Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԻՍԻ՞ ՆԱԽԱԳԱՀ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հուլիս 19,2008 00:00

\"\"Քաղաքական ուժերը գնահատում են նրա 100 օրը

Կարծիքները տարբեր են. արմատական ընդդիմությունը գտնում է, որ նա նախագահ չէ, հասարակության մեկ այլ շերտ վստահ է, որ լավ նախագահ է, ուրիշները դեռ ոչինչ չեն հասկանում կատարվածից եւ անորոշ սպասումների մեջ են, երրորդները մտածում են, որ եթե շատ ձգտի՝ լավ նախագահ կդառնա, հինգերորդները կարծում են, թե ինչքան էլ ջանք թափի՝ ոչինչ չի ստացվի: Այսօր շատերն են առանձին, մասնավոր զրույցներում ընդունում, ընդդիմադիր թե իշխանական ճամբարներից, որ դատելով Սերժ Սարգսյանի մարդկային որոշ որակներից՝ նա լավ նախագահ դառնալու ճանապարհին է, սակայն նրան շա՜տ են խանգարում հետընտրական զարգացումները, մարտի 1-ի կալանավորվածները, զոհերը եւ իր որոշ ընկերների քաղաքական խանդը: Շատ մեծ ջանք է հարկավոր եւ քաղաքական կամք՝ այս ամենը հաղթահարելու եւ առաջ գնալու համար: Հիմնականում գերիշխում է այն կարծիքը, որ ապրիլի 9-ի երդմնակալության արարողությունից հետո նախագահի առաջին քայլը պետք է լիներ քաղաքական որոշում կայացնելը եւ կալանավորվածներին ազատ արձակելը: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւս այս կարծիքին է: Մեր խնդրանքով գնահատելով նախագահի պաշտոնավարման 100 օրը՝ նա ասաց. «100 օր անց եւս երկիրը շարունակում է գտնվել քաղաքական, սոցիալական, տնտեսական, բարոյահոգեբանական ճգնաժամի մեջ, եւ դրական միտումներ չեն երեւում: 100 օրը, իհարկե, մեծ ժամկետ չէ, սակայն քայլեր կան, որ հնարավոր էր եւ պետք էր անել, առաջին հերթին՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, ապահովել մարտի 1-ի դեպքերի անաչառ հետաքննություն, պատասխանատվության ենթարկել իրական մեղավորներին»:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը բնութագրելով նախագահ Սերժ Սարգսյանին ասաց, որ նա դրսեւորել է դրական բարեփոխումներ կատարելու վճռականություն. «Իհարկե, 100 օրը բավարար չէ, եւ ոմանց կարող է թվալ, որ կատարվող բարեփոխումները դեռ դեկլարատիվ են, դա կարելի է հասկանալ, որովհետեւ Հայաստանի բարեփոխումները ժամանակ կուզեն: Կարծում եմ, որ արդյունքներին մենք պետք է սպասենք մինչեւ տարեվերջ»: Մեր հարցին՝ ի՞նչ սխալներ է գործել նախագահը անցած 100 օրերի ընթացքում, պարոն Հովհաննիսյանը այսպիսի պատասխան տվեց. «Այդպիսի աչք զարնող սխալներ, առնվազն այս փուլում, դժվար է նշել, ինքս դեռ այդպիսի սխալներ չեմ տեսնում: Վիճելի է, հավանաբար, Թուրքիայի առաջարկի նկատմամբ արձագանքը՝ հանձնաժողով ստեղծելու, բայց դա, կարծում եմ, ավելի շատ խմբագրական թերացում էր, եւ վերջում եղան պարզաբանումներ, այդ թվում եւ արտգործնախարարինը, որոնցում բացատրվեց, որ խոսքը ժամանակին Ռոբերտ Քոչարյանի առաջարկած տարբերակի մասին է»: Ըստ Վահան Հովհաննիսյանի, կատարվող որոշ բարեփոխումների մասին այս պահին մենք իրավունք չունենք ասել, թե իմիտացիոն բնույթ են կրում, որովհետեւ դրանք արդեն ռեալ արդյունքներ են տալիս բիզնեսի, մաքսային, հարկային ոլորտներում: Արդյո՞ք դրանք շարունակական կլինեն՝ «այդ հարցին պատասխանել կլինի միայն այն ժամանակ, երբ այդ փոփոխությունները կդառնան անդառնալի: Այս ժամանակը, կարծում եմ, դեռ չի հասել, բայց՝ շատ էլ հեռու չի»:

Ըստ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի, Սերժ Սարգսյանը «շատ համառ, շատ աշխատասեր, մարդկանց կարծիքը լսող եւ իր ընդունած որոշումներում շատ հետեւողական անձնավորություն է»: Պարոն Սաֆարյանը նաեւ ասաց. «Սերժ Սարգսյանի նախագահությունը համընկավ մարտի 1-ի եւ նրա հետեւանքների հետ: Ես հատուկ ուզում եմ ասել, որ մեր հասարակության մեջ նախորդ 17 տարիների ընթացքում կուտակված դեմոկրատիայի պակաս կար, եւ այդ պակասը ինչ-որ տեղ իրեն պիտի զգացնել տար, ես վերջին 3 ամիսների ընթացքում Հայաստանում Եվրոպայի որոշումների լույսի ներքո իրականացվող գործընթացները շատ խորքային եմ համարում: Շատ դժվար ժամանակ է նա ստացել իր իշխանությունը, եւ, կարծում եմ, այն մեծածավալ բարեփոխումները, որ նա սկսել է՝ մինչեւ տարեվերջ կկատարվեն: Եթե մինչեւ տարեվերջ այս գործընթացն ավարտվեց եւ մենք արդյունքում ունեցանք հասարակական համերաշխության մթնոլորտ, մի նոր մակարդակի դեմոկրատիա, ուժեղ, լուրջ ընդդիմություն, ուժեղ կառավարություն, որտեղ խոսքը, գաղափարը տեղ կունենան, որտեղ որոշումները ներքին կարգով, կոծկվելով չեն ընդունվի, ապա այդ դեպքում ժամանակակից մակարդակի պետություն ստեղծելու գործում Սերժ Սարգսյանը կունենա լուրջ ծառայություն: Իսկ եթե գործընթացը պետք է տորպեդահարվի, ուրեմն մենք ունենալու ենք նույն գաղջ մթնոլորտը, նույն թերասած ճշմարտությունները եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել