Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԵԿՏՈՐԸ» ՍՏՈՒՄ Է

Սեպտեմբեր 06,2008 00:00

\"\"Ես հեռացվել եմ ԵՊՀ-ում տիրող անառողջ բարքերը քննադատելու պատճառով

Վերջերս ԵՊՀ շատ դասախոսներ իրար հաճախ հարցնում են՝ «այսօր թերթերին Սիմոնյան Արամը հարցազրույց չի՞ տվել» եւ հեգնական ծիծաղում:

Երբ ռեկտորի ընտրությունների ժամանակ նա դրեց իր թեկնածությունը՝ փորձում էի պարզել, թե ինչ են մտածում այդ կապակցությամբ համալսարանականները: «Կքանդի համալսարանը» հնչող գնահատականների ինչուներն էի պարզում: Հետո, երբ ինձ անօրինական աշխատանքից հեռացրեց, իմ իրավունքները պաշտպանելուն զուգընթաց, արդեն ուսումնասիրում եմ այս մարդուն՝ պարզելու համար ԵՊՀ֊ի եւ կրթական համակարգի համար որպես սպառնալիքի հավանական հետեւանքները: Նրա հարցազրույցներն ինձ անընդհատ հիշեցնում են «տգետ մարդը երբ չի խոսում՝ խելացի մարդու տպավորություն է թողնում» հայտնի ասույթը: ԵՊՀ ռեկտոր կոչվածի ցանկացած հարցազրույց ավելացնում է այս մարդու՝ տվյալ պաշտոնին անհամապատասխանության նոր ապացույցներ:

03. 09. 08թ. «Առավոտում» նա անդրադարձել է ԵՊՀ-ից ինձ հեռացնելու խնդրին եւ նշել. «Սասուն Սարիբեկյանը քաղաքական հայացքների համար չի հեռացվել, հեռացել է իր դասախոսական պարտականությունները չկատարելու համար: Նա իր դասը օգտագործում էր ոչ թե տնտեսական աշխարհագրություն կամ աշխարհագրության որեւէ մաս դասավանդելու, այլ քարոզչության համար, ինչի համար բազմիցս զգուշացվել է»:

Անգրագիտություն, այլ կերպ չես կարող անվանել: Եթե մարդը հայացքներ չունի՝ ինչպե՞ս կարող է քարոզ անել: Հետաքրքիր է, հայացքների մասին այսպիսի պատկերացումներո՞վ է Սիմոնյան Արամը դարձել պատմագիտության դոկտոր կամ գուցե ՀՀԿ-ական է դարձել՝ չունենալով հայացքներ, կամ հայացքներ չունենալով մեկ օր անց է կացրել ընտրատեղամասում՝ լինելով նախագահի թեկնածուներից մեկի վստահված անձ:

Սակայն ինձ հեռացնելու պատճառը քարոզ անելը չէ (ես հեռացվել եմ՝ դասավանդելով ընդամենը երկու օր) եւ երբեք քարոզով չեմ զբաղվել եւ իրականացրել եմ ԵՊՀ դասախոսի իմ ֆունկցիաները՝ քաղաքացիական հասարակության զարգացմանը մասնակցության իրավունքների շրջանակներում, որն, ի դեպ, ամրագրված է ԵՊՀ կանոնադրության մեջ: Քննադատվել է ՀՀ տնտեսական քաղաքականությունն այնքանով, որքանով առնչվել է դասախոսության նյութին։ Իսկ հեռացնելու պատճառն այն է, որ ընդդիմացել եմ ԵՊՀ-ում տիրող անառողջ բարքերին, կաշառակերությանը, վերեւից զանգերով գնահատականներ նշանակելուն, կլանների անդամ չեմ եղել, չեմ հանդուրժել այն լկտիությունը, որը կա ամբողջ համալսարանում, մասնավորապես՝ տնտեսագիտության ֆակուլտետում, ուսանողներին տվել եմ դասախոսությունները մեքենագրված, նշանակել անվճար արտաժամյա պարապմունքներ, իմ դասախոսություններին հաճախել են տարբեր ֆակուլտետների եւ տարբեր բուհերի ուսանողներ եւ նրանց կողմից ստացել եմ համալսարանի մասշտաբով ամենաբարձր գնահատականներ: Իհարկե, սա աշխատանքային կարգապահության խախտում է: Դասախոսն ինչո՞ւ պետք է արդար, օբյեկտիվ աշխատի, ինչո՞ւ նրա վրա չպետք է լինի կոմպրոմատ, ինչո՞ւ այս կամ այն հաստագլխի տախտակ լակոտին չպետք է նշանակի, ինչո՞ւ չնշանակելու պատճառով տվյալ ֆակուլտետի ղեկավար կամ միջնորդ կոչվածը «լավամարդ» չլինի վերեւների քաջնազարների մոտ կամ ինչո՞ւ դրանք դասախոսի գնահատականը չօգտագործեն որպես լափելու միջոց: Ընդհանրապես, Սիմոնյան Արամը գիտի՞ դասախոսի կամ իր պարտականությունների մասին, թե՞ մտածում է միայն «կլյուչնիկի» ֆունկցիաների մասին, որի համար իրեն նշանակել են եւ այսօր էլ հիշեցնում են դրա մասին՝ կանգնել դռների մոտ, ուսանողներին չթողնել հանկարծ միտինգի գնան:

Ընդհանրապես, եթե երկրի վատ վիճակի պատճառով հայտնվել ես այդ աթոռին, դա դեռ չի նշանակում, որ դու իմ մանկավարժական որակների մասին դատողությունների իրավունք ունես։

Ինչ վերաբերում է ինձ զգուշացումներին, դու ինձ չես զգուշացրել, ես եմ քեզ զգուշացրել՝ անօրինականություններ համալսարանում թույլ մի տուր։ Կոմպրոմատով վերահսկվող մարդը իրավունք չունի եւ ռիսկ էլ չի անի օբյեկտիվ աշխատող մարդուն ինչ-որ զգուշացում անելու եւ երբեք իմ աշխատանքով այդ հնարավորությունը քեզ չեմ տվել… Եթե ԵՊՀ-ում իսկական ստուգում լինի՝ 02-ի մեկ տարվա նյութ կլինի։ Ավելին, երբ հեռացմանս հրամանը տրված էր, փորձում էի իմանալ, թե որն է ինձ հեռացնելու իսկական պատճառը։ Թաքնվել էիր քարտուղարուհուդ թիկունքում եւ չէիր ընդունում: Եվ երբ պահանջեցի ընդունելություն՝ առաջին խոսքդ սա էր. «բա որ ինձ էլ ասես կաշառակեր»։ Իսկ ես պատասխանեցի. «ինձ մոտ այդպիսի հարց չի ծագում, ինչո՞ւ է ձեզ մոտ ծագում»։ Այսքանն է եղել իմ ու քո հանդիպման խոսակցությունը: Հեռացվելուց հետո ինձ ավելի պարզ եղավ, թե ինչու էր այս մարդը վախեցած հարցնում՝ «բա որ ինձ էլ ասես կաշառակեր»։ Գուցե պատրաստվում էիր արդեն տուն, քոթեջ, մեքենաներ գնել, ԵՊՀ փողերը շինարարական աշխատանքների վրա դուրս գրել եւ հետո բողոքել ԵՊՀ փոքր բյուջեից կամ 60 ուսանողից կազմված կուրսը մեկ տարի հետո 120 հոգանոց դարձնելուց …

Ստախոս մարդը, նույնիսկ եթե նրան մի քանի անգամ ակադեմիկոսի կոչում տան՝ պրոֆեսոր չէ, լաբորանտ էլ իրավունք չունի աշխատելու (պրոֆեսոր լինելու իր երազանքների մասին լրագրողի հետ կիսվել է անձնընտրյալ «ռեկտորը»):

Ինչ վերաբերում է ինձ աշխատանքից հեռացնելու արդարացիությանը, ապա թեեւ ՀՀ դատարանները քո մակարդակին են, սակայն քեզ սխալ են հանել՝ գտել են, որ դու իրավունք չունեիր ինձ հեռացնել (թեեւ ինձ աշխատանքում չեն վերականգնել):

Իսկ ինձ հեռացնելը քո ու քո տեղակալ Սաշիկի ու տնտեսագիտության ֆակուլտետի քրեական անցյալ ունեցող «դեկանի» եւ նրա նախկին տեղակալի կազմակերպելու ապացույցները՝ ձայնագրությունները կան եւ դրա պատասխանը նրանք քեզ հետ միասին դեռ տալու են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել