Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ

Ապրիլ 19,2008 00:00

ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության այն անդամների մասին, որոնք ընդունում են Հայաստանում խնդիրների առկայությունը՝ ասում է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, որը Ստրասբուրգում հանդիպել էր նաեւ մեր պատվիրակությանը:

– Ինչո՞ւ եք կարծում, թե քաղբանտարկյալներ բնորոշման փոխարեն «քաղաքական հիմքերով ձերբակալված» արտահայտությունը Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւում օգտագործելն արվել է հայկական պատվիրակության հուշումով:

– Այո՛. դա արվել է Հայաստանի լոբբինգով, որ հանկարծ չօգտագործվի նման բնորոշում: Մեր պատվիրակության մեծ մասը, չգիտես ինչու, մի բարդույթ ունի, որ եթե հանկարծ բանաձեւում օգտագործվի «քաղբանտարկյալ» բնորոշումը՝ մենք մեր վարկը, հեղինակությունը կիջեցնենք Ադրբեջանի մակարդակին, եւ ամոթ է Հայաստանի համար, որ մենք համարվենք Ադրբեջանի նման պետություն: Սակայն ես սխալ եմ համարում այն մարդկանց մոտեցումը, որոնք գտնում էին, որ եթե այստեղ ընդունվի «լավ» բանաձեւ՝ օգտակար է Հայաստանի համար: (Նշենք, որ պրն Իգիթյանի հետ զրույցը կայացել է մինչեւ Ստրասբուրգից նրա մեկնելը՝ ապրիլի 15-ին. –Ա.Ի.): Երկու տիպի հակաժողովրդավարական երկրներ կան. առաջինը՝ երկրներ, որոնք խնդիրներ ունեն եւ փորձում են դրանք շտկել, 2-րդը՝ երկրներ, որոնց շարքին այժմ դասվում է Հայաստանը. նրանք փորձում են քողարկել իրենց ունեցած խնդիրները եւ իմիտացիա անել, թե մեզ մոտ ավելի լավ է: Ահա սա շատ լավ հասկանում են այստեղ՝ հատկապես արեւելյան ճամբարի երկրների ներկայացուցիչները:

– Դուք չե՞ք հավատում մեր պատվիրակության իշխանական անդամների անկեղծությանը, երբ նրանք հայտարարում են, թե իրենք էլ են ընդունում, որ մեր երկրում խնդիրներ կան, որ Հայաստանում առկա է ժողովրդավարական դիրքերից նահանջ ու չեն փորձելու կոծկել դա՝ ուղղակի խնդիրը միայն ձեւակերպումներն են:

– Ես հավատում եմ, թե որպես անհատներ՝ պատվիրակության անդամները հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել ու նույնիսկ փորձում են ինչ-որ բան անել: Բայց գտնում եք, թե Հայաստանում ընդհանրապես ԱԺ-ն որեւէ դե՞ր ունի: Այս խորհրդարա՞նը, որը, ըստ էության՝ առանց քննարկելու ընդունեց, թե իրենց գործընկերները, որոնք 10 տարի իրենց կողքին էին՝ հանկարծ մի օրում դարձել են հանցագործներ, ապօրինի զենք պահեստավորողներ եւ այլն: Ես չեմ կարծում, թե այս մարդիկ կա՛մ ինքնուրույն են, կա՛մ գոնե հնարավորություն ունեն ազդելու:

– Ի դեպ, մարտի 1-ից հետո Դուք կարծես նույնպես թաքնվում էիք: Ինչո՞ւ որոշեցիք, որ Ստրասբուրգից չեք վերադառնալու Հայաստան:

– Համարում եմ, որ ես ու բոլոր իմ ընկերները չունենք օրենքի հետ որեւէ խնդիր: Բայց Հայաստանի ներկա իրողությունների պայմաններում՝ երեւի 2 տարբերակ կար. կա՛մ ես պետք է հայտնվեի բանտում՝ իմ ընկերների հետ, եւ երեւի դա բարոյապես ավելի ճիշտ էր, կա՛մ էլ հայտնվեի Եվրոպայում եւ օգտագործեի իմ բոլոր կապերը, որոնք ունեցել եմ այստեղ՝ այս հարցն արծարծելու համար: Այս պահին ընտրել եմ երկրորդ տարբերակը, իսկ առաջինը՝ վերադառնալը, միշտ էլ կարելի է: Թեկուզ հենց հիմա կարող եմ վերադառնալ Հայաստան ու հայտնվել ընկերներիս կողքին: Բայց դեռ անելիք ունեմ այստեղ ու շարունակելու եմ: Այն բոլոր կապերը, որոնք ժամանակին օգտագործել եմ Ղարաբաղի հարցը հայանպաստ տարբերակով լուծելու համար՝ հիմա օգտագործում եմ իմ ընկերներին ազատելու համար:

– Ինչպե՞ս եք բացատրում այն իրողությունը, որ հետապնդումների սլաքն ուղղվեց գերազանցապես Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական արշավում ընդգրկվածների վրա, եւ ոչ այնքան այն անձանց, ովքեր առիթից օգտվելով՝ մարտի 1-ին խանութներ էին կողոպտում եւ այլն:

– Այո, դա փաստ է: Ես առիթ չեմ ունեցել «ընդհատակից» դա ասելու եւ այժմ մի քիչ ուշացումով նշեմ այն, ինչ ասում էի նաեւ Ստրասբուրգում: Մարդիկ հարցնում էին՝ ինչո՞ւ եղավ մարտի 1-ը, ինչո՞ւ իշխանությունը գնաց այդ քայլին: Ես բացատրում եմ, որ նախագահական ընտրություններից հետո հանրահավաքներին մասնակցող մարդկանց քանակն ամեն օր ավելանում էր, եւ մարտի 1-ից մի քանի օր առաջ ստացվեց, որ Երեւանի փողոցներում եղած մարդկանց քանակն ավելի շատ էր, քան Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտոնապես տրված ձայները: Պատկերացնո՞ւմ եք, եթե դա շարունակվեր՝ ի՞նչ պետք է աներ իշխանությունը: Եվ չկա 10 հազար մարդ, որոնք ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի՝ իրենց կամքով կգային հանրահավաքի: Պարզ է, որ պետք է հորինեին մի բան: Հորինեցին այդ սարսափելի՝ Սովետական Միությանը կամ Գեբելսին բնորոշ ձեւը: Եվ պարզ է, որ պետք է նույնիսկ ամենավատ ձեւով դա լիներ, որ առիթ ունենային արտակարգ դրություն մտցնելու: Ու պարզ է, որ այս մարդկանց պետք է այժմ պահեն բանտում, քանի որ հասարակության մեջ չի պակասել այս ամենին դեմ անձանց թիվը, հակառակը՝ ավելացել է: Այսօր Հայաստանը մի երկիր է, որտեղ հասարակության մեծ մասը դեմ է իշխանությանը:

– Ձեր կարծիքով, ԵԽԽՎ այս բանաձեւի պահանջները՝ ազատ արձակել հանցագործություն չկատարած անձանց եւ այլն, կունենա՞ն ազդեցություն, թե՞ Հայաստանի իշխանությունները կպնդեն, թե իրենք են որոշելու նման հարցերը եւ ստրասբուրգներից իրենց չպիտի թելադրեն:

– Ես զարմանում եմ, որ անգամ բարձրաստիճան անձինք են հաճախ նման բաներ ասում, թե Ստրասբուրգից թելադրո՜ւմ են…… Մենք կամավո՛ր ենք անդամակցել Եվրոպայի խորհրդին: Ինչպես ազնիվ են իրենց ագրեսիայի եւ հակաժողովրդավարական արարքների մեջ, այնպես էլ թող այստեղ ազնիվ լինեն մինչեւ վերջ ու դուրս գան ԵԽ-ից. Ռուսաստանը միայն ուրախ կլինի, քանի որ Հայաստանը կդառնա ավելի ռուսամետ: Բայց եթե այս կազմակերպությունում ենք՝ ուրեմն պետք է հարգենք ԵԽ սկզբունքները:

Թե ինչ կանի Հայաստանը՝ 2 տարբերակ կա: Կա՛մ կշարունակեն «ոտքը մի կոշիկի մեջ» դնելով՝ փորձել ապացուցել անապացուցելին, թե մարդիկ, ովքեր հետընտրական իրադարձությունների հետեւանքով հայտնվել են բանտում՝ բանդիտներ են, մարդասպաններ, նռնակներ են նետել կամ զավթել են իշխանությունը (հետաքրքիր է, չէ՞, իշխանությունը զավթել են՝ այսինքն երեւի նախարար են դարձել կամ Անվտանգության խորհրդի քարտուղար, բայց հիմա բանտում են): Կա՛մ էլ պետք է իբր ընդառաջելով ԵԽ-ին՝ Սերժ Սարգսյանը ժեստ կանի, թե ահա, տեսեք՝ ներում եմ շնորհում այդ մարդկանց, ես հանդուրժող եմ: Եթե առաջին տարբերակով շարունակեն գործել՝ էլի նորանոր գործեր սարքել, ավելացնել քրեական հոդվածներն ու կեղծ վկաներ բերել, թե այս մարդիկ ինչե՜ր են արել՝ սա Հայաստանին կբերի դեպի բռնապետություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել