Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայելին մեղավոր չէ, եթե դեմքը ծուռ է»

Փետրվար 02,2008 00:00

ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը վստահ է, որ սոցիոլոգիական հարցումները ներկայացնում են իրական պատկեր

– Հայտնի է, որ սոցիոլոգիական հարցումներին, այդ թվում նաեւ «Գելափի» տվյալներին որեւէ այլ թեկնածու եւ կուսակցություն չի հավատում, բացի ՀՀԿ-ից:

– Ինձ համար հասկանալի է մեր մրցակիցների «թերահավատությունը», որովհետեւ այն արդյունքները, որ ստացվում են ցանկացած սոցիոլոգիական հարցումներից, ամենեւին այլ թեկնածուների օգտին չեն, այդ պատճառով էլ արդյունքները նրանց դուր չեն գալիս, եւ մարդիկ փորձում են ասել, որ հարցումները կեղծված են ու իրականությանը չեն համապատասխանում: Սոցիոլոգիան հասարակական կարծիքի հայելին է, եւ եթե որեւէ մեկը նայում է այդ հայելուն եւ այնտեղ իր սրտի ուզածը չի տեսնում, սկսում է մտածել, որ մեղավորը հայելին է: Սակայն պարզ է, որ իրականում հայելին մեղավոր չէ: Տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքների մասին թերահավատորեն արտահայտվողները ներքուստ համոզված են, որ դրանց արդյունքները ճիշտ են, եւ դրանում համոզվում են նաեւ հասարակության հետ իրենց հանդիպումներում: Ի դեպ, այդ հանդիպումները կարելի է սոցիոլոգիական հարցման ձեւ համարել: Նայելով, թե տվյալ թեկնածուի հրավիրած հանրահավաքին քանի մարդ է հավաքվում, ինչ վերաբերմունք են դրսեւորում մարդիկ տվյալ թեկնածուի հանդեպ, ինչպիսի ոգեւորությամբ են դիմավորում, կարող ես գնահատել նրա վարկանիշը: Ուզում եմ հիշեցնել, որ նույն հարցումների հանդեպ թերահավատ վերաբերմունք կար նաեւ մայիսին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, ոմանք առիթը բաց չէին թողնում ասելու, որ կատարվող հարցումները սխալ են, որ Հանրապետականը առաջին տեղում չէ եւ այլն: Սակայն տեղի ունեցան ընտրություններ, եւ դրանց արդյունքները ցույց տվեցին, որ նման կարծիք արտահայտողները չարաչար սխալվում են, այսինքն՝ նույն «Գելափը» այն ժամանակ էլ էր ճիշտ եւ հիմա էլ է ճիշտ, եւ որեւէ մեկը իրավունք չունի այս հեղինակավոր կառույցի աշխատանքը կասկածի տակ դնել, մանավանդ՝ այն կատարվում է միջազգային հեղինակավոր ինստիտուտի պատվերով, եւ, ամենակարեւորը, տվյալները այստեղից անմիջապես մուտքագրվում են, մշակումը տեղի է ունենում երկրից դուրս, եւ իրավունք չունեն մեղադրելու, որ հնարավոր է ձեւափոխումների ենթարկել այդ տվյալները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել