Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոնյան «հետեւանքները»՝ կոնսերվատորիայի վրա

Հոկտեմբեր 03,2008 00:00

Պարզաբանում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Շահեն Շահինյանը

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան այն բուհերից է, որոնք միացել են Բոլոնիայի գործընթացին: Այդ պատճառով այժմ բուհում որոշ փոփոխություններ են կատարվում: Օրինակ՝ 2005 եւ 2006 թվականներին բուհ ընդունված ուսանողները բակալավրի որակավորում ստանալու համար պետք է սովորեն 5 տարի, իսկ մագիստրոսի որակավորման համար՝ եւս մեկ տարի: 2007-ին կոնսերվատորիա ընդունված ուսանողները բակալավր կոչվելու համար կսովորեն՝ 4, իսկ մագիստրոսի որակավորում ստանալու համար՝ եւս 2 տարի: Եթե ԵՊՀ-ի կամ տեխնիկական ուղղվածության բուհերի պարագայում եռաստիճան համակարգի ներմուծումը ինչ-որ տեղ հասկանալի է, ապա արվեստի բուհերում այսպիսի վերաձեւումները առաջին հայացքից անտրամաբանական են թվում: Այս պատճառով էլ «Առավոտը» զրուցեց կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանի հետ: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կտա եռաստիճան համակարգի անցումը երաժշտական ուղղվածության եւ որոշակի առանձնահատկություններ ունեցող բուհին: «Սկզբում մի քիչ վատ ձեւով էինք նայում այս գործընթացին, բայց երբ ավելի լավ ծանոթացանք՝ տեսանք, որ այն բարեփոխումներ է ենթադրում: Մեր առաջ խնդիր ենք դրել անցնել բարեփոխումների՝ միայն հին լավը պահպանելու պայմանով: Եռաստիճան համակարգի անցումը բերում է նրան, որ ծրագրերը առարկաների քանակի առումով թեթեւանում են եւ ուսանողների ծանրաբեռնվածությունը՝ նվազում: Մեզ համար դա կարեւոր է, քանի որ մեր շրջանավարտների 90%-ը կատարող է, ուստի անհատական աշխատանքը շատ մեծ է, միայն 6 ժամ պարապում են իրենց մասնագիտությամբ»,- նշեց Շ. Շահինյանը: Մեր դիտարկմանը, որ, միեւնույն է, ջութակահարը իր գործիքն է նվագելու եւ էլի անհատական այդ 6 ժամը պարապելու է, էլ ո՞րն է 2 տարի ուսման պրոցեսը երկարաձգելու իմաստը, պրոռեկտորը պատասխանեց. «Շուկայական հարաբերությունները գործում են նաեւ արվեստի մեջ, այստեղ էլ կա աշխատանք ունենալու խնդիր: Այս գործընթացին անցումը՝ հատկապես օգնում է աշխատանք գտնելուն: Նախկինում 5 տարի կոնսերվատորիայում սովորած մարդիկ ստանում էին դիպլոմավորված մասնագետի որակավորում, իսկ մեզ մոտ սովորած արտասահմանցի ուսանողների դիպլոմում գրվում էր՝ «մագիստրոս»: Կատարողների առումով որեւէ խնդիր չէր առաջանում, այնինչ՝ ոչ բոլորն են կատարող դառնում, որոշ մարդիկ ցանկանում են նաեւ դասավանդել: Իսկ արտասահմանում մասնագետի որակավորումը դիտվում էր որպես բակալավրի որակավորում, ասում էին, թե դեռ մեզ մոտ մագիստրատուրա պիտի ավարտես, որ դասավանդես»: Շ. Շահինյանը խոստովանեց, որ այս նոր համակարգը մասնագիտական առումով որեւէ փոփոխություն չի բերում, պարզապես որոշ նոր առարկաներ են ի հայտ գալիս:

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են որոշել 2005, 2006 թվականներին եւ 2007-ին ընդունվածներին տարբեր պայմանների մեջ դնել: Շ. Շահինյանը պատասխանեց. «Դա արվել է այն պատճառով, որ այս անցումային իրավիճակում ցնցումների մեջ չընկնենք»: Պրոռեկտորի հետ խոսեցինք նաեւ կրեդիտային համակարգի «պլյուսներից» եւ «մինուսներից». «Այդ համակարգը մեզ մոտ կիրառվում է 2007-ին ընդունվածների շրջանում: Ամեն տարի ուսանողը պիտի հավաքի առավելագույնը 60 կրեդիտ: Ընթացիկ ստուգումները, որոնք եւս կրեդիտ են բերում ուսանողներին, մեզ մոտ կոչվում են «փակ երեկոներ», երբ ուսանողը մասնագիտական առարկայից հանդես է գալիս նույն ծրագրով՝ ինչ քննությանը: Այնուամենայնիվ, մեզ համար մեր ուսանողի՝ միջազգային մրցույթի դափնեկիր դառնալը ավելի մեծ ցուցանիշ է, քան ցանկացած կրեդիտը»: Հետաքրքրվեցինք, թե այս նոր համակարգը չի՞ կաշկանդում ապագա երաժիշտներին, իսկ ո՞ւր մնաց ստեղծագործական ազատ մթնոլորտը. «Սկզբում կաշկանդում էր, հիմա՝ ոչ: Պարզապես, դեռ նոր տուն չկառուցած՝ պետք չէ հինը քանդել, ինչպես արել են այլ երկրներ»: Շ. Շահինյանը նաեւ շեշտեց, որ գործընթացը հնարավորություն է տալիս լուծել ազգային որակավորման հարցը, ինչը նշանակում է, որ տվյալ երկիրը, համապատասխանելով միջազգային չափանիշներին, չպետք է մոռանա իր ազգային արժեքները: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ճի՞շտ են այն լուրերը, որ առաջիկայում սպասվում է կոնսերվատորիայի ղեկավարության փոփոխություն: Շ. Շահինյանը զարմացած պատասխանեց. «Ռեկտորն ընդամենը 6 ամիս առաջ վերընտրվեց: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել