Լրահոս
Օրվա լրահոսը

Էպիլեպսիայով հիվանդին պահում են մեկուսարանում

Մայիս 24,2008 00:00

«Առավոտն» արդեն անդրադարձել է Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ Գեւորգ Մանուկյանին, ում դեռ մայիսի 9-ին կանչել էին հարցաքննության՝ հանրահավաքներին մասնակցելու համար, ապա Էջմիածնից տեղափոխել Երեւան եւ երկու օր պահել դատախազությունում ու մեկուսարանում:

Հարցաքննության ժամանակ Գեւորգը մի քանի անգամ ուշագնաց է եղել, սակայն հաշվի չի առնվել նրա փաստաբանի եւ ոչ մի միջնորդություն՝ Գեւորգին բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Ավելին, նրան ոստիկանությունում փորձել են ուշքի բերել ու այդ վիճակով ցուցմունքներ են կորզել, այն դեպքում, երբ տղան անմեղսունակ է եւ համապատասխան փաստաթղթեր ունի: Գեւորգը էպիլեպսիայի նոպաներ է ունեցել ե՛ւ դատախազությունում, ե՛ւ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում, որտեղ մի քանի օր է անցկացրել, սակայն ամենուր գործել են նույն ձեռագրով՝ ջուր եւ ցավազրկողներ. սրանք են եղել Գեւորգին ցուցաբերվող բժշկական օգնությունները: Մայիսի 10-ից 29-ամյա Գեւորգ Մանուկյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Կալանքի ժամկետը երկու ամիս է, առաջադրված մեղադրանքը՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչ: Համագյուղացիները վկայում են, որ պարզապես «գործ են սարքում Գեւորգի վրա»: Այս օրերի ընթացքում տղայի հարազատները որեւէ տեսակցություն կամ հեռախոսային կապ չեն ունեցել նրա հետ: Սակայն լուրեր են ստանում, որ օրեցօր վատանում է Գեւորգի առողջական վիճակը՝ նա անընդհատ ուշագնաց է լինում եւ տեւական ժամանակ անգիտակից վիճակում է հայտնվում: Մինչդեռ մեկուսարանում նրան պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Գեւորգը տառապում է էպիլեպսիայով եւ այն պահին, երբ նրան կալանավորել են՝ բուժման մեջ է եղել: 2005 թվականից տղան գտնվում է ստացիոնար բուժման մեջ: Նրան կալանքի տակ պահելու արդյունքում ոչ միայն այնքան անհրաժեշտ բուժումն է ընդհատվել, այլեւ բարոյահոգեբանական իրավիճակներից է՛լ ավելի է անկայունացել առողջությունը:

Գեւորգի առողջական վիճակով մտահոգ հարազատները եւ համագյուղացիները նույնիսկ բողոքի ակցիաներ են կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության եւ կառավարության առջեւ: Նրանք պահանջում են ոչ թե անմիջապես ազատ արձակել տղային, այլ՝ պատշաճ բուժօգնություն ցուցաբերել: Կառավարության ներկայացուցիչը, ով լսել է Գեւորգի հարազատների պահանջը, պատասխանել է. «Մենք էլ մասնագետներ ունենք»: Իսկ ի պատասխան հարազատների հորդոր-պնդումների, որ տղան անգիտակից վիճակում է եւ անբարոյականություն է նման վիճակում նրան պահել ու ցուցմունք կորզել՝ կառավարության ներկայացուցիչն ասել է. «Ոչինչ, բանը չի հասնի նրան, որ թողենք մեռնի»: Գեւորգի առողջական վիճակի վերաբերյալ ե՛ւ գլխավոր դատախազություն, ե՛ւ կառավարություն ներկայացրած գրավոր բողոքների պատասխանն առ այսօր հարազատները չեն ստացել: Հուսահատ հարազատներն այլեւս չգիտեն՝ ո՞ւր դիմել, ի՞նչ անել: «Չգիտեմ՝ ինչ են արել, տեսնողները պատմում էին, որ վրայից ջուր էր գնում ու անընդհատ ուշագնաց էր լինում»,- պատմում է Գեւորգի մայրը: Տիկնոջ ասելով, «շտապօգնությունը» տղային ինչ-որ ուժեղ դեղեր է ներարկել, իսկ նրա դեպքում ուժեղ պրեպարատները հակացուցված են. հնարավոր է դրանց ազդեցության տակ քնի եւ չարթնանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել