Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կոմպոզիտորները եւ նման են, եւ տարբեր

Հոկտեմբեր 25,2008 00:00

\"\"Կարծում է դաշնակահար եւ կոմպոզիտոր Սթիվեն Պրուտսմանը

Սեպտեմբերի 15-ին մեկնարկած Վերադարձի դասական երաժշտության երկրորդ փառատոնի հերթական համերգին, որը կկայանա հոկտեմբերի 25-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ԱՄՆ-ից ժամանած ճանաչված արվեստագետներ՝ դաշնակահար Սթիվեն Պրուտսմանը եւ թավջութակահար Սուրեն Բագրատունին կհնչեցնեն Բեթհովենի, Դեբյուսիի, Շոստակովիչի եւ Վաչե Շարաֆյանի կամերային երկերից: Ընդ որում, հիշյալ երաժիշտների եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Ա. Ղարաբեկյան) համատեղ ելույթով հոկտեմբերի 28-ին՝ «Ա. Խաչատրյան» համերգասրահում կփակվի փառատոնը: Եվ քանի որ «Առավոտը» ժամանակին ներկայացրել է հարցազրույց Ս. Բագրատունու հետ, նախօրեին հանդիպեցինք Սթիվեն Պրուտսմանին: Վերջինս դասվում է իր սերնդի նորարար այն երաժիշտների շարքին, որոնք հեշտությամբ անցում են կատարում դասականից ջազ եւ այլ ոճերի՝ տարբեր ազգերի երաժշտության մեջ ընդհանրություններ որոնելու եւ ուսումնասիրելու նպատակով:

Փառատոնի հիմնադիրներ Մարիամ Շահինյանն ու Գարիկ Նազարյանը մեզ տեղեկացրին, որ դաշնակահարը նաեւ կոմպոզիտոր է, եւ նոր երաժշտական ծրագրեր ստեղծելու ցանկությունն ու կամերային երաժշտության հանդեպ իր սերն ու նվիրվածությունը նրան մղել են հիմնելու երաժշտական փառատոներ՝ այնպիսի հեռավոր վայրերում, ինչպիսիք են Վուամ կղզին եւ Էլ Պասո քաղաքը: Որպես կոմպոզիտոր, Պրուտսմանը աշխարհահռչակ «Քրոնոս» քառյակի հետ երկարաժամկետ համագործակցության ընթացքում ստեղծել է ավելի քան 40 վերադաշնակում (գործիքավորում): Կոմպոզիտորի երկերն ու վերադաշնակումները կատարած հռչակավոր արտիստների ու անսամբլների թվում են «Սուրբ Լաուրենս» քառյակը, Յո-Յո Մանը, Դոն Ափշոուն, Լեոն Ֆլեյշերը եւ այլք:

«Առավոտի» հարցին, թե իրեն այլ ազգերի կոմպոզիտորների շարքում ինչո՞վ են հուզում հայերը եւ մինչ այսօր ո՞ւմ երկերով է հանդես եկել, Ս. Պրուտսմանն ասաց. «Հանդես եմ եկել Կոմիտասի, Բաբաջանյանի, Մանսուրյանի, Շարաֆյանի ստեղծագործությունների մեկնաբանմամբ: Առաջինը, որ գրավում է ինձ հայ կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչների մեջ, դա ժողովրդական արվեստին մոտ լինելն է: Նրանց ստեղծագործություններում ընդհանրություններ կան, սակայն, միեւնույն ժամանակ, դրանք շատ տարբեր են ու արտահայտում են տարբեր էմոցիաներ: Օրինակ, Մանսուրյանի մոտ յուրաքանչյուր նոտա իր դերն ունի, Բաբաջանյանի գործերում ֆոլկ էլեմենտները վարպետորեն միահյուսված են դասականի հետ: Շարաֆյանի երկերում գերիշխում է հոգեւորը: Ինչ վերաբերում է Կոմիտասին, որի «Ծիրանի ծառն» ու «Կռունկն» եմ կատարել, դա այն բարձունքն է, որը որեւէ մեկնաբանության կարիք չունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել