Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխական իրավիճակ չկա

Փետրվար 09,2008 00:00

Այս կարծիքին է Վազգեն Մանուկյանը

«Զարմանալի է, նույնիսկ երիտասարդները՝ միջազգային կրթություն ստացած եւ այլն, նույնպես խարսխվում են անձի վրա: Կարեւոր չէ՝ լինեմ դա ես, Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե… Ուրիշ, որ ասեն, թե այս անձի միջոցով են ամենալավը տեսնում. բայց այդ սիրահարվածությունը, թերություններ չտեսնելը, թույնն ու կեղտոտությունը ներելը՝ ես չեմ հասկանում»,- երեկ Քաղաքացիական հասարակության ինստիտուտում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ թե ընտրությունները մեզանում ավելի շատ անձնավորվա՞ծ են, ասաց ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նա կես-կատակ, կես-լուրջ հավելեց, սակայն, որ իր կուսակցությունում իր անձին սիրահարված ոչ կին կա, ոչ էլ տղամարդ: Նախագահի թեկնածուն գտնում է, որ էլիտար մասսան (խոսքը ջիպավոր «էլիտայի» մասին չէ) պետք է ուղղորդի հասարակությանը, ինչը մեզանում չկա: Երիտասարդներին հուզում էր նաեւ, թե նախագահ դառնալու դեպքում Վազգեն Մանուկյանը կկատարի՞ համակարգային փոփոխությունների իր ծրագրային խոստումը: «Ես իշխանության մեջ եղել եմ եւ կյանքը ցույց է տվել, որ չեմ գայթակղվում: Ճիշտ ժամանակին կարողանում եմ դուրս գալ»,- ասաց ԱԺՄ ղեկավարը՝ հավաստիացնելով, որ ինքը վճռական է իր ծրագիրը կյանքի կոչելու մեջ:

«Մարդկանց 10-15 տոկոսն այնքան դժգոհ է, որ նույնիսկ չեն ուզում մտածել, թե փոփոխությունից հետո ինչ կլինի. վրեժի բան կա եւ կան թեկնածուներ, որ դրա վրա լավ խաղում են: Մոտավորապես այդքան մարդ էլ ասում է՝ իշխանությունը վատն է, բայց մի քիչ սկսել ենք ապրել: 70 տոկոսն էլ դժգոհ է, բայց հեղափոխության կողմնակից չէ: Նրանք կցանկանան լիներ մի իրավիճակ, որը լավ ճանապարհ կբացի ու իրենք էլ կգնան դրա ետեւից: Չնայած հեղափոխության մասին շատ են խոսում, բայց ես այս պահին դրա հնարավորությունը շատ փոքր եմ գնահատում»,- ի պատասխան Հայաստանում հնարավոր հեղափոխության մասին հարցի էլ՝ ասաց նախագահի թեկնածուն:

Նա համառոտ ներկայացրեց նաեւ իր ծրագրային մոտեցումները կրթական, առողջապահական, սոցիալական ոլորտներում՝ հիմնական շեշտադրումը կատարելով տնտեսության զարգացմանը եւ դրա քաղաքական մոտեցումներին: Ի դեպ, նա նաեւ նշեց, որ պրոֆեսիոնալ բանակ ունենալը, ինչը որոշ թեկնածուներ այսօր դրոշ են դարձրել, ԱԺՄ-ի ծրագրում եղել է դեռ 1996 թվականից՝ իր պաշտպանության նախարար եղած փորձի արդյունքում: Ամբողջ ժողովրդի համար պետք է լինի զինվորական պատրաստության պետական ծրագիր, ինչպես նաեւ՝ պրոֆեսիոնալ բանակի ստեղծում եւ զինակոչիկներից կազմված բանակ՝ 1-1,5 տարի ծառայության ժամկետով: Սա պոպուլիզմ չորակելու համար, Վազգեն Մանուկյանն ասում է, որ ուղղվածությունը պիտի այսպիսին վերցնել, արդյունքները կլինեն շատ ավելի ուշ: Ներկայիս տնտեսական հարաբերությունները թեկնածուն համարում է՝ «լեյտենանտ Շմիդտի որդիների մեջ պայմանավորվածություն», ինչի խախտման եւ դրա հետեւանքների վառ դրսեւորումը ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) շուրջ զարգացումերն էին: Պրն Մանուկյանը գտնում է, որ մեր օլիգարխների մակարդակը չի ներում համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու համար, ինչպես նաեւ՝ «ճահճում լողալ իմացողն օվկիանոսում չի կարող լողալ» եւ դրամի արժեւորումն էլ իր հերթին անիմաստ է դարձնում էքսպորտը: «Ի՞նչ պիտի անեն իրենք շնաձկներով. պիտի իջնեն ու սկսեն ավելի փոքրերին հոշոտել: Առաջիկա տարիներին Հայաստանում այդ պրոցեսն է գնալու»,- կանխատեսում է նախագահի թեկնածուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել