Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու «մեսիջ»՝ «Մարտի 1»-ի գործով

Դեկտեմբեր 13,2008 00:00

Մեկը՝ Հայաստանից, մյուսը՝ Արեւմուտքից

Ինչպես հայտնի է, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը, որը նոյեմբերի 20-ից 22-ը հատուկ այցով գտնվում էր Հայաստանում, հայտարարել էր, թե՝ «ազատությունից զրկված անձանց իրավիճակը շարունակում է լուրջ մտահոգության պատճառ լինել»: Նա ափսոսանք էր հայտնել, որ թվով 19 անձանց նկատմամբ քրգործերը հիմնված էին միայն ոստիկանական վկայության վրա, եւ հավելել էր՝ այդ պահի դրությամբ, մասնավորապես՝ «Յոթի» գործի շրջանակներում, ինքը «չի հանդիպել այնպիսի ապացույցների, որոնց հիման վրա անկախ դատարանը կկարողանար այդ 7 հոգուն մեղադրել կամ դատապարտել բռնությամբ իշխանությունը յուրացնելու մեջ»: Համմարբերգը նաեւ խոստացել էր իր վերջնական կարծիքը այդ գործի առնչությամբ հայտնել «Յոթի» գործով մեղադրական եզրակացությանը ծանոթանալուց հետո:

Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության համակարգող Արմեն Խաչատրյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է, որ պարոն Համմարբերգը արդեն հնարավորություն ունի ծանոթանալու «Յոթի» մեղադրական եզրակացության հետ: Աղբյուրի մատուցմամբ, բացի այդ, «Յոթի» պաշտպանական խումբը նամակ-տեղեկանք է ուղարկել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին, որտեղ «հիմնականում նշվում է, թե ինչ թերություններով ու խախտումներով է կազմված մեղադրական եզրակացությունը»: Այդ փաստաթղթում անդրադարձ կա նաեւ գործը քննող դատավոր Մարտիրոսյանի կողմից 9-օրյա ժամկետում գործի դատաքննությունը նշանակելու խնդրին: Պաշտպանները Համմարբերգի ուշադրությունը հրավիրել են մասնավորապես այն փաստի վրա, որ մեղադրական եզրակացությունը ստորագրել է գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը, թեեւ քրգործում չկա «որեւէ փաստաթուղթ, որը թույլ կտար նրան հաստատել մեղադրական եզրակացությունը»: Նամակի հեղինակները նաեւ նշել են, որ մեղադրական եզրակացության մեջ այդպես էլ տեղ չեն գտել այնպիսի ապացույցներ, որոնք հիմք կտային գործը ուղարկել դատարան:

Մինչ «Յոթի» գործով պաշտպանական խումբը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին տեղեկություններ է փոխանցել «Յոթի» գործի մանրամասների մասին, Հայաստանում 67 քաղբանտարկյալի առկայության փաստի առիթով «լուրջ մտահոգություն» է հայտնել Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան: «Ազատություն» ռ/կ-ին տված բացառիկ հարցազրույցում նա հայտարարել է. «Մարդիկ քաղաքական բանտարկյալներ են համարում նրանց, ովքեր ձերբակալվել են քաղաքական մեղադրանքների համար կամ, ինչպես կառավարությունն է պնդում՝ բռնությունների մղող քայլերի համար: Մեր տեսակետը հետեւյալն է. ոչ ոք չպետք է ձերբակալվի քաղաքական դրդապատճառներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել