Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐԴԸ ԻՐԱ ՍԸՌԸ ԴՈՒՐՍ ՉՊԻՏԻ ՏԱՆԻ»

Դեկտեմբեր 13,2008 00:00

\"\"ԱԺ գործերի նորանշանակ կառավարիչ Ալբերտ Հերոյանը առաջարկում է համերաշխ ապրելու տարբերակ

– Չե՞ք նեղվել, երբ ԱԺ տոնածառի պատասխանատու նշանակվեց ԱԺ փոխնախագահը եւ ոչ թե Դուք: Ի պաշտոնե դա երեւի ավելի շատ Ձեր անելիքն է, քան ԱԺ փոխնախագահինը:

– Մեր լրատվամիջոցները էնպիսի մի բնավորություն ունեն՝ մազը գերան կդարձնեն, գերանը կդարձնեն մի անտառ, բայց էդպես չի, այսինքն՝ ի՞նչ վատ կլինի, որ էսօրվա վիճակով ԱԺ-ն չի միայն, ես հազար անգամ ներողություն եմ խնդրում, ուզում եմ մի երկու բան ասել. որ երկրներում եղել եմ՝ նրանք Ամանորը, եվրոպական լյուբոյ երկիր, էնպիսի մի ձեւով է կազմակերպում, որ մեր բոլոր տոները գումարես՝ դրա 50 տոկոսը չի լինի, մի հատ երկրորդ օրինակը բերեմ. ԱՄՆ-ում որտեղ ուզում ես գնա՝ դա կլինի պետական ձեռնարկություն, մասնավոր եւ այլն, իրենց դրոշը բոլոր տեղերը կա դրած: Մեկը պիտի զբաղվի՞, հիմա ես ապշած եմ մնում, ինչո՞ւ մեր լրատվամիջոցները մազը դարձնում են գերան, հասկացանք, ի՞նչ է եղել: Մենք հասկանում ենք ինչ բան է տոնածառը, տոնածառը նախ, առաջին հերթին, գեղեցկություն է, երկրորդը՝ դա ձեւավորում են մարդուն հաճույք պատճառելու համար, ընդհուպ՝ լրագրողներին:

– Արդյոք երկրի ԱԺ փոխնախագա՞հը պետք է զբաղվի այդ տոնածառով, նա այլ գործ չունի՞:

– Հազար անգամ ներողություն եմ խնդրում, եղել է ընդամենը հանձնարարական, որ տոնածառը պիտի դրվի, մնացածը ոչ մեկը գործ չունի, աշխատակազմի ղեկավար կա, գործերի կառավարչություն կա, ինչի՞ մասին է խոսքը, տոնածառի հարցն էլ լուծված է, կբերենք, կդնենք, կձեւավորենք, ինչ վատ կլիներ, որ այսօրվա վիճակով այս աշխատակազմի երեխաները մեկ կամ երկու օրով կարողանան տոնածառի տակ մի հատ միջոցառում կազմակերպեն եւ նվերներով ճանապարհ դրվեն: Լավ բանը պիտի ցուցադրվի, չէ՞: Ես եղել եմ արտասահմանյան երկրներում, մի հատ խանութի առաջ կանգնեցի եւ տեսա, որ «վիտրինայում» դրված է սովորական եզան լուծ, Ֆրանսիայում էր, ես ապշած մնացի, ասացի՝ չհասկացա, էս թանգարա՞ն է, ինչ է: Մտա ներս եւ տեսա, որ եզան լուծով սառոշկայի ռեկլամ են արել: Պատահական մտա, բայց այդտեղից դատարկ դուրս չեկա, երկու հատ սառոշկա առա:

– Իսկ չհարցրի՞ք՝ ինչու են այդ լուծը դրել ցուցափեղկում:

– Էլ պետք չէր հարցնեի, ես էդքան խելք ունեմ, դրել էին մարդկանց ուշադրությունը շեղելու, որ մտնես ներս, տեսնես, կարող է գութան էլ կա, մտնում ես, տեսնում ես՝ սառոշկա է ու առնում ես:

– Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի ներքաղաքական իրավիճակը:

– Քաղաքականության մեջ էլ եմ եղել, բայց բոլոր դեպքերում ամեն ինչում պիտի ազնիվ լինես, ճշտով: Լավը լավ ասես, վատը՝ վատ: Եթե մարդը վատատես եղավ, նրա մոտ ուզում ես սաղ ոսկուց սարքի, բռլյանտից, ամեն ինչ արա, նա չի ասի, որ լավ է, այ, մեր վատը սրա մեջ է: Հազար անգամ ներողություն եմ խնդրում, ասում են՝ ընդդիմադիր թերթ, ընդդիմադիր թերթ չի նշանակում, որ նա պիտի սաղ ցեխոտի, ընդդիմադիր թերթը պիտի գրի ճիշտը, որ կարդացողը իմանա, որ մարդու ձեռքի մատները 5-ն են: Մինչեւ ընդդիմադիրը իսկապես դառնա ընդդիմադիր, որը մեր ժողովրդի համար թիվ մեկ քաշող ուժն է, լծակը, նա պիտի խաբար տա, ասի՝ գիտե՞ս ինչ, պարոն նախագահ, էս մի բանը սխալ է, նախագահը պիտի նայի, տեսնի՝ իսկապես սխալ է՝ փոխի: Բայց էսօր ինքը ասում է՝ էս մեխ չի, դու նայում ես՝ մեխ է: Նկարե՞նք, որ դու տեսնես, որ մեխ է: Ես ընդունում եմ, երբ մեզ մոտ ընդդիմադիրը կայացավ, մենք խնդիր չունենք:

– Բազմաթիվ մարդիկ ազատազրկված են մարտի 1-ից ի վեր, նրանց մեջ կան նաեւ Ձեր նախկին գործընկերներից, չե՞ք կարծում, որ բոլորը պետք է ազատ արձակվեն:

– Մենակ գործընկերները չկան, կան Երկրապահի ընկերներ, որոնց հետ մենք ճանապարհ ենք անցել: Լսեք, մի բան եմ ասում, ես ինքս, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ամոթու գետինն եմ մտել, որ էս ժամանակահատվածում արյուն է թափվում, փետ, երկաթ-մերկաթ, զենք է օգտագործվում, սա էս փոքր ազգին չի կարելի, էս ազգը պիտի համախմբվի, չի կարելի իրար հայհոյել, դրա ձեւն էլ կա: Օրինակը բերեմ, եւ դրանով սահմանափակվենք: Ես երբ Կոնյակի գործարանի տնօրեն եմ նշանակվել, ես չեմ խնդրել, որ ինձ նշանակեն, ես եղել եմ Արարատի պահածոների հսկա գործարանի գլխավոր տնօրեն: Ես մարդ չեմ նստացրել, մարդ չեմ ծեծել, կանգնեցրել եմ, ասել եմ՝ ապեր ջան, գողանո՞ւմ ես, պիտի չգողանաս, դրա ձեւը կա, կգան տոն օրերը՝ ես քեզ կոնյակ կտամ: Կինը իրա մարմնի վրա կոնյակ չպիտի տանի: Ձեռը բռնել եմ՝ զգուշացրել եմ: Ինձ համար ամենամեծ հանցագործությունը բռնաբարությունն է, պատկերացրեք, ինչքան անասնական է, որ զոռով կարողանում է ինքը էդ բանը, դա ուրեմն մարդկային ուղեղ չի: Մնացածը հարթվող խնդիրներ են: Դուք իմանում եք, թե ես էմոցիաների տեր մարդ եմ, խնդրեմ, Արմավիրում հարցրեք՝ եղե՞լ է մի դեպք, որ ես մարդուն տանեմ-նստացնեմ, ընդհակառակը՝ համոզել եմ, խնդրել եմ, տարել եմ գործի եմ դրել, հետեւել եմ:

– Այսինքն՝ իշխանությունները սխա՞լ են անում, որ տանում-նստացնում են:

– Չէ, մի րոպե, սխալ եք հասկանում, ախր ըտենց հարց որ տալիս ես՝ ճիշտ չի: Դու ես իշխանությունը, անկարգություն է արվում՝ անկարգության ճանապարհը պիտի փակվի՞, թե չէ: Կներես, հազար անգամ, էս ինչ պողոտա եք դուք ասում՝ Հյուսիսային պողոտա, մեկ անգամ ասեցի ոտքով քայլելով գնամ: Հասա մի խմբի, կանայք՝ ուղղակի ես իմ ականջները փակել-դուրս եմ եկել: Փողկապով մարդ են տեսնում՝ քիչ է մնում, (միտքն անավարտ մնաց- Մ. Ե.), այ մարդ, խո մենակ իշխանությա՞ն մեջ չեն փողկապ կապում, մարդ կա, կարող է բանվոր է, բայց փողկապ է կապում: Չի կարելի, հետո մարդը իրա սըռը, սըռը գիտե՞ս ինչ ա, իրա տան վատ բանը, մարդը իրա տան վատ բանը դուրս չպիտի հանի: Ի՞նչդ ես ցույց տալիս, ձեւ կա դրան, հանգիստ: Հետո որ ասում են երկխոսություն, ի՞նչ է, շատ ներողություն եմ խնդրում, էս նախկին իշխանությունները էսօրվա իշխանությունների հետ չե՞ն եղել, միասին եղել են, միասին աշխատել են, միասին հաց են կերել, միասին կռվել են: Դրան ձեւ կա, հանգիստ ձեւով զանգում են, հարգարժան հանրապետության նախագահ, ի՞նչ է, պատվից վե՞ր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել