Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹՈՂԸ՝ ԻՆՉՊԵՍ ԿԱՐ

Սեպտեմբեր 18,2008 00:00

\"\"Երեկ «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Հաղթանակներն ինչպես եղել են. Ազդականչ 44» գրքի շնորհանդեսը: Գրքի գլխավոր հերոսը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանն է:

Երեկ խորհրդանշական էր նաեւ այն իմաստով, որ ուղիղ 4 տարի առաջ այս օրը Շուշիի մեկուսարանից ազատ արձակվեց զորահրամանատարը: Գրքի շնորհանդեսին մասնակցում էր Ֆրանսիայում մշտական բնակություն հաստատած նրա 70-ամյա փաստաբան Ժուդեքս Շաքարյանը, որն «Առավոտին» հիշեցրեց մեր թերթում տպագրված՝ Սամվել Բաբայանի դատավարությունից հետո ճաղավանդակների ետեւում նրա լուսանկարի մակագրությունը. «Պաշտպանն ու Բաբայանը ազատության մեջ երբեւէ կհանդիպե՞ն»: Գեներալին շնորհավորելու էին եկել նրա մարտական ընկերները, Հայաստանի սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը (նա նաեւ Բաբայանի դատավարության մասնակիցներից էր եւ նրա անդավաճան ընկերը մինչ օրս- Ռ. Մ.), Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ում հետ ամենից երկար առանձնացավ հրամանատարը: Լրագրողների դիտարկմանը, թե Վարդան Օսկանյանի հետ հնարավոր քաղաքական դաշինքի մասի՞ն էին պայմանավորվում, Սամվել Բաբայանն ասաց. «Համբերեք, հետո կիմանաք»: Ճանաչված լրագրող, Բաբայանի մարտական ընկեր Ցվետանա Պասկալեւան ասաց, որ գրքում որեւէ ավելորդ տող չկա, այն պատմում է իրական հերոսի մասին, ով հաղթանակներ է պարգեւել Արցախի ժողովրդին: Նա առաջարկեց, որպեսզի գիրքը լույս տեսնի նաեւ ռուսերեն: Գրքի հեղինակներն են Հենրիկ Խաչատրյանը, Գարեգին Ղազարյանը, խմբագիր-խորհրդատուն՝ Ալբերտ Բազեյանը:

Գիրքը կազմված է մի քանի գլուխներից՝ «Օմարից մինչեւ Արաքս (1991-94թթ.)», «Պետականաշինության բավիղներում» (զինադադարի շրջան): «Հարցազրույցների ընտրանի» երրորդ գլխում Սամվել Բաբայանի հետ տարբեր լրատվամիջոցների մինչեւ 2007թ. հարցազրույցներն են: Գրքի հեղինակ Հենրիկ Խաչատրյանն ասաց, որ վավերագրության մեջ տեղ են գտել ռազմական գործողություններն արձանագրող քարտեզներ, կարեւոր փաստաթղթեր, որոնք մինչ օրս չէին հրապարակվել:

Գրքում կա անդրադարձ 2000թ. մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությանը: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվեց 206 քաղաքացի, 16-ի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց: Սամվել Բաբայանի նկատմամբ՝ նույնպես: Ավելին, Արցախի ազգային հերոսը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Առաջին անգամ գրքում (248 էջ) հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանը պաշտոնապես ներողություն է խնդրում Սամվել Բաբայանից՝ լրագրողական էթիկան խախտելու, նրա վերաբերյալ պատվիրված ֆիլմ նկարահանելու եւ «աղավաղված, կեղծ ու սուտ» տեղեկություններ տարածելու համար:

Գրքում առանձին անդրադարձ կա նրա քաղաքական գործունեությանը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել