Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ կարիքներով` առանց պայմանների

Դեկտեմբեր 01,2007 00:00

Որոշ հանրակրթական դպրոցներում ներառական կրթության համար ստեղծված պայմաններ դեռ չկան:

Թիվ 150 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Արտակը դպրոց է գնում սայլակով, թիվ 20 դպրոցի սաներ՝ 2-րդ դասարանցի Լիլիթը, 5-րդ դասարանցի Ռուզաննան ունեն նյարդային համակարգի խանգարման եւ լսողության հետ կապված խնդիրներ: Նրանք, եւ էլի շատերը, որոշ հանրակրթական դպրոցներում սովորում են առողջական որեւէ խնդիր չունեցող երեխաների հետ կողք կողքի՝ նույն դասարանում, այսինքն՝ ստանում են ներառական կրթություն, որի իրականացման համար ԿԳ նախարարի հրամանով ընտրվել է Երեւանի եւ մարզերի 14 դպրոց:

Փորձեցինք պարզել, թե ինչպես է ընթանում կրթական գործընթացն այն դպրոցներում, որոնք բացել են իրենց դռները առողջական խնդիրներ ունեցողների առաջ: Ֆ. Նանսենի անվան թիվ 150 դպրոցում ներկայումս այդ ծրագրով սովորում է 49 երեխա, որոնք ունեն մտավոր, վարքի շեղումներ, հենաշարժողական համակարգի հետ կապված առողջական խնդիրներ: «Ժամանակին մենք նշել ենք համայնքում բնակվող հատուկ կարիք ունեցող երեխաների տվյալները: Ցավոք, երբեմն ծնողները չեն ցանկանում, որ նշվի իրենց երեխայի անունը: Դպրոց բերելիս նրանք խուսափում են բժշկական թղթերում արձանագրել իրենց երեխայի առողջական խնդիրների մասին: Դպրոցում գործող հատուկ մասնագիտական խումբը պարբերաբար դիտարկումներ է իրականացնում աշակերտների շրջանում եւ պատահում է, որ վարքի շեղումներ է հայտնաբերում, բայց երբ բացում են բժշկական թղթերը՝ տեսնում են, որ այնտեղ այդ մասին ոչինչ նշված չէ: Ծնողը չի հասկանում, որ իր խուսափողական մոտեցմամբ երեխայի հիվանդությունն է խորացնում»,- նկատեց թիվ 150 դպրոցի տնօրեն Մանիկ Հայրապետյանը։

Մեր հասարակության՝ ներառական կրթության իրականացման հարցում անպատրաստ լինելու արդյունք է նաեւ այն, որ այդպիսի կրթություն իրականացնող դպրոցներին հաճախ պիտակավորում են որպես՝ «դեբիլների դպրոց»: «Այդպիսի պիտակավորման չարժանանալու համար, նախքան ներառական կրթություն իրականացնելը, բազում միջոցառումներ ենք կազմակերպել: Քննարկումներ ենք ունեցել ծնողների, աշակերտների հետ, նրանց համար ֆիլմեր ցուցադրել: Մեր ուսուցիչները մասնակցել են «Հույսի կամուրջ» հ/կ-ի կազմակերպած սեմինարներին ու վերապատրաստումներին: Դպրոցում ստեղծված է մասնագիտական թիմ, անդամներից մեկն անպայման դասերի ժամանակ հետեւում է ներառական կրթություն ստացող երեխային»,- ասաց տիկ. Հայրապետյանը:

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցն այս տարի է սկսել իրականացնել այսպիսի կրթություն: Այժմ ունի 6 աշակերտ. 2-ը հիվանդ է աուտիզմով, 2-ն ունի լսողական խնդիրներ, 2-ը՝ նյարդային համակարգի: «Միայն աուտիզմով հիվանդ երեխաների հետ են խնդիրներ առաջանում: Գուցե նպատակահարմար չէ՞ նրանց դպրոց բերելը, քանի որ դասի ժամանակ վազվզում են, գնում- գալիս, դասապրոցեսը խանգարում»,- հայտնեց դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը: Նա նաեւ փաստեց, որ դպրոցի աստիճանները դեռ հարմարեցված չեն հատուկ կարիք ունեցող երեխաների համար. «Հատուկ հարթակներ չունենք, ՅՈՒՆԻՍԵՖ-ից պիտի գան կառուցեն: Ներառական կրթություն ստացող երեխաների համար հատուկ դասասենյակ ենք պատրաստելու, որ եթե դասերի ժամանակ իրենց լավ չպահեն՝ հատուկ մանկավարժն այնտեղ աշխատի իրենց հետ»:

Դիլիջանի թիվ 2 դպրոցի շենքային պայմաններն էլ դեռ հարմարեցված չեն ներառական կրթության համար: Այստեղ այդպիսի կրթություն է ստանում 49 երեխա: «Փոխադրամիջոցներ չկան, որոնցով հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաները գան դպրոց: Բացի լսողական, մտավոր, լեզվական խնդիրներ ունեցող երեխաներից, մեզ մոտ սովորում է նաեւ բարդ հիվանդություն ունեցող երկու երեխա՝ ուղեղի մանկական կաթված եւ էպիլեպսիա: Նրանք 4-րդ դասարանցի են»,- տեղեկացրեց դպրոցի տնօրեն Կամո Խաչատրյանը: Այսպիսի երեխաների հետ աշխատելու համար թիվ 2-ում էլ է ստեղծվել հատուկ մանկավարժական խումբ, իսկ լոգոպեդը շաբաթական 3-4 անգամ Երեւանից գալիս աշխատում է նրանց հետ:

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը սահմանում է, որ հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները իրավունք ունեն սովորել հանրակրթական դպրոցներում: Երեւանի թիվ 5 հատուկ դպրոցում ստեղծվել է նաեւ մանկավարժաբժշկահոգեբանական կենտրոն, որն այդ երեխաների շրջանում ստուգումներ է իրականացնում եւ որոշում, թե նրանցից ովքեր կարող են կրթվել հանրակրթական դպրոցներում: Սակայն ցավալին այն է, որ դպրոցի տնօրենները հաճախ այդ երեխաներին ընդունում են ոչ թե մարդասիրական հայացքներին հարելով, այլ լրացուցիչ ֆինանսավորում ստանալու հեռահար նպատակով: Այս փաստը չհերքեց նաեւ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության հատուկ կրթության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել