Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԼԻՆԵԼ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ

Սեպտեմբեր 23,2008 00:00

\"\"Ըստ կոալիցիայի անդամների՝ Հայաստանը տարածաշրջանում դառնում է նախաձեռնող տերություն

Տարածաշրջանային վերջին զարգացումների պատկերի մեջ, ըստ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի, Հայաստանն արդեն կարողացել է դառնալ նախաձեռնող երկիր. «Այն, ինչի մասին խոսում էր Սերժ Սարգսյանն ընտրվելուց հետո, այն է՝ արտաքին քաղաքականության մեջ ավելի նախաձեռնողական լինելու հրամայականի մասին, բոլորս այսօր ականատես ենք, թե ինչպես է կյանքի կոչվում, ՀՀ դերակատարությունն այսօր թե՛ տարածաշրջանում, թե՛ ԵԱՀԿ-ի տարածքում բավականին մեծ է, եւ նախագահի վերջին նախաձեռնությունները շատ լայն արձագանք են ունեցել եվրոպական եւ ամերիկյան շրջանակներում: Սա Հայաստանին թույլ է տվել ոչ թե վազել իրադարձությունների հետեւից, այլ պայմանավորել իրադարձություններ: Նման բաները միշտ առավելություն են տալիս երկրին, սեփական շահերից ելնելով, համապատասխան պայմաններով տարածաշրջանային առաջատար դառնալու համար»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանի կարծիքը հետեւյալն է. «Այն, որ Հայաստանը տարածաշրջանում հետաքրքրող է դարձել՝ փաստ է: Ես գնահատում եմ իշխանության ճիգը՝ տարածաշրջանում դառնալ գերակայող, թելադրող: Սակայն մի բան է ցանկությունը, մեկ այլ բան՝ իրականությունը: Մեր պետությունը ձգտում է տարածաշրջանում հասնել գերիշխող դիրքի, բայց խոսում ենք այնպիսի ծրագրերից, որոնք իրականացնելու համար դեռ շատ քայլեր ունենք անելու: Եթե խոսում ենք ժողովրդագրական քաղաքականության, հայրենադարձության մասին, բայց չենք կանխում արտագաղթը, նշանակում է, որ խոսում ենք գեղեցիկ ծրագրերի մասին, որոնց իրականացումն այս փուլի համար անիրատեսական է»:

«Օտարների համար, այլ տերությունների համար միշտ հայկական գործոնը Կովկասում կարեւոր է եղել. «հայկական սեպ» անունն է կրել, հայկական ֆենոմեն, թե՝ հայկական գործոն, բայց միշտ եղել է շատ կարեւոր: Ես ուրախ եմ, որ թեթեւամիտ բաներ չարեցինք, կարող էինք, չէ՞, Աբխազիայի եւ Օսեթիայի ճանաչումից հետո փեշներս քշտեինք, ասպարեզ դուրս գայինք եւ սկսեինք՝ Ղարաբաղ-Ղարաբաղ: Աստված գիտե, թե դրա հետեւանքներն ինչ կլինեին: Ուրախ եմ, որ մենք դանդաղ ենք շտապում,- պատասխանելով «Առավոտի» հարցին՝ համաձա՞յն է այն տեսակետին, որ ՀՀ-ն տարածաշրջանում փորձում է իրականացնել նախաձեռնող արտաքին քաղաքականություն, ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, գրող-հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը: Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի համար «շատ ցանկալի կլիներ, որ մեր արտաքին դիվանագիտական քաղաքականությունն իսկապես շատ նախաձեռնող լիներ եւ կարողանար համարժեք նախաձեռնություններ իրականացնել տարածաշրջանում, բայց այս առումով ոգեւորվելու քիչ բան ունեմ: Կովկասյան պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությունը պատկանում էր թուրքական կողմին»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ասաց, որ ողջունում է Թուրքիայի նախագահին հրավիրելը, բայց նաեւ մտահոգ է թուրքական կողմի տարածած հայտարարությամբ, թե Ա. Գյուլի եւ Ս. Սարգսյանի հանդիպման ժամանակ խոսակցությունը գնացել է բացառապես ազատագրված շրջանների մասին. «Սա մեզ համար խիստ մտահոգիչ է, եւ երկրորդը՝ հասարակությունն, ըստ էության, չմասնակցեց հայ-թուրքական հանդիպումների օրակարգի ձեւավորմանը: Թուրքիան նորից, այսպես կոչված, եվրոպական ընտանիքի դիմակը հագավ եւ ցույց տվեց, որ ինքը իբր բաց հասարակության ժողովրդավար երկիր է, փորձում է երկխոսության մեջ մտնել իր հարեւանների հետ: Իսկ մեր օգուտները դեռ չեն երեւում, կարծում եմ, պրոցեսը պետք է շատ արագ ցույց տար քայլերը դեպի դրական զարգացում՝ սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի կարծիքով՝ «Գյուլին հրավիրելն արդեն բավականին կառուցողական դաշտում իրագործած քայլ էր, եւ Գյուլի գալը եւս դիտում եմ նույն դաշտում: Այս հարցում մենք առաջին քայլը կատարեցինք եւ պատրաստ ենք սկսել անկեղծ երկխոսություն: Կուզեի տեսնել այդ անկեղծ երկխոսության սկիզբը: Բայց թե որքանով է Թուրքիան պատրաստ դրան՝ միանշանակ չեմ կարող ասել եւ վստահ չեմ, թե պատրաստ է»: Ավետ Ադոնցը կարծում է, որ եթե Թուրքիայի նախագահի այցը Հայաստան անկեղծ էր, եւ դրանով սկիզբ է դրվելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա, իհարկե, Հայաստանի դերակատարությունը կբարձրանա. «ՀՀ նախագահի կողմից արվեց առաջարկություն, եւ այդ առաջարկը մերժելը Թուրքիայի համար շատ վտանգավոր էր լինելու միջազգային վարկի տեսանկյունից: Բայց եթե այցը մնա միայն թղթի վրա, ապա ես կարծում եմ, որ տարածաշրջանում եթե իրավիճակը փոխվի էլ, ապա հայ-թուրքական հարաբերությունները՝ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել