Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ ԷՐ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԽՈՍՏԱՑԵԼ

Մայիս 02,2008 00:00

Համենայնդեպս, երեք «կոալիցիոն» թեկնածուների նախընտրական ծրագրերում նման բան չկա

Մայիսի 1-ից կառավարությունը դադարեցրել է բնական գազի վարձավճարների սուբսիդավորումը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Արդյունքում՝ ֆիզիկական անձինք գազի մեկ խորանարդ մետրի դիմաց 59 դրամի փոխարեն կվճարեն 84 դրամ: Ակնհայտ է, որ սուբսիդավորման դադարեցումը կբերի մի շարք ապրանքատեսակների ու ծառայությունների գների թանկացում, մասնավորապես կավելանա ուղեվարձը: Կոալիցիոն կառավարություն ձեւավորած չորս քաղաքական ուժերի՝ ՀՀ նախագահի բոլոր երեք թեկնածուների (ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն հանդես էին գալիս մեկ միասնական թեկնածու Սերժ Սարգսյանով) նախընտրական ծրագրերում միայն բարի խոստումներ են եւ ոչ մի խոսք չկա այս կամ այն ապրանքի, էլեկտրաէներգիայի, գազի եւ այլնի գների բարձրացման մասին: Այսինքն՝ նախագահի թեկնածուներից ոչ մեկը իր ընտրողներին չէր «խոստացել», որ իր ընտրվելու դեպքում մեր երկրում կտրուկ կբարձրանա, ասենք, գազի, էլեկտրաէներգիայի կամ շաքարավազի գինը: Տիգրան Սարգսյանի կառավարությունը դեռ նոր-նոր է սկսում իր ծրագրի իրականացման առաջին քայլերը, իսկ հասարակության տարբեր սոցիալական շերտերն արդեն շատ կոնկրետ զգում են գների բարձրացումից բխող բոլոր դժվարությունները: Եվ այս իրավիճակում բոլոր այն մարդիկ, ովքեր մինչ այժմ իրենց հեռու են պահել քաղաքական հավաքներից, երբեք ակտիվ ընդդիմադիր չեն եղել, «ոչ Լեւոնով են հիացած եւ ոչ էլ Սերժով» եւ գլուխները կախ վաստակել են իրենց օրվա հացը, այսօր շատ ավելի վրդովված են, քան «լեւոնական» ցանկացած ակտիվիստ:

Երեկ ստիպված էի մի քանի անգամ օգտվել տաքսի ծառայություններից եւ ամեն անգամ, հերթական ավտոմեքենան նստելիս, վարորդն անմիջապես սկսում էր խոսել գազի գնի բարձրացումից. «Լավ, սրա վերջը ի՞նչ է լինելու: Գազի գինը բարձրացավ, էլ ոչ մեկը տաքսի չի նստի, երթուղայինների գներն էլ են բարձրանալու, բա մարդիկ ո՞նց են ապրելու»,- տաքսու վարորդն ակնհայտորեն հուսահատության մեջ էր եւ կարծում էր, որ լրագրողը կարող է իր դարդին դարման անել: Մեկն էլ թե՝ «ինչքան որ հաշվիչը ցույց կտա՝ հեչ, կրկնակի եմ վերցնելու, որովհետեւ գազն առաջվանից 80 տոկոսով թանկ եմ գնել, ձեռք է տալիս՝ նստի, չէ՝ «Առաջ Հայաստան»: Մյուսն էլ թե՝ «Էս ինչի՞ միտինգ չեն անում»: Ռեպլիկիս, թե «մի անգամ արեցին՝ չտեսա՞ք ինչ ստացվեց», ասաց. «Չէ, էդ Լեւոնի համար էր, ասում եմ՝ էս գների բարձրացման համար ինչո՞ւ ոչ մեկը միտինգ չի կազմակերպում, ես կգնամ, մեր ամբողջ տաքսու ծառայությունը կգա, այսպես ապրել հնարավոր չէ, էդ վերեւներում գիտե՞ն, որ վիճակը վատ է»: Ինձ վրա պատասխանատվություն չվերցրի ասելու, որ երեւի գիտեն, կամ՝ գների բարձրացումը նույն այդ «վերեւներն» իրենց անձնական գրպանի վրա չեն էլ զգալու: Որոշեցի խմբագրություն հասնելուն պես կրկին ուշադիր ընթերցել նախագահի դաշնակցական, օրինացերկրական եւ հանրապետական+բհկական թեկնածուների նախընտրական ծրագրերը, արդյոք նախընտրական իրենց ժողովրդահաճո ելույթներում հնչեցրած խոստումներում որեւէ խոսք չկա՞ ընտրություններից հետո գների բարձրացման մասին, գուցե կա, բայց մենք չե՞նք նկատել:

Սկսենք Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրից: Այն վերնագրված է «Երկրորդ սերնդի բարեփոխումների ծրագիր», բաղկացած է 6 գլխից, յուրաքանչյուրն ունի խիստ պարտավորեցնող վերնագիր, օրինակ՝ «Միասնությունը, որպես երկրորդ սերնդի բարեփոխումների հիմնական նախադրյալ», կամ՝ «Արժանավայել կյանքի ապահովում» եւ այն: Ըստ ամենայնի, գներին եւ կենսամակարդակին վերաբերող խոստումները պետք է լինեին հենց այս բաժնում, սակայն այստեղ եւ այլ բաժիններում նույնպես միայն խոստումներ են, օրինակ այսպիսի. «Ստեղծվելու են նպաստավոր պայմաններ՝ մարդկանց աշխատանքով ապահովելու համար: Աշխատանքը պետք է որոնի մարդուն, ինչը նշանակում է՝ ունենալ արդյունավետ աշխատաշուկա, որը կբացահայտի կառուցվածքային գործազրկության խնդիրը: Սա հնարավորություն կտա իրականացնել նպատակային վերապատրաստման ծրագրեր՝ մարդկանց հմտությունները եւ մասնագիտացումը աշխատատեղերին համապատասխանեցնելու նպատակով»: Նաեւ այսպիսի խոստում կա. «Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի վերջնականապես հաղթահարվեն գործազրկությունն ու աղքատությունը, որպեսզի օր առաջ բարելավվի հասարակ մարդու կյանքը (իմ ծանոթ տաքսու վարորդները բառի լավ իմաստով հասարակ մարդիկ էին, բայց վստահեցնում էին, որ իրենց կյանքը գնալով վատանում է- Մ. Ե.), որպեսզի մեր երկիրը դառնա ավելի անվտանգ, որպեսզի մենք ապրենք ուժեղ ժողովրդավարական պետությունում եւ ունենանք արդար հասարակություն»:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրում եւս ոչ մի տող չկա գների բարձրացման մասին, սակայն կա որոշ երանգ այն մասին, թե ինչն է խանգարում էներգետիկայի ոլորտի զարգացումներին. «Չարաշահումները եւ ստվերայնությունը, հակասոցիալական գնային քաղաքականությունը, էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիայի բացակայությունը»:

Դաշնակցական Վահան Հովհաննիսյանի ծրագրում էլ «գերխնդիր» է համարվել հետեւյալը. «Բացառել կամ նվազեցնել բոլոր ուղղություններով իրականացվող քաղաքականությունների բացասական սոցիալական հետեւանքները, ինչպես նաեւ ձեւավորել մարդու եւ քաղաքացու սոցիալական իրավունքների ամբողջական իրացման համակարգ»:

Կառավարության նոր ծրագրում եւս շատ որոնեցինք եւ գների բարձրացման մասին որեւէ «խոստում» չգտանք: Եվ ինչքան էլ պետության ներկայացուցիչները պնդեն, թե «ոչ թե գազի գինն է բարձրացել, այլ սուբսիդիաներն են վերացել», միեւնույն է՝ դրանք ընդամենը խոսքեր են: Իմ ծանոթ տաքսիստներից մեկը երեկ այսպիսի զուգահեռ անցկացրեց. «Թող Սերժ Սարգսյանը գա, թանկացած գներով «գազ զապրավկա» անի, տեսնեմ, թե էդ թանկացած գազով ո՞նց է «Առաջ Հայաստան» գնալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել