Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ն է՞լ էր ահաբեկչություն

Հոկտեմբեր 07,2008 00:00

Որքանո՞վ օգտակար կլինի «Սեպտեմբերի 11»-ի գործով ամերիկյան հանձնաժողովի փորձը «Մարտի 1»-ի ԱԺ հանձնաժողովի համար:

Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամները երեկ հանդիպեցին Հայաստան ժամանած ամերիկյան փորձագետներ Քրիստոֆեր Կոյմին եւ Մայքլ Հարլիին, որոնք նախկինում եղել են ԱՄՆ նկատմամբ իրականացված ահաբեկչական հարձակումների՝ «Սեպտեմբերի 11-ի» գործով հանձնաժողովի անդամներ: Վերջինիս փորձը որքանո՞վ կարող է օգտակար լինել, եթե հաշվի առնենք, որ դրա քննության նյութն արտաքին ագրեսիային էր առնչվում, իսկ «Մարտի 1»-ի հանձնաժողովինը՝ զուտ ներքաղաքական:

Քրիստոֆեր Կոյմը, որը «Սեպտեմբերի 11-ի» հանձնաժողովի գործադիր տնօրենի տեղակալն էր եւ շուրջ 1 տարի ղեկավարել է հանձնաժողովի «Հանրային երկխոսություն» ծրագիրը, որի նպատակն էր ամերիկյան հասարակությանը իրազեկել սեպտեմբերի 11-ի դեպքերի մասին ու ներկայացնել հանձնաժողովի աշխատանքը՝ երեկվա հանդիպման ընթացքում բազմիցս նույն խորհուրդը տվեց հայ հանձնաժողովականներին, թե իրենց զեկույցն ազդեցիկ չի լինի, ուժ չի ունենա, եթե դրան չհավատա ու չվստահի հանրությունը: Թեեւ քիչ անց նաեւ վերապահում արեց. «Որպես հանրային զեկույց պատրաստող՝ պիտի ձեր կարծիքն ունենաք, իմանալով հանդերձ, որ կլինեն մարդիկ, որոնք կշարունակեն ունենալ այլ կարծիք»: Եվս մի զուգահեռ. Քրիստոֆեր Կոյմը հիշատակեց, թե իրենց հանձնաժողովը հիմնվել է գործադիր մարմնի իրականացրած քննության վրա, սակայն նաեւ որոշել են, թե որն է արժանահավատ, իսկ որը՝ ոչ:

Մյուս փորձագետը՝ Մայքլ Հարլին, որը եղել է «Սեպտեմբերի 11-ի» գործով հանձնաժողովի Հակաահաբեկչական քաղաքականության հետաքննման հարցերով համակարգողն ու ավագ փաստաբանը, իսկ վերջերս էլ զբաղեցնում էր պետքարտուղարության հակաահաբեկչության համակարգման հարցերով պատասխանատու դեսպանի հատուկ խորհրդականի պաշտոնը՝ հանդիպման ընթացքում նշեց, թե իրենց հանձնաժողովը որեւէ մեկի չի մեղադրել կատարվածի համար. իրենք ուղղակի հստակ ներկայացրել են կատարվածը, թե ով ինչ է արել: Ընդ որում՝ հանձնաժողովն ընթացքում զրուցել է 1200 հոգու հետ, ուսումնասիրել շուրջ 2 մլն էջ փաստաթուղթ: Դատելով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի արձագանքից՝ իրենց համար թերեւս օրինակելի չէ մեղավորներ չնշելու փորձը. նա նկատեց, որ ի տարբերություն ամերիկյան հանձնաժողովի՝ իրենք պարտադրված են տալ որոշակի գնահատականներ:

Մայքլ Հարլին հիշատակեց, որ իրենց հանձնաժողովին ցուցմունքներ են տվել ԱՄՆ նախկին եւ ներկա նախագահները՝ Քլինթոնը եւ Բուշը: Իսկ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն այդպես էլ որեւէ պարզաբանում չի պահանջել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից. հարցեր են ուղղվել միայն Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որն էլ դրանք թողեց անարձագանք: Թերեւս հենց նրան էլ նկատի ուներ Սամվել Նիկոյանը, երբ ամերիկյան փորձագետներից հետաքրքրվեց, թե կարողացե՞լ են պարտադրել, որ իրենց պարզաբանումներ տան նախկին պաշտոնյաները: Սակայն Քրիստոֆեր Կոյմը նշեց, թե նախկին պաշտոնյաները միշտ պատրաստ են եղել իրենց հետ զրուցել. «Երբե՛ք նման իրավիճակների չենք բախվել, որ ստիպված լինեինք դատարանի միջոցով նրանց բերման ենթարկել, որպեսզի ցուցմունքներ տան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել