Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ Բանն մարմին եղեւ Դ

Սեպտեմբեր 08,2007 00:00

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ

Մատենադարանը սրբություն սրբոց է ամեն հայի համար, որը հոգին չի վաճառել: Այնտեղ է անթեղված մեր ոսկեղենիկ հայերենի՝ գրաբարի մոտավորապես հազարամյա մշակույթի փրկված մասը:

Մեր լուսահոգի նախնիները թարգմանել են օտարներին՝ հարստացնելով մեր մշակույթի գանձարանը, եւ մատուցելով դպրոցներում՝ կրթել են ժողովրդին: Ակնհայտ է, որ լեզու սովորելը շնորհք է, եւ անկախ այն բանից, թե այն ժամանակներում ինչ խոսակցական լեզու է իշխել Հայաստանում, դպրոցում դասավանդվող մայրենի լեզուն իր լեզվակերտվածքով ու կատարյալ հնչեղությամբ, շնորհաշատ աշակերտին հոգեպես սնելով, նրա մեջ ծնել է անսահման սեր մայրենիի նկատմամբ: Այբ, Բեն, Գիմ-ն այսօրվա ընկալմամբ մատուցվող սոսկական այբուբեն չէ։ Դա նախ եւ առաջ հոգեպարար երաժշտություն է եւ աղոթք: Լինելով Աստվածարար՝ այն կատարյալ է եւ ձեւափոխման ենթակա չէ: Այս աղոթքը մանկան հոգում ծնել է այն առողջ սերմը, որը, հետագայում ծլարձակելով, ձեւավորել է մանկան լեզվամտածողությունը՝ որպես հայ֊քրիստոնյայի:

Այսուհետեւ աշակերտին սովորեցնում էին. «Ի սկզբանէ էր Բանը, եւ Բանը Աստծու մոտ էր. եւ Բանը Աստված էր»: Եթե մենք ինչ-որ առումով բախտավոր ազգ ենք, ապա, անշուշտ, այդ բախտավորության էական գործոնը մեր հենց այս մայրենին է՝ գրաբարը, իր պարզությամբ ու խորությամբ, իր հնչեղությամբ ու երաժշտականությամբ, իր բովանդակալիությամբ ու ամբողջականությամբ, իր լրիվությամբ եւ կատարելությամբ: Փորձենք, այսպես ասած, թարգմանել Հովհաննու Ավետարանի սկիզբը հանդիսացող վերոհիշյալ նախադասությունը: Ցանկացած թարգմանության պարագայում էապես տուժում են լեզվի վերոհիշյալ որակները: Փորձենք աշխարհաբար արտաբերել սույն հոդվածի սկզբում բերված սուրբ Մեսրոպ Մաշտոցի առաջին հայատառ նախադասությունը: Ի սեր Աստծո, ավելի լավ է՝ չփորձենք, նախադասության էությունից քիչ բան կմնա: Ինձ այնպես է թվում, որ հատկապես Տերունական աղոթքի եւ Աստվածաշունչ մատյանի բոլոր քերթվածքների գրաբարն իր մեջ անթեղված պահում ու պահպանում է մեր ուղղափառ դավանանքի բյուրեղացած հիմքերը: Հետեւաբար, դրանք տեսնելով աշխարհաբարի վերածված, ես՝ որպես հայ հավատացյալ, մի տեսակ սրբապղծության զգացողություն եմ ապրում: Այս տեսակետից ես նորից ու նորից խոնարհվում եմ մեր եկեղեցու սուրբ հայրերի անձնուրաց ու բազում սխրանքների առաջ, որոնց շնորհիվ այսօր մեր եկեղեցում իր ամբողջ երաժշտականությամբ հնչում է մեր մայրենին, մեր ոսկեղենիկ գրաբարը՝ առ Աստված հասցնելով մեր ազգի սրտի այսօրվա բաբախումները:

Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ անցանք աշխարհաբար լեզվին: Մի՞թե լուսահոգի Խաչատուր Աբովյանը չգիտեր, թե ինչ բացասական հետեւանքներ կբերի հայ մտավորականին իր մայրենիից, իր արմատից ազատորեն օգտվելու, սնվելու հնարավորությունից զրկվելը: Վերջերս մի շատ հարգարժան ուսուցչուհուց իմացա, որ մեծն Աբովյանն իր «Վերք Հայաստանին» գրել է երեք լեզվով՝ աշխարհաբար, միջին հայերեն եւ գրաբար: Այստեղից պարզ է դառնում մեր մեծ ուսուցչի նպատակը: Ելնելով Հայաստանում այն ժամանակի գրագիտության վիճակից՝ նախ նա իր ընթերցողներին հասու է դարձրել մեր ազգի վիշտը խոսակցականի գրավոր տեսքով՝ միաժամանակ նրանց հնարավորություն ընձեռելով սովորել միջին հայերեն եւ գրաբար:

Լեզու սովորելու ունակությունը շնորհ է եւ Աստվածատուր է: Ինչքան էլ մենք լավացնենք մայրենիի ուսուցումը դպրոցում, միեւնույն է, մայրենի գրական լեզվին շատ լավ տիրապետողների տոկոսային թիվը էապես չի փոխվելու, քանզի շնորհաշատ մարդ ծնվում կամ վերածնվում են եւ ոչ թե՝ դառնում: Այս պարագայում, եթե սկսած առաջին դասարանից՝ մեր դպրոցներում դասավանդվի նաեւ գրաբար՝ որպես երկրորդ կամ առաջին մայրենի լեզու, ապա մեր շնորհաշատ աշակերտները հեշտությամբ կսովորեն այն: Համենայնդեպս, գրաբարի ուսուցումը շատ ավելի դյուրին կլինի, քան որեւէ օտար լեզվի ուսուցումը: Մինչդեռ, այսօր մեզանում օտար լեզուների տիրապետողների թիվն անհամեմատ մեծ է, քան գրաբար լեզվին տիրապետողներինը: Ինչ վերաբերում է լեզու դժվար սովորող աշակերտներին, միեւնույն է, նրանք դժվար են սովորում նաեւ այսօր դասավանդվող մայրենի լեզուն:Այդուհանդերձ, հայոց լեզու եւ գրականություն սովորած աշակերտը, անկախ սովորելու մակարդակից, շատ առումներով հայեցի մտածելակերպ է ձեռք բերում:

Մի պահ, սիրելի ընթերցող, մտովի թերթենք Մատենադարանում պահվող որեւէ քերթվածք: Ամեն թերթին կամ էջի մի կտորին նայելիս ապրում ես ձեռագրի յուրահատուկ գեղեցկությունը, մանրանկարի անկրկնելի ներդաշնակությունն ու պարզությունը, սակայն բառը եւ հնչյունը լռում են՝ գոնե ինձ համար: Լռում է Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը», որն իմ եկեղեցու, իմ դարձի եւ հոգենորոգման պատմությունն է՝ հավատում եմ՝ իր վսեմ գրաբարյան հնչեղությամբ: Լռում է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը», իսկ Երեւանի փողոցներում բզզում են մորմոնիկներ, վկայիկներ, հոգեգալուստիկներ, եղբայրիկներ ու հազար մի տեսակի այլ իկ-եր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել