Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Մարտ 21,2008 00:00

\"\"Մի հրապարակման մեջ անհնար է ներկայացնել այն բոլոր հետապնդումները, որոնք ընդդիմադիրների նկատմամբ ծավալվել են վերջին 20 օրերին:

Արտակարգ դրության վերացումից առաջ

Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը մարտի 18-ին տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես նշված է. «Վերջին օրերի ընթացքում իրավապահ մարմիններն ավելի են մեծացրել իրենց ապօրինի գործողությունների շրջանակը եւ ծավալները Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նկատմամբ: Առանց օրենքով նախատեսված հատուկ գրավոր ծանուցման՝ դատախազության, ԱԱԾ եւ ոստիկանության բաժանմունքներ են «հրավիրում» կամ բռնությամբ բերման են ենթարկում տասնյակ քաղաքացիների, նրանց ենթարկելով հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների: Նման տեղեկություններ ունենք մասնավորապես Երեւանի Էրեբունու, Կենտրոնի, Շահումյանի, Շենգավիթի, ինչպես նաեւ՝ Մասիսի, Հրազդանի, Եղվարդի, Ապարանի, Կապանի, Նոր-Հաճնի համապատասխան բաժինների մասին: Քաղաքացիների հետ «զրույցներն» ըստ էության վերածվում են հարցաքննությունների, որոնց ընթացքում ոչ միայն փորձում են պարզել տվյալ քաղաքացու մասնակցությունը ընտրություններին եւ հետագա հանրահավաքներին, այլ նաեւ կեղծ ցուցմունքներ կորզել հանրահավաքների կազմակերպիչների դեմ: Ապա նրանց ստիպում են ինչ-որ ապօրինի պարտավորագրեր ստորագրել այն մասին, որ իրենք այլեւս չեն մասնակցի որեւէ հանրահավաքի եւ քաղաքական միջոցառման»:

Աննախադեպ ծավալի «վհուկների որս»

Այսպես էր գնահատված իրավիճակը Համաժողովրդական շարժման կենտրոնի ավելի վաղ՝ մարտի 17-ին հրապարակած հայտարարության մեջ, որում նաեւ ներկայացված էր հետապնդումների հետեւանքով ստեղծված ամփոփ պատկերը. «Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական կենտրոնական շտաբի 9 անդամներից 3-ը ձերբակալված են, 3-ը գտնվում են հետախուզման մեջ: Գործնականում անհնար է դարձված կուսակցությունների գործունեությունը. ՀՀՇ վարչության 25 անդամներից 8 հոգի ձերբակալված են, 11-ը գտնվում են հետախուզման մեջ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի 11 անդամներից ձերբակալված կամ հետախուզման մեջ են 7 հոգի: Նույնն է վիճակը Հայաստանի առաջին նախագահին սատարող երկու տասնյակ մյուս կուսակցությունների եւ կազմակերպությունների դեպքում. շարունակվում են նրանց ղեկավարների, գործուն անդամների ձերբակալությունները, ահաբեկումները ու հետապնդումները: 700-ից ավելի մարդիկ բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ, ԱԱԾ եւ դատախազություն, ենթարկվել բազմաբնույթ ճնշումների: Նախընտրական շտաբների ղեկավարներից ու անդամներից ձերբակալվել են 210 հոգի, որոնցից 90-ի նկատմամբ սահմանվել է կալանք եւ գործեր են հարուցվել»:

Տվյալներն անընդհատ փոխվում են: Եվ մարտի 19-ին գլխավոր դատախազությունը հրապարակեց կալանավորների ավելի մեծ թիվ՝ 106 հոգի:

Սպառնալիքներ

հանրահավաքների հայտ ներկայացնողներին

Վերոհիշյալ հայտարարության մեջ հիշատակում կար, որ հանրահավաքի հայտ ներկայացրած ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին անմիջապես դատախազություն են հրավիրել ու «նրան բազմանշանակ զգուշացումներ են արել»: Նույնպիսի հայտ ներկայացրած «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանն անանուն զանգեր է ստացել ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով: Համացանցում հրապարակվել է Արտակ Զեյնալյանի պատմածը, որ մարտի 11-ի երեկոյան անհայտ անձը զանգահարել էր «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ եւ սպառնալիքներ տեղացել իր հասցեին. «Նախ ճշտեցին՝ ես եմ, թե ոչ: Հետո ասացին՝ եթե չեմ ուզում ինձ հետ վատ բան պատահի, տանից դուրս չգամ, եւ սկսեցին հայհոյել, ինչը ես բնականաբար ընդհատեցի»: 20 րոպե անց զանգահարել են Զեյնալյանի տուն եւ սպառնացել կնոջը, թե Արտակին ասա՝ եթե չի ուզում իր հետ վատ բան պատահի, թող տանից դուրս չգա:

Արտակ Զեյնալյանը նախօրեին դիմում էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարան՝ մարտի 21-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի մասին իրազեկելու համար: Նրա դիմումը մերժել էին՝ հիմնավորմամբ, թե «առկա են հավաստի տվյալներ, որ նշված օրը, ժամին եւ նշված վայրում՝ մայրաքաղաքի վարչական տարածքում անցկացվող միջոցառումն էական վտանգ է սպառնում մարդկանց կյանքին եւ առողջությանը»: Եվ հաջորդած սպառնալիքները պրն Զեյնալյանը կապել էր հենց այս փաստի հետ՝ նշելով, թե իրեն փորձում են վախեցնել, որ հետամուտ չլինի քաղաքապետարան դիմելու հարցում՝ հանրահավաքների համար թույլտվություն ստանալու:

Նա նաեւ նախապատրաստել է հաղորդում հանցագործության մասին՝ ուղղված դատախազությանը, ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին, որով խնդրել է բացահայտել հանցագործությունը եւ ապահովել իր եւ ընտանիքի անվտանգությունը:

Բողոքները մնում են

անհետեւանք

Մարտի 3-ին ձերբակալվել էին ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը եւ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, որոնք երկուսն էլ հայտարարել էին հացադուլ: Հացադուլը դադարեցրին 3 օրից: Նրանց մեղադրանք առաջադրվեց պետական իշխանությունը սահմանադրական կարգի խախտմամբ, բռնություններով յուրացնելուն ուղղված գործողություններ անելու վերաբերյալ: Կարապետ Ռուբինյանի ընտանիքի անդամներն «Առավոտին» հայտնեցին, որ նախագահական վերջին ընտրությունների ժամանակ նա ընդամենը մասնակցում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի Շենգավիթի նախընտրական շտաբի աշխատանքներին, իսկ հանրահավաքներին ներկա է եղել է միայն որպես շարքային մասնակից՝ ոչ մի ելույթ չի ունեցել, ուստի որեւէ հիմք չկար նրան նման մեղադրանք առաջադրելու: Արդեն մարտի 4-ին Կարապետ Ռուբինյանի ընտանիքը դիմել էր դատախազությանը, Մարդու իրավունքների պաշտպանին եւ այլն: Հետո Կարապետ Ռուբինյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էին վերաքննիչ դատարան: Սակայն բողոքն անգամ չէին վերցրել քննության՝ նշելով, թե այն անհիմն է:

Ի դեպ, եւս մի հանգամանք: Մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ կալանավորվածների հետ տեսակցություններն արգելված են, եւ նրանց չի թույլատրվում օգտվել նաեւ հեռախոսազանգեր կատարելու իրավունքից:

Վկայություններ

խոշտանգումների մասին

Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տարածած տեղեկության համաձայն՝ ԵԿՄ անդամ Խաչիկ Գասպարյանին ձերբակալելուց հետո ոստիկանության աշխատակիցները նրան ծեծի էին ենթարկել՝ հասցնելով մարմնական ծանր վնասվածքներ: Եվ այժմ Գասպարյանն առողջական լուրջ պրոբլեմներով գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբերը մարտի 14-ին եւ 17-ին այցելել էին «Նուբարաշեն» ՔԿՀ՝ հետընտրական շրջանում կալանավորված անձանց հետ հանդիպելու նպատակով Պաշտպանի կայքէջում մարտի 19-ին հրապարակված հաղորդագրության համաձայն՝ աշխատանքային խմբերը հանդիպել էին 24 կալանավորների, որոնցից մեկը «հայտնել է, որ փաստաբան չունի, սակայն պահանջել է: Նշել է նաեւ, որ իրեն ստիպել են հրաժարվել փաստաբանից: Մեկ այլ կալանավորված քաղաքացի նշել է, որ երբ դիմում է փաստաբանի հետ հանդիպելու խնդրանքով՝ իր դիմումին ընթացք են տալիս օրեր անց, այսինքն՝ ըստ նրա, փաստաբանի ներկայությունը պատշաճ կերպով չի ապահովվում: 3-ը հայտնել են, որ նախկինում հրաժարվել են փաստաբանից, սակայն այժմ ցանկություն են հայտնել ունենալ: Կալանավորված անձանցից 9-ը նաեւ հայտնել են, որ բերման ենթարկելուց հետո իրենց համապատասխան կարգավիճակ է տրվել քրեադատավարական նորմերով նախատեսված ժամկետների կոպիտ խախտումներով:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված անձանցից 2-ը հայտնել են, որ բերման ենթարկելիս կամ ոստիկանության բաժիններում իրենց գտնվելու ընթացքում ենթարկվել են խոշտանգումների:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված անձանցից մեկը հաշմանդամ է /խուլ եւ համր/: Ըստ իր խցակցի, նա կալանավորված է մարտի 1-ի իրադարձությունների համար»: Ի դեպ, այս տեղեկությունը երեկ հաստատեց նաեւ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբն ավելի վաղ՝ մարտի 11-ին, այցելել էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ եւս մի կալանավոր էր հայտնել, թե «բերման ենթարկելիս եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնում իրեն ենթարկել են խոշտանգումների: 02.03.08թ-ին իրեն տրվել է դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ ուղեգիր, որը տրվել է դատաբժշկին 06.03.08թ-ին, սակայն վերջինս այցելել եւ զննել է 10.03.08թ.-ին»: Այսինքն՝ իրավապահները սպասել են, մինչեւ վերանան խոշտանգումների հետքերը:

Լրագրողներին էլ են հետապնդում

Չնայած միջազգային հանրության բազմակի հորդորներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ձերբակալությունները շարունակվում են, եւ ամեն օր հայտնի են դառնում նոր բերման ենթարկվածների ու կալանավորվածների անուններ: Իրավապահները չեն խորշում բերման ենթարկել նաեւ լրագրողներին: Ասենք, մարտի 18-ին բերման էր ենթարկվել «Հայք» օրաթերթի թղթակից Արտակ Եղիազարյանը, որը հանրահավաքներին մասնակցել էր դրանք լուսաբանելու համար:

Իսկ «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին առանց ծանուցագրի տարել էին ոստիկանություն մարտի 16-ին՝ փորձելով մեղադրել ոստիկաններին դիմադրություն ցույց տալու եւ մարտի 1-ի գործողություններին ակտիվորեն մասնակցելու մեջ: Սամվել Ալեքսանյանը հրաժարվել էր՝ պնդելով, թե մարտի 1-ին ինքը Գորիսում է եղել: Մի քանի ժամ պահել էին՝ բացատրություն վերցնելով, թե նախընտրական ու հետընտրական շրջանում ի՛նչ է արել, որտե՛ղ է եղել, ե՛րբ եւ ինչո՛ւ է գնացել Երեւան: Բաց են թողել գիշերը, եւ լրագրողը ստորագրել է, որ ինքը բերման է ենթարկվել մարտի 1-ի իրադարձություններին մասնակցելու կասկածանքով: Ոստիկանությունում պնդել են՝ իբր լուսանկարներ ունեն, որոնք ապացուցում են, թե այդ օրը նա եղել է Երեւանում: «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը մեր զրույցի ընթացքում պատմեց, որ այդ լուսանկարներն իրեն այդպես էլ չեն ցույց տվել, մինչդեռ բազմաթիվ վկաներ կան, որ ինքն այդ օրը եղել է Գորիսում: «Կասկածում եք՝ ապացուցեք» հորդորը մնացել է անարձագանք:

Պատասխանատվություն ցույցերի մասնակցելու համար

Կանանց տոնի օրը՝ մարտի 8-ին, գլխավոր դատախազություն էր հրավիրվել ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը: Նա «Ազատություն» ռ/կ-ին իրեն ուղղված հարցերի շրջանակի վերաբերյալ պատմել էր. «Անընդհատ պնդում էին մասնակցությունը «ապօրինի»՝ ինչպես իրենք էին արտահայտվում, հանրահավաքներին, երթերին եւ այլն: Ես հակադարձում էի, որ Սահմանադրությամբ հռչակված է ազատ երթերի եւ հանրահավաքների, զանգվածային միջոցառումների իրավունք, եւ ես իրականացրել եմ իմ իրավունքը, իսկ «ապօրինի հանրահավաք» հասկացություն Հայաստանի օրենքում չկա: Բացի այդ, հետաքրքրվում էին՝ ո՛ր օրը ո՛ր ժամին որտե՛ղ եմ եղել, ի՛նչ եմ տեսել»: Ռուզան Խաչատրյանը պատմել էր մի դրվագի մասին, որին ինքն ականատես էր դարձել. «Ցուցարարների մի խումբ բերեց տոպրակ, որի մեջ շշեր էին՝ բենզինով լցված, եւ ասացին, որ առգրավել են այդ տոպրակը ոստիկանության մեքենայից»:

Մարտի 14-ին ոստիկանություն էր հրավիրվել տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը եւ նրան հայտնել էին, թե մտադիր են տույժի ենթարկել՝ չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար: «Ես ասել եմ, որ մասնակցել եմ հանրահավաքներին նաեւ այլընտրանքային տեղեկատվություն ստանալու համար, եւ դա իմ սահմանադրական իրավունքն է: Բայց ինձ ասել են, որ հանրահավաքները արտոնված չեն եղել, եւ ես ենթարկվելու եմ վարչական տույժի»,- Էդուարդ Աղաջանովին ոստիկանությունում հայտնել էին, թե համապատասխան փաստաթղթերն ուղարկելու են վարչական դատարան: Երեկ պրն Աղաջանովը հայտնեց «Առավոտին», որ առայժմ որեւէ տեղեկություն չունի դատարանից, սակայն արդեն իսկ տեղյակ է, որ իրեն մտադիր են պատասխանատվության ենթարկել «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածով՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգը խախտելը»: Հանրահավաքի շարքային մասնակցին այսպիսով ցանկանում են պատասխանատվության ենթարկել մի հոդվածով, որը սահմանում է. «Հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված դեպքերում ընդունված որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով»:

Հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգիրքն ընդունվել է դեռ խորհրդային տարիներին՝ 1985-ի դեկտեմբերին: Եվ շատ խորհրդանշական է, որ այն շարունակվում է կիրառվել նաեւ այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31