Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԻՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՈՉ ԹԵ ՀՊԱՏԱԿՆԵՐ, ԱՅԼ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Հունիս 06,2008 00:00

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ իր արտահերթ զեկույցը եւ քննարկումն այս ճանապարհի առաջին քայլն է

Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը՝ հետընտրական զարգացումների մասին, ուղղակի իրարանցում է առաջացրել իշխանական կառույցներում: Գլխավոր դատախազը եւ արդարադատության նախարարը զեկույցի հրապարակումից անմիջապես հետո շտապեցին հանդես գալ իրենց առարկություններով: Երեկ ԱԺ մարդու իրավունքների եւ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ խորհրդարանում լսումներ էին կազմակերպվել զեկույցի եւ դրա առարկությունների թեմայով: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հետեւյալ հարցն ուղղեց ՀՀ գլխավոր դատախազին. «Դուք նշեցիք, որ Ձեր իրավասությունն է պաշտպանի զեկույցի հետ կապված ներկայացնել պարզաբանումներ: Ես այս պահին չեմ ցանկանում դրա իրավական գնահատականը տալ, սակայն կցանկանայի ճշտել՝ այն, որ զեկույցի հետ կապված ներկայացված են միմիայն առարկություններ, նշանակո՞ւմ է, որ այդ զեկույցում դուք չեք հայտնաբերել որեւէ հարց, որը պահանջում էր առնվազն պարզաբանում: Երկրորդ հարցս՝ համեմատելով առարկությունները, որ ներկայացված են դատախազության եւ արդարադատության կողմից, ես հայտնաբերեցի բազմաթիվ ոչ միայն մտքերի համընկնում, այլ նաեւ որոշ հատվածների բառացի համընկնում: Հարցս հետեւյալն է՝ արդյոք այդ առարկությունները նախապատրաստվել են երկու մարմինների կողմից միաժամանա՞կ, միասի՞ն աշխատելով, թե՞ դրանցից որեւէ մեկը եղել է առաջնային, եթե այո՝ ապա ո՞րը»: Գլխավոր դատախազը, նկատելիորեն խուսափելով հարցից, ասաց. «Շատ լավ, հաջորդ դեպքում կկոչենք՝ առարկություններ եւ պարզաբանումներ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե համընկել են դատախազության առարկությունները եւ նշված տեսակետները արդարադատության նախարարության տեսակետներին, դուք ակնհայտորեն նկատեցիք, որ որոշ պատգամավորներ այստեղ հարցադրումներ արեցին, որը արտացոլվեց նաեւ մեր զեկույցի մեջ, չեմ կարծում, թե մենք նստել-համատեղ աշխատել ենք»: Իսկ պարզաբանումները խոստացավ ներկայացնել Դավիթ Հարությունյանին՝ առանձին: Սա դուր չեկավ դահլիճին, քանի որ փոքրաթիվ պատգամավորների կողքին դահլիճում ներկա էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ընթերցելով օրենքի այն հատվածը, որ վերաբերում է գլխավոր դատախազի պարտականություններին, հետաքրքրվեց, թե գլխավոր դատախազը ի՞նչ կարգավիճակով է ներկայացնում իր առարկությունները. «Չե՞ք կարծում, որ դուք թույլ եք տվել քրեորեն հետապնդելի արարք»: Նաեւ ուզեց իմանալ՝ կա՞ն մեղադրյալներ մարտի 1-ի տասը զոհերի վերաբերյալ, նաեւ՝ կա՞ն տուժողների իրավահաջորդներ ճանաչվածներ (ի դեպ, նման հորդոր իր զեկույցում արել էր նաեւ օմբուդսմենը):

Օմբուդսմենը առյուծի սիրտ էր կերել

Արմեն Հարությունյանը երեկ պատվով պաշտպանեց այնքան աղմկահարույց իր արտահերթ զեկույցը եւ տղամարդավարի շարունակեց պնդել, որ ինքն իր լիազորությունների շրջանակից երբեք դուրս չի եկել, եւ հետընտրական զարգացումները ու մարտի 1-ի դեպքերը հենց այն էին, ինչի մասին օմբուդսմենը պարտավոր էր արտահերթ զեկույց գրել: Արթուր Սաքունցը (Հելսինկյան քաղաքացիական ընկերություն) հարցրեց, թե ի՞նչ է անելու Մարդու իրավունքների պաշտպանը, եթե նրա զեկույցը արժանի ուշադրության չի արժանանում, եւ, փաստորեն, խոսում են ոչ թե նրա մեջ ներկայացված փաստերի մասին, այլ հետապնդում են մարդու իրավունքների ինստիտուտը: Արմեն Հարությունյանը նկատեց, որ սա գուցե լավ առիթ կդառնա, որ «մենք կամաց-կամաց սկսենք իրար հետ անկեղծ խոսել, հավատացեք, սրանից է սկսվում երկրի՝ երկիր դառնալը, սրանից է սկսվում, որ երկիրը ունենում է ոչ թե հպատակներ, այլ՝ քաղաքացիներ»: Նաեւ նկատեց, որ Հանրային հեռուստաընկերությունը զեկույցի հրապարակումից հետո որեւէ անգամ այդ զեկույցին չի անդրադարձել, բայց մի քանի անգամ անդրադարձել է զեկույցի առարկություններին: Ըստ օմբուդսմենի. «Զեկույցում փորձել են բաներ գտնել, եթե չեն էլ գտել՝ սարքել են, որ գտնեն բաներ, որ պետք է չանեինք, բայց կարծում եմ՝ կարող էին նաեւ բաներ գտնել, որոնք նորմալ են»:

Մարդու իրավունքների պաշտպանին հարցեր էին տալիս բացառապես կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները: Եվ հարցերը ոչ այնքան հարցեր էին, որքան գնահատականներ եւ վերլուծություններ այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցը գրելիս գերազանցել է իր լիազորությունները: Իսկ Արմեն Հարությունյանը շեշտում էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը իշխանության ընդդիմախոսն է: Օմբուդսմենի ելույթը մերթընդմերթ ընդմիջվում էր ծափերով:

Գլխավոր դատախազը հուզվել էր

ՀՀ գլխավոր դատախազն իր զեկույցից առաջ ասաց. «Ճիշտն ասած, պարոն Հարությունյանի քաղաքական ելույթից այնքան էի հուզվել, որ քիչ էր մնում ես էլ ծափահարեի»: Նաեւ կոնկրետացրեց. «Ակնհայտորեն նկատեցի, որ Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական զեղումների մեջ է գտնվում առ այսօր: Եվ գոնե հարցադրումներին, որոնք ակնհայտորեն քաղաքական բնույթ էին կրում, ուղղակի կպատասխաներ՝ ես ապաքաղաքականացված անձ եմ եւ ձեր հարցին չեմ պատասխանելու, բայց նույնիսկ դրան չգնաց, որովհետեւ հոգեբանորեն տրամադրված է ուղղակի քաղաքական վերլուծություններ անել: Մեր կարծիքով՝ զեկույցը շատ ավելի քաղաքական փաստաթուղթ է, քան իրավական, որով նսեմացվում է դրա գործնական-կիրառական նշանակությունը»: Նաեւ ասաց, որ «Ոստիկանության մասին» օրենքով՝ ոստիկանության միանձնյա ղեկավարումն իրականացնում է ոստիկանապետը: Դահլիճում մի մեղմ շշուկ տարածվեց՝ արդյո՞ք գլխավոր դատախազի այս հայտարարությունը նշանակում է, որ մարտի 1-ին խաղաղ ցուցարարների վրա կրակելու հրամանի ծանրությունը այսպիսով գցվում է Հայկ Հարությունյանի վրա:

Վերջը՝ ժամանակավոր հանձնաժողովն է

Երեկվա քննարկումներն ուղղակի կարճ ճանապարհ բացեցին դեպի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում, ի դեպ, այս հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին երեկ կրկին խոսեց Վիկտոր Դալլաքյանը: Նաեւ հիշեցրեց, որ «Մարդու իրավունքների առաջին պաշտպանի հանդեպ Ռոբերտ Քոչարյանը հաշվեհարդար տեսավ, եւ եթե երկրորդի հանդեպ եւս լինի այդպիսի բան, ուրեմն մեր երկրում շրջում է մի ուրվական, դա Ռոբերտ Քոչարյանի ուրվականն է»: Նաեւ պնդեց, որ «մարտի 1-ի դեպքերի ողջ պատասխանատվությունը ընկած է Ռոբերտ Քոչարյանի վրա»։ Մյուս ելույթ ունեցողները, ինչպես եւ զեկուցողները, խոսեցին ոչ թե մարտի 1-ի դեպքերի, դրանց պատճառների եւ հետեւանքների մասին, այլ հիմնականում անդրադարձան զեկույցին եւ նրա հեղինակին: Ըստ որոշ փորձագետների, Մարդու իրավունքների պաշտպանն՝ իր ողջ պահվածքով եւ նաեւ արտահերթ զեկույցով, ուղղակիորեն թեթեւացրեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության բեռը: Մերոնք Ստրասբուրգում արդեն լուրջ ասելիք կունենան՝ տեսա՞ք ինչքան տաք-տաք քննարկումներ արեցինք, անգամ ընդդիմությանն էինք հրավիրել, բայց չեկան: Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը երեկ, մամուլի ասուլիսում, հայտարարեց, որ իրենք լսումներին մասնակցելու հրավեր ստացել են միայն հունիսի 2-ին, չեն մասնակցել, քանի որ այդ լսումներից լուրջ սպասելիք չունեն, լսումները կազմակերպել են «ուղղակի ցույց տալու համար, որ ինչ-որ բան կազմակերպել են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել