Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՐԺՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՁՈՎ

Հոկտեմբեր 24,2008 00:00

\"\"Ասում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային վերջին ելույթից հետո ունի անպատասխան մնացած հարցեր:

– Ձեր կարծիքով՝ հանրահավաքները եւ երթերը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումն ինչպե՞ս կանդրադառնա քաղբանտարկյալների ճակատագրի վրա:

– Վերջին հանրահավաքից հետո հանդիպել եմ միայն Արման Բաբաջանյանին եւ իր հետ եմ զրուցել, թե ինչ է տեղի ունենում: Քանի որ ինքս շատ հարցերի պատասխանը չունեմ, կարծում եմ՝ նաեւ ազատազրկված մարդկանց մոտ են այդ որոշման առնչությամբ ծագել հարցեր: Այո, կան հարցեր, որոնք անհասկանալի են եւ ընդունելի չեն ինձ համար: Ես, ասենք, գտնում եմ, որ մենք պետք է իրացնենք ցանկացա՛ծ սահմանադրական իրավունք, որը միտված է ազատություններին: Բացի այդ՝ եթե մենք այսօր արտաքին քաղաքականության մեջ խնդիր ունենք՝ զանգվածային միջոցառումները կարող էին նույնիսկ նպաստել, որ դրանք ստանան ավելի դրական, հայանպաստ լուծում:

Բայց գտնում եմ, որ պայքարն իհարկե չի դադարել, եւ հոկտեմբերի 17-ի հանրահավաքում ազդարարվածը մարտավարական որոշում էր, որը կարող է փոխվել ցանկացած պահին: Եվ եթե նման որոշում է հայտարարվել՝ դեռ չի նշանակում, որ այն միանշանակ ընդունելի է ու վերջնական: Ժողովուրդը ցանկացա՛ծ պահին կարող է համախմբվել ու եւս մեկ անգամ իրականացնել իր իրավունքը՝ անցկացնելու զանգվածային միջոցառում:

– Տարօրինա՞կ չէր, որ ամբողջ ելույթի ընթացքում քննադատելով Սերժ Սարգսյանին ու պնդելով, թե նա «ներքաշվել է աշխարհաքաղաքական մի այնպիսի խաղի հորձանուտ, որի ելքը Հայաստանի ու Ղարաբաղի համար եթե ոչ կործանարար, ապա առնվազն անբարենպաստ է լինելու»՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Անկեղծորեն կողմ լինելով թե՛ ղարաբաղյան հակամարտության, թե՛ հայ–թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը՝ մենք չենք ուզում Հայաստանի իշխանություններին խանգարել լուծելու այդ խնդիրները»:

– Կարծում եմ, որ շարժումը չէր խանգարի: Միգուցե զանգվածային միջոցառումները դադարեցնելը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առավել հեռատես ռազմավարության հետեւա՞նքն էր, ինչից ես տեղյակ չեմ ու չեմ կարող մեկնաբանել: Ես մեր իշխանությունների վարած թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության կողմնակիցը չեմ, բայց այնուամենայնիվ՝ կարծում եմ, որ Հայաստանում անգամ ամենաանընդունելի իշխանությունը (ով ուզում է՝ ներկայացնի այն) չի կարող գնալ այնպիսի լուծման, որը չի բխի հայ ազգի շահերից: Եվ հավատ չեմ ընծայում շրջանառվող լուրերին, թե կստորագրվի պայմանագիր կամ ինչ-որ փաստաթուղթ, որը կհանգեցնի թեկուզ մի սանտիմետր հող զիջելուն: Կրկնում եմ՝ իմ կարծիքով նման քայլի չի գնա իշխանության որեւէ ներկայացուցիչ: Եվ չի գնա ոչ թե այն պատճառով, որ նա բարոյական է եւ այլն, այլ ուղղակի հասկանալով, որ այդ դեպքում կդառնա ողջ հայ ժողովրդի թիրախը: Ու հենց միայն այդ պատճառով չի գնա:

Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ եթե իրական է վտանգը, թե այս իշխանության ներկայացուցիչները ոչ հայանպաստ լուծման շուրջ են բանակցում (իսկ այս մեկ տարվա ընթացքում մենք լսել ենք, որ դա հենց այդպես է), ապա մենք զանգվածային միջոցառումները պետք է ուղղենք հենց այդ ուղղությամբ նաեւ:

– Կարո՞ղ եք մտաբերել՝ վերջին տարիներին քանի՞ անգամ է նման իրավիճակ եղել, երբ թվացել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ընդամենն ամիսների հարց է: Գուցե սա է՞լ է նման մի հերթական չհիմնավորված սպասում:

– Այո, սա առաջին դեպքը չէ: Էլի են հնչել հայտարարություններ, թե հարցն արդեն իսկ շուտափույթ կարգավորման փուլում է եւ այլն:

Բայց չեմ կարծում, թե հարցի կարգավորման այն պատկերացումներով, որն ունի աշխարհասփյուռ հայ ժողովուրդը՝ այսօր կամ առաջիկայում կարող է կարգավորվել Ղարաբաղի խնդիրը:

Վերջում հիշեցնեմ՝ հանրահավաքներից մեկում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, թե ինքն է եկել ու միացել ժողովրդի շարժմանը: Կարծում եմ՝ եթե ինքն այժմ դադար է հայտարարել ու նույնիսկ եթե ապագայում հրաժարվի էլ շարժման մասնակիցը լինելուց, ապա շարժումը միեւնույն է՝ գոյություն է ունենալու: Այն պայմանավորված չէ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձով: Շարժումը ժողովրդի համակարգային փոփոխությունների պահանջով է ծնվել եւ կունենա այլ ղեկավարություն, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվի շարժումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել