Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 08,2008 00:00

\"\"«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսպես է բնութագրում Հայ ազգային կոնգրեսի ձեւավորումը:

– Ի տարբերություն ընդդիմությանը, իշխանական ճամբարում ոչ միայն ոգեւորված չեն Համաժողովրդական շարժումը Հայ ազգային կոնգրեսով փոխարինելու փաստով, այլեւ պնդում են, թե դա ամենեւին էլ աշխարհացունց երեւույթ չէ: Ի՞նչ իմաստ կար Շարժումը վերանվանել Կոնգրես, եթե դրանից ընդդիմության ռազմավարությունն ու մարտավարությունը չեն փոխվում, եթե Շարժմանը առանց այն էլ միացած ուժերը շարունակելու են գործել ինքնուրույն եւ անկախ:

– Է, թող ասեն, դա ինձ հետաքրքիր չէ: Ինձ ոգեւորում է, որ Կոնգրեսի պարագայում «ընդդիմություն» բառը կիրառելի չէ, այն իր էությամբ հասարակական բնույթ ունի եւ հասարակության սեփականությունն է: Այն հասարակության, որը վեց ամիս անց էլ չի համակերպվել նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների հետ, վիրավորված է մարտիմեկյան դեպքերից հետո եւ հակված է պայքարելու իր իրավունքների ու ազատությունների համար: Մինչ Կոնգրեսի ձեւավորումը՝ այդ պայքարը տանում էին կուսակցությունները, բայց շատ են մարդիկ, ովքեր չեն ուզում որեւէ կուսակցության անդամ դառնալ, որոշակի քաղաքական հայացքների կամ կաղապարների տակ մտնել: Նրանք հիմա հաճույքով անդամագրվում են Կոնգրեսին: Ես համոզված եմ, որ մինչեւ սեպտեմբերի 5-ը Կոնգրեսի անդամների թիվը 300 հազարից ավելի կլինի: Սա ասում եմ՝ նկատի ունենալով վերջին օրերին մեր գրասենյակներ ստացվող զանգերն ու մարդկանց հոսքը՝ չնայած դեռ անդամագրության պրոցես չկա: Թե ի՞նչ է փոխվել Համաժողովրդական շարժումը Հայ ազգային կոնգրեսով փոխարինելով, հրաշալի բացատրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ օգոստոսի 1-ի հանրահավաքում: Փորձեմ կարճ ասել. Կոնգրեսը ձեւավորվել է այն երկրների պատմական փորձով, որտեղ իշխանությունները իրենց ռեալ իշխանությունը չեն կարողացել իրացնել, կամ հասարակությանը չի բավարարել այդ իշխանության իրականացրած քաղաքականությունը, եւ հասարակությունն ինքն իր ձեռքն է վերցրել երկրի կառավարումը հետագայում՝ ի դեմս Կոնգրեսը ստեղծող ուժերի, դառնալով ապագա իշխանությունը: Այս իմաստով Կոնգրեսը երկրում երկիշխանության արձանագրում է: Այլ խնդիր է, երբ կուսակցությունները հանրահավաք են հրավիրում եւ մարդն իր կամքով, ցանկությամբ կամ իր զբաղվածության աստիճանից ելնելով մասնակցում է այդ հանրահավաքներին, այլ բան է, երբ մարդն ինքը ցանկություն է հայտնում, կուսակցական չլինելով, տարածել որոշակի գաղափարներ, թռուցիկներ, քարոզչություն իրականացնել եւ այլն: Ինձ համար Կոնգրեսը հենց այդ առումով է շատ ավելի կարեւոր:

– Ընդդիմությունն իր հանրահավաքային շարքը ընդմիջեց մինչեւ սեպտեմբերի 5-ը: Ինչո՞վ է դա պայմանավորված, արդյոք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի նախապատրաստական աշխատանքներո՞վ, մանավանդ որ՝ սեպտեմբերի 11-ին այնտեղ լսվելու է ՀՀ կողմից թիվ 1620 բանաձեւի կատարման մասին զեկույցը:

– Քաղաքականության մեջ կարեւոր է ժամանակի զգացողությունը: Լ. Տեր-Պետրոսյանը ժամանակի հրաշալի զգացողություն ունի, ինչն ապացուցել է տասնամյա լռությամբ եւ ճիշտ պահին քաղաքականություն վերադառնալու փաստով: Սա բավարար է՝ վստահելու նրա փորձառությանը: Ինչ վերաբերում է սեպտեմբերին, ապա Կոնգրեսի ձեւավորումից հետո կազմակերպչական որոշ աշխատանքների համար ժամանակ է անհրաժեշտ: Մենք նպատակ ունենք ՀՀ ողջ տարածքում ունենալ Կոնգրեսի, պատկերավոր ասած՝ ինքնակառավարման, Կոնգրեսի աշխատանքը համակարգող մարմիններ: Եթե մենք սեպտեմբերի 5-ի հանրահավաքին հասցնենք ներկայանալ արդեն ձեւավորված գործադիր մարմնով, կնշանակի հասարակությունն ու դրանով զբաղվող ընդդիմադիր դաշտը հրաշալի են աշխատել: Կարծում եմ՝ հաջորդ հանրահավաքն արդեն Կոնգրեսի հրավիրած հանրահավաքը կլինի: Ինչ վերաբերում է սեպտեմբերին կայանալիք հանրահավաքով ԵԽԽՎ-ին մեսիջներ ուղարկելուն վերաբերող ձեր հարցին, ապա՝ ինչո՞ւ ոչ, կան նաեւ մի քանի այլ պատճառաբանություններ: Ակնհայտ է, որ ընդդիմությունն աշխատում է ներքաղաքական դաշտի վրա, եւ հիմնական խնդիրը ՀՀ հասարակությանն ակտիվ պահելն է, բայց անհնար է կարծել, թե Կոնգրեսը չի աշխատում նաեւ արտաքին քաղաքականության ուղղությամբ: Աշխատում ենք եւ այդ ուղղությամբ էլ ձեռքբերումներ ունենք:

– Ընդդիմությունը որդեգրել է իշխանափոխության կամ գործող իշխանությունների դեմ երկարատեւ պայքարի մարտավարությունը: Ձեր կարծիքով, որքա՞ն երկար այն կձգվի Կոնգրեսի գոյության պարագայում:

– Կարծում եմ, որ դա երկար տեւել չի կարող: Չեմ կարծում, որ դա տարիների խնդիր է: Մարտիմեկյան դեպքերից հետո տեղի ունեցած զանգվածային միջոցառումներն ապացուցեցին, որ հասարակությունը հակված չէ հանդուրժելու այս իշխանություններին եւ ճնշումներից այլեւս չի վախենում: Իմ խորին համոզմամբ, այսօր լուրջ խնդիրներ ունեն իշխանությունները: Ընդդիմությունը լուրջ կամ տակտիկական առումով որեւէ խնդիր չունի այլեւս, օգոստոսի 1-ի հանրահավաքը դա փաստեց: Ինչ-որ պահից սկսած՝ ընդդիմությունն իր հանրահավաքներն ավելի ընդլայնված է դարձնելու, ավելի պերմանենտ եւ ֆիքսված վայրում: Դրանից հետո խնդրի լուծումը թողնվելու է իշխանություններին: Նրա՛նք պետք է որոշեն, թե ինչ են անելու: Եթե գտնեն, որ ունեն այն ներուժը, որ կարող են անել այն, ինչ արեցին մարտի 1-ին, դա արդեն իրենց խնդիրն է: Բայց ես կարծում եմ, որ իշխանությունները նման ռեսուրս չունեն: Իշխանափոխությանը հիմա ժամանակ է տրված, որովհետեւ ընդդիմությունն իր ասելիքն արդեն ասել է: Ասել է, որ բացի եվրոպացիների առաջարկած բանաձեւից, հակված ենք այդ բանաձեւի նույնիսկ մեկ կետի կատարման դեպքում իշխանության հետ նստել բանակցությունների: Որոշողը իշխանություններն են: Նրանք պետք է հասկանան, որ Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ, եւ դրա քաղաքական լուծման միակ ձեւը նախեւառաջ քաղբանտարկյալներին ազատ արձակելն է: Առանց դրա ոչ մի երկխոսություն, լարվածության ոչ մի թուլացում չի լինի: Մինչեւ ընդդիմության հանրահավաքների անընդհատ դառնալը՝ նրանք ունեն խնդիրը կարգավորելու եւս մեկ հնարավորություն, որից հետո հնարավոր են նաեւ բանակցություններ:

– Սերժ Սարգսյանն ասում էր՝ բանակցություններ ինչի՞ շուրջ՝ նախագահական ընտրությունների՞:

– Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, թե երկխոսությունն ինչի շուրջ կլինի, եւ խոսողներն իրենք կորոշեն՝ ինչի շուրջ երկխոսել: Չի բացառվում նաեւ՝ նախագահական ընտրությունների շուրջ, բայց՝ ոչ միայն դրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել