասնակից երեխաները հանդիպումների ժամանակ խոստովանում էին, որ ադրբեջանցիներիս այլ կերպ էին պատկերացնում՝ բռի, կոպիտ։ Նույն կարծիքի են Ադրբեջանում՝ հայերիդ մասին։

– Այսպիսի սեմինարներ կազմակերպվում են հիմնականում Վրաստանում, երբեմն՝ Հայաստանում, բայց ոչ երբեք՝ Ադրբեջանում, ինչո՞ւ…

– Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ այլ է։ Ադրբեջանում ազգայնամոլները շատ-շատ են։ Այդ հարցում դուք մեզանից առաջ եք։ Հայաստանում կարծես ժողովուրդն ավելի հանգիստ է նայում երկու երկրների կոնֆլիկտներին…Նախկինում կարծում էի, թե այսպիսի սեմինարները օգուտ չեն տալիս, հիմա հակառակ կարծիքի եմ՝ ինչքան շատ լինեն նման հանդիպումները, շփումները՝ այնքան մոտ կլինի հաշտության պահը։

– Հաճախ արտասահմանցիները չեն տարբերում հայերին, ադրբեջանցիներին եւ վրացիներին։ Ընդամենը գիտեն, որ կան ժողովուրդներ, որոնք ապրում են Կովկասում…

– Իրականում ոչ մեկին էլ չի հետաքրքրում հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։ Ով էլ գիտի այդ մասին՝ անտարբեր է։ Մենք պետք է զգոն լինենք, պետք է այնպես անենք, որ պատերազմ չլինի։ Չնայած ես էլ եմ արդեն հոգնել այս վիճակից, մեկ-մեկ մտածում եմ, ինչու եմ Կովկասում ծնվել եւ ոչ, օրինակ, Դանիայում։

– Եթե հանկարծ սիրահարվես հայ աղջկա, ինչպե՞ս կվարվես։

– Մի անգամ նման մի բան եղել է։ Լավ աղջիկ էր՝ սպիտակամաշկ, բարեկազմ, ինձ էլ շատ էր սիրում, ես էլ՝ նույնը։ Բայց ամեն ինչին ռեալ է պետք մոտենալ՝ ոչինչ էլ չստացվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել