«Հայկ Հայրապետյանն իմ մանկության ու երիտասարդության ընկերս է եղել: Նրա եղբոր՝ Սերգոյի հետ էլ էինք մտերիմ: Իմ ընկերը, որ Լենինգրադից եկավ, իմացել էր, որ այդտեղ մի հին ամրոց կա: Գնացել, տեսել էր, եկավ ու ասաց՝ գյումրեցիներին նվեր ունի՝ համերգային սրահ, ժամանցային ինչ-որ բան: Ինքը ժամանակին երգում էր անսամբլում: Գնացինք, տեսանք իրար հետ, շատ հավանեց, ճիշտ է՝ այդ ամրոցը քանդված վիճակում էր: Միտքը ծագեց, որ այստեղ կարելի է համերգային սրահ բացել: Այսինքն՝ ներդրում էր ուզում անել, ու արեց»,- այսօր դատարանում, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նիստի ժամանակ պատմեց գործով վկա Տիգրան Պետրոսյանը։
Գյումրու «Սեւ բերդ» ամրոցը, որի մասնավորեցման գործընթացի համար նախագահ Սարգսյանի նկատմամբ հերթական քրեական հետապնդումն է հարուցվել, ձեռք է բերվել Տիգրան Պետրոսյանի անունով, քանի որ ռուսաստանցի գործարար իր ընկերները ՌԴ քաղաքացի են եղել եւ այդ շրջանի սահմանափակումների համաձայն, չէին կարող Հայաստանում գույք ձեռք բերել։
Կարդացեք նաև
«Առուվաճառքի պայմանագիր եմ ստորագրել: Վաճառող կողմը չեմ կարող ասել, զինվորական էր ոնց որ, չեմ էլ հիշում։ Չեմ էլ նայել, ում է պատկանում, ստորագրել ու դուրս եմ եկել: Ինչ-որ զինված ուժերի ներկայացուցիչ էր, եթե չեմ սխալվում»,- ասաց վկան՝ հավելելով, որ Հայկ Հայրապետյանի հետ մի քանի անգամ ՊՆ է գնացել, ինքը դրսում է սպասել, Հայկը մտել է նախարարության շենք՝ հանդիպման։ Բայց ինքը չի հետաքրքրվել՝ ո՞ւմ հետ եւ ի՞նչ հանդիպում է նա ունեցել։
Հաշվի առնելով, որ 20 տարի անցել է, վկան ասաց, որ շատ մանրամասներ արդեն չի հիշում։
Հարցին՝ երբ Հայկը ՊՆ շենքից դուրս եկավ, ասա՞ց, որ հանդիպել է, օրինակ, Սերժ Սարգսյանին կամ փոխնախարարին, վկան պատասխանեց․ «Չէ, այդպիսի բան չկա: Հին առաջարկ էր, պայմանավորվել էին: Ասաց՝ համաձայնել են, գնանք փողը վերցնենք ու գործը անենք»։
Հանրային մեղադրողը հայտարարեց, որ հակասություններ կան վկայի նախաքննական ցուցմունքներում։ Վկան ասել էր․ «Նշում եք, որ դուք նախկինում՝ 2020 թվականին եք հարցաքննվել նախաքննության ընթացքում, ի թիվս այլնի հայտնել եք հետևյալը. մի որոշ ժամանակ անց հանդիպեցի Հայկ Հայրապետյանի հետ, և նա ինձ հայտնեց, որ այդ ամրոցը ցանկանում է գրել իմ անունով, քանի որ ինքը ՀՀ քաղաքացի չէր: Դրանից հետո գնացել ենք միասին Հայկ Հայրապետյանի հետ Պաշտպանության նախարարություն և այնտեղ մի քանի փաստաթուղթ եմ ստորագրել»։ Հարց է տրվել, թե ինչ փաստաթղթեր են, նշել եք, որ չեք հիշում: Չգիտեմ, չեմ հիշում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
























































