Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ 1-Ը ՆՄԱՆ ՉԷՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ»

Հոկտեմբեր 10,2008 00:00

\"\"ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը վստահ է, որ հարկավոր է

կանոնակարգել թիկնապահների ինստիտուտը:

– ՀՅԴ խմբակցության ղեկավարը, նկատի ունենալով վերջերս տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում մարդ սպանվեց, եւ որին, ըստ լուրերի՝ մասնակից է ԱԺ պատգամավորներից մեկը՝ իր թիկնապահներով, հարց ուղղեց կառավարությանը, ասելով, թե խիստ կարեւոր է «Թիկնազորի մասին» օրենքի ընդունումը: Ի՞նչ եք կարծում, նման հարցերը կարգավորվում են օրենքի ընդունումո՞վ, թե՞ այլ հարթություն է պետք որոշ օլիգարխիկ-պատգամավորների ու նրանց թիկնապահներին կարգի հրավիրելու համար:

– Այդ «այլ հարթությունը» հենց օրենքն է: Այսօր մենք չունենք ինֆորմացիա, թե քանի մարդ ունի թիկնապահներ, բայց տեսնում ենք, որ կան մարդիկ, ում հետեւից գնում է 2-3-10 մեքենա, ում ուղեկցողները զինված են, կամ եթե զինված էլ չեն, այդ կարգավիճակի մեջ են իրենց զգում: Բայց հայտնի՞ է արդյոք, թե որտե՞ղ են նրանք հաշվառված, զենքն ի՞նչ օրենքով են կրում: Զենքը կրելու հնարավորություն տվողը ոստիկանության եւ անվտանգության կառույցի համապատասխան ստորաբաժանումներն են: Բանավոր հարցումներով պարզել եմ, որ դրանց մեծ մասը հաշվառված են ոստիկանության պահպանման վարչությունում: Եթե դրանք ոստիկան են, ապա օրենքով պետք է կրեն ոստիկանի համազգեստ, եթե ոստիկան են՝ որտե՞ղ են անցնում պատրաստությունը, ինչո՞ւ չեն կրում համազգեստ:

– Ստացվում է, որ կան մեծ թվով զինված թիկնապահներ կամ սափրագլուխներ, ովքեր ոչ մի տեղ գրանցված չեն, եւ որեւէ մեկը չի մտածում դրանց օրենքի դաշտ բերելու մասին:

– Ոստիկանության մասին օրենքը բավարար չէ այս հարաբերությունները կանոնակարգելու համար: Սա այնպիսի յուրահատուկ դաշտ է, որը պետք է կարգավորվի առանձին օրենքով: Այդ դեպքում, հավատացնում եմ, կգտնվեն մասնագետներ, որոնք կստեղծեն համապատասխան կառույցներ, եւ այդ կառույցների նկատմամբ վերահսկողություն կիրականացնի ոստիկանությունը:

– Սակայն «Թիկնազորային ծառայության մասին» օրենքը կառավարությունը մերժեց:

– Այո, կառավարությունը մերժել է, մինչդեռ բանավոր խոսակցությունների ժամանակ ասվում էր՝ այո, դաշտը բաց է, նման օրենքն անհրաժեշտ է, բայց շատ զարմանալի պատճառներով լիազոր մարմինը՝ ոստիկանությունը, մերժեց, եւ արդյունքում կառավարությունը տվեց բացասական գնահատական: Վստահ եմ՝ այս օրենքի բացակայությունը դեռ չարիքներ է բերելու մեր հասարակությանը: Իր վրա պաշտպանության պարտականություն վերցրած անձի նկատմամբ, լինի թիկնապահ, պահապան կամ զինված պահակ, մենք պետք է այլ վերաբերմունք ունենանք, ի վերջո, եթե խորը նայենք՝ այդ անձը հարգանքի արժանի մարդ պիտի լինի: Բայց այսօր ի՞նչ է տեղի ունենում՝ հասարակությունը չի տեսնում թիկնապահի, պահապանի, այլ տեսնում է մարդու, որն իր ոչ պրոֆեսիոնալիզմով պատրաստ է կատարել իր պաշտպանյալի բոլոր հրամանները: Իրական թիկնապահը որեւէ հրաման կատարելու իրավունք չունի, այլ պարտավոր է օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում պահպանել տվյալ անձի անվտանգությունը, անգամ նրան իրեն ենթարկել, ոչ թե՝ կատարել նրա հրամանները:

– Նախագահն իր ուղերձում ասաց, թե որեւէ մեկին չի թույլատրվում պետության գործառույթներ իրականացնել: Ըստ Ձեզ՝ սա բավարա՞ր է, որպեսզի այս կարգի մարդիկ իրենց կարգին պահեն, փողոցում մարդ չսպանեն:

– Բավարար է, եթե այդ կոչը կյանքի կոչվի, հակառակ դեպքում կմնա ուղղակի կոչ:

– Ո՞վ պիտի կյանքի կոչի:

– Կառավարությունը, մյուս բոլոր լիազոր մարմինները: Նախագահի ուղերձը կմնա միայն ուղերձ, եթե համապատասխան հետեւություններ չարվեն:

– Որպես զինվորականի եմ հարցնում՝ պատերազմի ժամանակ կարծես պարզ է, թե ո՞ր դիպուկահարը, ո՞ր զինվորը կրակեց, ո՞ւմ կպավ գնդակը: Մարտի 1-ից հետո պաշտոնապես ունենք 10 զոհ, չունենք որեւէ մեկը, որը ձերբակալվել է զոհերից որեւէ մեկին կրակելու եւ սպանելու մեղադրանքով: Դժվա՞ր էր 7 ամսվա ընթացքում գտնել մեկին, ով կրակել է եւ սպանել:

– Ձեզ հիասթափեցնեմ՝ պատերազմի դաշտում այնքան էլ պարզ չի լինում, թե ո՞վ կրակեց եւ ո՞վ մեռավ:

– Այսինքն՝ այն, ինչ կատարվեց մարտի 1-2-ին՝ նմանեցնում եք պատերազմի՞, չէ՞ որ այս դեպքում էլ չի պարզվում, թե ով՝ ում կրակեց:

– Ոչ, այդպես չէ, եւ բացատրեմ՝ ինչու: Պատերազմի դաշտում գործողություններն իրականացնում են ստորաբաժանումները, ամեն մեկը գիտի իր կրակի ուղղությունը, գիտի իր առաջադրանքը, պատերազմի դաշտում ակնհայտ է՝ կոնկրետ ով իրականացրեց խնդիրը, ով թիրախը ոչնչացրեց, եթե լինում է կոնկրետ հրաման: Իսկ մարտի 1-ի իրադարձությունները ոչ մի զուգահեռ չունեն պատերազմական գործողությունների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել