Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կուսություն եմ սիրում»

Փետրվար 17,2008 00:00

\"\"Քաղաքականության մասին խոսելիս ասաց Կարապետիչը

«Իմ այսօրվա հանրահավաքի ժամին Օպերայի մոտ հանրահավաք է անելու նաեւ Սերժ Սարգսյանը, բայց հույս ունեմ, որ կուսակիցներս ու համախոհներս կգնան ոչ թե Օպերա, այլ Մատենադարան՝ ինձ լսելու: Մտածում եմ, որ Սերժ Սարգսյանը ոչ թե ինձ կխանգարի, այլ կընդգծի, թե կա այլընտրանք՝ ի դեմս ինձ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: «Այսօր գյուղերում մշակույթ գոյություն չունի: Այն կենտրոնացված է Երեւանում, որովհետեւ մշակույթի կարկառուն դեմքերից շատերը սատարում են իշխանությանը: Նրանք ազատ չեն, իսկ եթե չկա ազատություն, չկա մշակույթ, չկա ապագա»,- ասաց «ադամանդներ» շնորհող ու գյուղական մշակույթին յուրովի զարկ տվող նախագահի թեկնածուն: Տ. Կարապետյանը դեռ հավատում է, որ ժողովուրդն իրեն սիրում է. «Քաղաքական գործիչները հաճախ ասում են, թե սերը քաղաքական կատեգորիա չէ, որովհետեւ իրենց երբեք չեն սիրել: Այ, եթե մի օր իրենց էլ սիրեն, այդ քաղցրությունը կտեսնեն, արդեն կհամոզվեն, որ սերն էլ է քաղաքական կատեգորիա»:

Հարցին, թե ի՞նչ կարծիքի է Տ. Կարապետյանը քաղաքական վերջին զարգացումների մասին, երբ հասարակությունը հիմնականում բեւեռացված է երկու թեկնածուների՝ Ս. Սարգսյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի շուրջ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ թե հասարակությունն է բեւեռացվել այդ թեկնածուների շուրջ, այլ հասարակության ծայրահեղ զանգվածները: Բուն ժողովուրդը չի բեւեռացվում, սթրեսներ չի ուզում: Այժմ ստեղծվել է բարդ մթնոլորտ: Եթե կանխավ ասում են, թե ընտրությունները կեղծվելու են, ուրեմն ձգտում են իրավիճակը լարել: Իսկ եթե լարեն, ապա արյուն կթափվի, արդյունքում կուրախանան Ադրբեջանն ու մեր չուզողները»: Տ. Կարապետյանի համոզմամբ, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չընտրվի, վտանգավոր հետեւանքներ չեն լինի, իսկ այ, Սերժ Սարգսյանի չընտրվելու դեպքում. «Ասել են, որ մարդիկ կհայտնվեն ճաղերի հետեւում: Հաստատ ինչ-որ գործողություններ կլինեն… Մյուս կողմից, ով ուզում է՝ թող ընտրվի, կոնկրետ ինձ համար ոչինչ չի փոխվելու… Պիտի շատ-շատ լիցենզիաս ձեռքիցս վերցնեն, է, թող վերցնեն: Ի՞նչ է, առանց դրա չե՞մ ապրի, թե չէ՝ փող չունե՞մ: Ամեն աշխատանք էլ կանեմ: Օրինակ, ՍԻՄ-ի Հրանտ Խաչատրյանը ժամանակին ասում էր՝ կգնամ էլեկտրիկ կաշխատեմ: Մինչեւ հիմա դրանցից մեկը էլեկտրիկ չաշխատեց, կամ էլ էն Սադոյանը, որ ասում էր գիտնական եմ, չգնա՞ց «Լֆիկի» օգնական»:

Դիտարկմանը, թե իրեն համարում են իշխանությունների «մարդ», Կարապետիչը պատասխանեց. «Ասողը թող նախ հիմնավորի: Ես կենտրոնամետ եմ: Օրինակ, Արտաշես Գեղամյանը ժամանակին ուրիշին մեղադրում էր, բա ինքը ինչո՞ւ չմիացավ: Այսօր էլ խոսում են Արթուր Բաղդասարյանի մասին, որովհետեւ չի միանում Տեր-Պետրոսյանին: Ինչո՞ւ պիտի ես միանամ մեկին, որ իմ մասին լա՞վ խոսեն… Ես իշխանության հետ կապ ունեմ այնքանով, որքանով իրենք մեր իշխանությունն են: Ասեմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը խելո՞ք է: Խելոք լիներ՝ Քոչարյանին ու Սերժին չէր բերի: Հինգ տարի առաջ ես կարող էի մտնել ՀՀԿ: Ինձ ձեռքով-ոտքով՝ իմ TV-ի հետ սիրով կվերցնեին ու հիմա էլ իրենց կարկառուն դեմքերից մեկը կլինեի: Բայց ես չեմ եկել Երեւան դիրք գրավելու համար, ինձ պետք չի»:

Հարցին՝ այնուամենայնիվ, հոգու խորքում ո՞ւմ կտար ձայնը, եթե սովորական ընտրող լիներ, Տ. Կարապետյանը պատասխանեց. «Այդպիսի մարդ չկա: Բոլորս էլ գիտենք, որ Լեւոնին ձայն են տալու ընդդեմ Սերժի, իսկ կոնկրետ ես՝ քաղաքականության մեջ սիրում եմ կուսություն: Չնայած հնարավոր է, որ Լեւոնը որպես անձ շատ էլ լավ մարդ է… Մյուս կողմից ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը ունեն իրենց օլիգարխները, իրենց բարքերը, կարողությունը, իսկ ես այստեղ մի կոպեկ չեմ աշխատել: Ի տարբերություն մյուսների, որոնցից մեկի մեջքին դատախազն է, մյուսինը՝ նախագահի կինը, երրորդինը՝ մեկ ուրիշը, ես իմ յուղով եմ տապակվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել