Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՀԵՐՔԵԼ ԱՆՀԵՐՔԵԼԻՆ

Հոկտեմբեր 18,2008 00:00

\"\"Բայց «Մարտի 1»-ի դեպքերի «կենդանի»
վկաներ դեռ կան

Մեզ հաջողվել է հավելյալ տեղեկություններ հավաքել «Մարտի 1»-ի դեպքերի վերաբերյալ: Այդ տեղեկությունների աղբյուրը չենք հրապարակի՝ նրան վտանգի չենթարկելու համար: Մեր աղբյուրի պատմելով՝ մարտի 1-ի ուշ երեկոյան, երբ Գրիգոր Լուսավորիչ փողոց տանող բոլոր մուտքերը փակված էին ոստիկանների եւ ներքին զորքերի հարձակման փորձերից պաշտպանվող քաղաքացիների կողմից կառուցված բարիկադներով, եւ երբ Երեւանում արդեն կրակոցներ էին հնչում, ուժայիններն էլ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված մի քանի հարյուր հազար մարդկանց փորձում էին վախեցնել կամ խուճապի մատնել, այսպես կոչված՝ «տրասիրույուշչի» կրակոցներով եւ հատուկ միջոցների կիրառմամբ, իսկ Մաշտոցի պողոտայի եւ Պարոնյան փողոցի խաչմերուկում իսկական մարտեր էին ընթանում ուժայինների եւ առանձին քաղաքացիների միջեւ, ՀՀ ոստիկանության ներքին զորքերի ժամկետային զինծառայողներին հրամայվել էր կրակել մարդկանց վրա: Ժամկետային զինծառայողները, որոնք չէին կատարել հրամանը եւ հարվածներ էին ստացել սեփական հրամանատարի կողմից, տեսնելով, որ վիճակը գնալով անկանխատեսելի է դառնում, մաս-մաս լքել էին իրենց դիրքերն ու Սուրբ Սարգիս եկեղեցուն հարող կամրջի վրայով փախել դեպի «Մետրոպոլ» հյուրանոցի կողմն ու «Հաղթանակ» կամրջի մոտով անվտանգ տեղ գտնելու հույսով մտել էին Զանգվի ձոր: Նրանց մի մասն արդեն վիրավորված է եղել, բայց մի քանիսը կարողացել են հասնել Կիլիկիա կոչվող թաղամաս: Այստեղ բնակիչները, տեսնելով նրանց եւ հասկանալով, թե ինչ է կատարվում Երեւանի կենտրոնում, վիրավոր զինծառայողներից ոմանց իրենց տուն են տարել եւ պատսպարել: Զինվորները զանգել են իրենց հարազատներին, որոնք էլ եկել եւ իրենց որդիներին տարել են կամ տուն, կամ հիվանդանոց: Մեր աղբյուրը, որն անձամբ է ճանաչում այդպիսի զինվորներին պատսպարած մի քանի մարդու, հավաստիացրեց, որ «Մարտի 1»-ի վերաբերյալ դեռ շատ բաներ կան, որոնք անմիջական ականատեսները հրապարակել չեն կարող՝ հասկանալի պատճառներով: «Մարտի 1»-ի ողբերգության «կենդանի» վկաներ, իսկապես, շատ կան, որոնք ականատեսն են եղել ե՛ւ Մաշտոցի պողոտայում, ե՛ւ Պարոնյան ու Լեո փողոցներում ծավալված իսկական մարտական գործողություններին, ե՛ւ ուժայինների կողմից մարդկանց դիմահար գնդակահարությանը, ու նրանք մի օր անպայման խոսելու եւ պատմելու են իրենց տեսածը: Հիմա դա անելն անիմաստ է, նկատի ունենալով իշխանությունների՝ «Մարտի 1»-ի դեպքերն իսկապես օբյեկտիվորեն եւ լրիվությամբ հետաքննելու ցանկության պակասը եւ այդ դեպքերի մասին ճշմարտությունը կոծկելու ակնհայտ միտումը: Դրա վկայությունն այն է, որ նույնիսկ ակնհայտ բաները ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչները չեն տեսնում: Ասենք՝ այն արյան լճակն ու մարդկային մարմնի մասերը, որոնք պատկերված էին «Ա1+»-ի արած հայտնի կադրերում: Ինչ ասես, որ չմոգոնեցին ՀՔԾ-ում՝ էլ արյուն չէ՝ իմիտացիա է, էլ մարդու ծնոտ չէ՝ խոճկորի է ու նման բաներ: Սա այն դեպքում, երբ մինչեւ սեպտեմբերի 10-ը, երբ հիշյալ կադրերը հրապարակվեցին «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հանձնախմբի կողմից եւ ավելի լայն քննարկման առարկա դարձան, տեսագրությունն էլ, իբր, փորձաքննության ենթարկվեց ու հայտարարվեց, թե վարպետորեն մոնտաժված է, ՀՔԾ-ում մանրամասնորեն ուսումնասիրել էին դրանք եւ գիտեին, որ «խոճկորի» ծնոտն ու մյուս մասերը հաստատապես պատկանում են մարդու: Դրա համար, դատախազությանը մոտ կանգնած մեր աղբյուրների ասելով, «Մարտի 1»-ի տուժողներից մեկին մի քանի անգամ դատաբժշկական փորձաքննության էին ենթարկել՝ հավաստիանալու համար, որ այդ ծնոտի կտորը հենց նրանը չէ, որովհետեւ զոհված քաղաքացիներից որեւէ մեկը նման վնասվածք չէր ստացել: Պարզվել էր, որ ծնոտի կտորը այդ տուժողինը չէ: Ասել է թե՝ կա 11-րդ եւ կամ ավելի զոհ, որոնք արդեն հուղարկավորվել են: Դե, ՀՔԾ-ն էլ, բնականաբար, ավելի նպատակահարմար էր գտել հայտարարել, թե ծնոտը խոճկորի է: Սա այն դեպքում, երբ «Ա1+»-ի նկարահանած կադրերում ակնհայտ է արյան ծով, որը մեկ մարդու պատկանել չէր կարող: Իհարկե, սա ՀՔԾ-ի համար ընդունելի տարբերակ չէ, թեեւ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո «ՉԻ» թղթակից Գոհար Վեզիրյանն էլ իր հրապարակումներից մեկում որպես ականատես փաստել էր, որ երբ Պարոնյան փողոցով հասել էր Գր. Լուսավորիչ փողոց, տեսել էր. «Լուսավորիչ փողոցն ամբողջությամբ ողողված էր արյունով: Տպավորությունն այնպիսին էր, թե հայտնվել ես մարտի դաշտում, որտեղ հենց նոր են ավարտվել ռազմական գործողությունները, որոնց արդյունքում բազմաթիվ մարդիկ են զոհվել ու վիրավորվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել