Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորները «հանգստանում» են

Հունվար 10,2008 00:00

Քաոս՝ արդարադատության համակարգում

Երեկ փորձեցինք շրջայց կազմակերպել Հայաստանի տարածքում գործող առաջին ատյանի, վերաքննիչ քրեական եւ քաղաքացիական, նախկին տնտեսական, այսօր արդեն վարչական դարձած դատարաններում: Ամանորից հետո դատարանները հայտնաբերեցինք դատարկ, քանի որ դատական նիստեր դեռ չեն նշանակվել, մուտքերի ցուցանակներին դեռեւս անցյալ տարվա ժամանակացույցի տվյալներն են: Դատարկ շենքերը պահպանվում են «պետության»՝ ոստիկանների կողմից: Երբեմն-երբեմն շենքում շարժման նշաններ են ցույց տալիս դատական նիստերի քարտուղարները, որոնց փոխանցմամբ էլ դատերը հետաձգվել են այն պատճառաբանությամբ, թե դրանք տեսականորեն հնարավոր է սկսվեն հունվարի 15-ից հետո:

Դատական իշխանության այսպիսի քաոսի պատճառը ՀՀ նախագահի հրամանագրով հունվարի 1-ից ազատված դատավորներն են եւ նոր նշանակված դատավորները, որոնք իրենց լիազորությունները պետք է ստանձնեն հունվարի 15-ին: 15 օրվա պարապուրդի համար (տոնացույցը հանած) որեւէ պատճառաբանություն չկա:

Քաղաքացիներից շատերը չգիտեն անգամ, թե որքան նստավայրեր են ստեղծվել, դռնեդուռ ընկած փնտրում են հնարավոր այն դատարանների շենքերը, որտեղ հանգրվանելու եւ քննության են դրվելու իրենց գործերը:

Շատերը չգիտեն, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի թիվ 25-Լ որոշումը: Ըստ այդ որոշման, սահմանվել են դատարանների նստավայրերը կամ իրավաբանական լեզվով ձեւակերպված՝ «դատավորները բաշխվել են նստավայրերի վրա»: Այս բաշխման գործընթացի ժամանակ տուժել են ազատազրկվածները, որոնց համար մեկ օրն անգամ իմաստ ունի, տուժել են այն քաղաքացիները, որոնք մարզերից գալիս- հասնում են մայրաքաղաք, ժամեր կորցնում, նյարդեր վատնում, իսկ վեճերը չեն լուծված: Էլ չենք խոսում այն մասին, որ նրանց գործերը հնարավոր է քննեն այլ դատավորներ, որոնք նախորդներից ժառանգություն են ստացել կիսատ վարույթներ:

Ըստ էության, ձեւավորվել են 14 դատարանների նստավայրեր. Վարչական, Հյուսիսային քրեական, Հյուսիսային քաղաքացիական եւ Երեւանի մասնագիտացված դատարաններինը, ընդհանուր իրավասության դատարաններինը: Ընդսմին, առաջին ատյանի 17 դատարանների ցուցանակներն առաջիկայում կփոխվեն եւ կկախվեն «Ընդհանուր իրավասության դատարաններ» ցուցանակները: Վերջինների դատական ակտերը կարող են բողոքարկվել՝ առանց մասնագիտացված դատարաններում (նախկին վերաքննիչ) ապացույցների հետազոտման:

Միայն Հյուսիսային քաղաքացիական դատարանն իր նստավայրերը կունենա հանրապետության 6 քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Սեւանում, Աբովյանում, Աշտարակում եւ Ախուրյանում:

Վարչական 6 դատարանները ժամանակավորապես «յոլա կգնան» ընդհանուր իրավասության դատարանների արդեն իսկ գործող շենքերում, հնարավոր է կառուցվեն նոր դատարաններ էլ: Վարչական դատարանները կլինեն Կապանում, Սեւանում, Վեդիում, Էջմիածնում, Գյումրիում եւ Վանաձորում: Դարձյալ 6 քաղաքներում: Մարզային առաջին ատյանի դատարանների հենքի վրա կգործեն ընդհանուր իրավասության դատարանները, որոնք մարզերի յուրաքանչյուր 3 կամ 4 քաղաքներում նստավայրեր կունենան: Փոփոխությունների արդյունքում սնանկության գործեր կլսի միայն Ախուրյանի նստավայրը. այն կսպասարկի Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերին:

Դատավորների շարժի արդյունքում վարչական դատարանի նախագահ է նշանակվել ՀՀ վերաքննիչ դատարանի նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա միաժամանակ «Իմ իրավունքը» հեռուստադատարանի դատավորն է, մեկ այլ՝ միջնորդ դատարանի դատավոր: Արդարադատության նախկին փոխնախարար Աշոտ Աբովյանը (որը հայտնի է ԶԼՄ-ների մասին 2-րդ օրենքի մշակման ժամանակներից) նշանակվել է մայրաքաղաքի վարչական դատարանի նախագահ: Իրավաբանական աշխարհին հայտնի անունները քիչ են: Կին դատավորների թիվն աճել է. այս նոր դատարաններում նշանակվել են 23 կին դատավորներ, նրանց մեջ կան այնպիսիները, որոնք անգամ փաստաբանական գործունեություն չեն ծավալել: Սակայն քավորա-սանիկային հարաբերություններ ունեն հանցաշխարհում հայտնի անունների հետ, որոնց մասին իրենց իսկ հայտարարագրերում հաստատ որեւէ տող չես գտնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել