Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԻ

Մայիս 08,2008 00:00

\"\"Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբումն այսպես է բացատրում Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ իր արտահերթ զեկույցում:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի «2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ» արտահերթ զեկույցում բազմաթիվ են դրույթները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են «Հ1»-ին: Ասենք, նման հարցադրում կա. «Եթե, ինչպես ներկայացնում է Հանրային հեռուստատեսությունը, փախչող ցուցարարներն իրենցից հետո ատրճանակներ են թողել, ապա ինչպե՞ս եղավ, որ նրանց ցրելու ժամանակ, որն ուղեկցվել է ծեծով ու դիմադրությամբ, ոչ մի կրակոց չեղավ: Ավելին, ցուցարարները նույն օրը Ֆրանսիական դեսպանատան մոտակայքում քարեր եւ նմանատիպ իրեր էին հավաքում «զինվելու» նպատակով»: Նշենք, որ տվյալ դեպքում «Հ1»-ը ներկայացրել է պաշտոնական լրատվությունը:

Մեջբերենք Արմեն Հարությունյանի մի առավել ընդհանրական դիտարկում. «Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ որպես քաղաքական գործչի վերածնունդը զգալի մասով հնարավոր դարձավ ինչպես օբյեկտիվ գործոնների, այնպես էլ իշխանությունը ներկայացնող տարբեր գործիչների եւ իշխանամետ ԶԼՄ-ների՝ նրա դեմ ուղղված հակաքարոզչության շնորհիվ»: Եվ ընդգծում է. «Ժամանակակից հասարակությունում մի կողմի (ընդդիմության) խոսքի ազատության սահմանափակումը եւ մյուս կողմի (իշխանության) համար այս ոլորտում արհեստականորեն ստեղծված անսահմանափակ հնարավորությունները, ինչպես նաեւ իշխանական այլ լծակների ոչ համաչափ եւ իրավական տեսանկյունից ոչ հիմնավորված օգտագործումը՝ ինչը նույնպես հանգեցնում է մարդու իրավունքների սահմանափակմանը, կարող են «վատ ծառայություն» մատուցել հենց այդ լծակներն անհիմն օգտագործողներին` հանգեցնելով հակառակ արդյունքների»: Որպես նման գործելաոճի հետեւանք՝ Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցում առանձնացրել է. «Բոլոր սոցիոլոգիական տվյալների համաձայն՝ քարոզարշավին նախորդող ժամանակահատվածում ընտրողների ձայների 3-4 տոկոսն ունեցող թեկնածուն կարողացավ իր շուրջը համախմբել մի այնպիսի ստվար ընտրազանգված, որի հետ, համաձայն բոլոր քաղաքական գործիչների եւ քաղաքագետների կարծիքի, այսօր անհնար է հաշվի չնստել»:

Ըստ Արմեն Հարությունյանի՝ «Բոլոր հեռուստաընկերությունների, այդ թվում Հանրային հեռուստաընկերության, եւ իշխանամետ մամուլի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանի անձին այս կամ այն բացասական հատկության վերագրումը, սուբյեկտիվ եւ միակողմանի տեղեկատվության գերակշռումը («Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Հայոց Աշխարհ»), ի վերջո, նպաստեցին հասարակության մեջ նրա անձի նկատմամբ ուշադրության կենտրոնացմանը, իսկ համախոհների ենթագիտակցության մեջ՝ Լ. Տեր-Պետրոսյանի «տառապյալի» կերպարի ստեղծմանն ու ամրագրմանը»: Այս կապակցությամբ նա հիշատակում է «պատկերների շրջման» ֆենոմենը. «Արտաքինից տրված ինֆորմացիան կամ հույզն անգիտակցականի մակարդակներում կարող են շրջվել այլ պատկերների, որոնք օժտված են ներկայացվածին հակադիր հատկություններով, եթե այն ներկայացված է ոչ այնքան հուսալի կամ հեղինակավոր աղբյուրի կողմից: Իսկ այն, որ իշխանամետ ԶԼՄ-ները հասարակության մեջ չունեն բավարար հեղինակություն՝ փաստ է»: Միջանկյալ հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Սերժ Սարգսյանն էլ էր «Խաղաղ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության ֆորումի ընթացքում անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությանը՝ ասել. «Մենք նույնպես մտահոգված ենք, որ վերջին շրջանում գուցե որոշակի հավատը կորել է այդ լրատվամիջոցի նկատմամբ»:

Արմեն Հարությունյանի եզրակացությունն է, թե հակափիառն ունեցավ հակառակ ազդեցություն. «Տեւական ու հուզականությամբ երանգավորված հակաքարոզչությունը ծառայեց ընդդիմության մի հատվածի գովազդի գործին՝ ապացուցելով արտահայտությունն այն մասին, որ ամեն մի հակագովազդ առաջին հերթին գովազդ է: Իսկ չեզոք քաղաքացիների գիտակցության մեջ նա զուգորդվեց «հալածվածի եւ չպաշտպանվածի» պատկերներով: Միակողմանիությունը շատ դեպքերում բերում է հակառակ արդյունքի»:

Զեկույցում նաեւ դիտարկում կա, թե հանրահավաքների մասնակիցների քանակի աճը պայմանավորված էր մի ստվար մասի ձգտմամբ՝ հաղթահարել իշխանությունների կողմից պարտադրված ընդդիմության տեսակետների վերաբերյալ տեղեկատվության պակասությունը եւ միակողմանիությունը. «Հանրահավաքների ընթացքում իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատության չլուսաբանումը, որոշ վերլուծաբանների կարծիքով, հանգեցրեց հանրահավաքի մասնակիցների քանակի զգալի ավելացմանը»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի այս դիտարկումների վերաբերյալ մեկնաբանություններ խնդրեցինք Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանից: Հիշեցնենք, որ վերջինս դեռ փետրվարի սկզբին էր «Հ1»-ի հասցեին Պաշտպանի քննադատությանն ի պատասխան՝ հեգնել. «Էդքան մի հուզվի, տղա ջան. օրեր են, կմթնեն, անց կկենան», իսկ հետո էլ արձագանքելով Արմեն Հարությունյանի ասածին, թե՝ «անկախ Ալեքսան Հարությունյանի հուզումնալից արտահայտություններից՝ անհրաժեշտության դեպքում կպաշտպանեմ նաեւ իր իրավունքները», ասել. «Ինձ ծակ պաշտպաններ պետք չեն»: Իսկ այժմ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը միայն ասաց. «Արմեն Հարությունյանը, ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ցանկացած հարցի մասին իրավունք ունի ունենալ իր անձնական կարծիքը: Իսկ ինչ վերաբերում է Հանրային հեռուստաընկերության մասին իր ասածներին՝ ես Արմեն Հարությունյանի ասածներն այլեւս չեմ մեկնաբանելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել