Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ SMS-Ի, ԱՅԼ ՆԱԵՎ ՔՍԵՐՈՔՍ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հունվար 15,2009 00:00

\"\"«7»-ի գործի նյութերը նաեւ պատկերացում են տալիս, թե 2008-ի մարտի
1-ից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում ինչ ստալինյան շրջանի քաղաքական հետապնդումների մթնոլորտ է տիրել երկրում:

«7»-ի գործում Լեւոն Տեր-Պետրոսյանի Աբովյանի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Ոսկերչյանին վերաբերող հատորներում առկա են թռուցիկներ տարածելու մասին ԱԱԾ Աբովյանի բաժնի նախապատրաստած նյութերը, որոնք ՀՀ հատուկ քննչական ծառայությանն են ուղարկվել 2008թ. մարտի 8-ին: Ըստ այդմ, պարզվում է, որ մարտի 7-ին դեռեւս ազատության մեջ գտնվող Գրիգոր Ոսկերչյանը մի քանի անձանց տվել էր թռուցիկներ եւ խնդրել բազմացնել ու տարածել: Գործին կցված են այդ թռուցիկները: Մի քանի մեջբերումներ անենք դրանցից:
«Ապօրինի մտցված արտակարգ դրության պայմաններում, երբ Քոչարյանի նույնքան ապօրինի հրամանագրով մտցված է տեղեկատվություն տարածելու բացարձակ արգելք՝ մենք ստիպված ենք ձեզ հետ հաղորդակցվել թռուցիկներով»,- նշված է անստորագիր մեկ էջանոց մի տեքստում, որն ուղղված է հայրենակիցներին: Շարունակությունը տեղեկատվություն է, թե իրականում ինչ էր կատարվել մարտի 1-ին Երեւանում, ինչի մասին այդ օրերին հնարավոր չէր իմանալ Հայաստանում գործող որեւէ ԶԼՄ-ից:
Մի ուրիշ թռուցիկ հայտարարություն է, որում մասնավորապես նշված է, թե հանրահավաքի վայրից հեռու՝ Մաշտոցի պողոտայում խանութներ թալանածները եւ մեքենաներ վնասածները սադրիչներ են, որոնք «ներդրվել եւ ուղղորդվել են գործող վարչախմբի կողմից»: Նույն թռուցիկում առկա է նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարությունը Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ այն նույնպես այդ ժամանակ չէր հաղորդվել գործող որեւէ ԶԼՄ-ի միջոցով:
«Մարտի 1-ի արյունոտ իրադարձությունների հետ կապված նոր մանրամասներ» վերնագրված եւ մարտի 6-ի թվագրությամբ թռուցիկում մասնավորապես տեղեկություններ են, թե այդ օրը օգտագործվել էին դիպուկահարներ. «Սրանց կրակոցներն ուղղված են եղել ինչպես ոստիկանների վրա՝ վիրավորելու նպատակով (ոտքերին), այնպես էլ ցուցարարներին (սպանելու համար)»:
Ահա եւ ԱԱԾ Աբովյանի բաժնի սպաները բացատրություններ են պահանջել ոչ միայն այս թռուցիկները տարածողներից, այլ անգամ պատճենահանող ծառայությունների աշխատակիցներից: Նույն օրը նրանց հարցաքննել էին նաեւ Հատուկ քննչական ծառայության քննիչները: Թեեւ սա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Արա Սահակյանին այս գործով հարցաքննել էին միայն SMS ուղարկելու համար: Այսպես, «Անտանա» ՍՊԸ-ի վաճառողուհի Մարիամ Դանիելյանը մարտի 8-ի իր բացատրության մեջ նշել է, որ նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, իրենց «Konica» սրահ է այցելել մի տարեց կին եւ խնդրել պատճենահանել A4 ձեւաչափի ինչ-որ տեքստ. «Ես մերժել եմ նրա առաջարկը, սակայն համառությանը տեղիք տալով՝ ես պատճենահանել եմ մեկ օրինակ եւ փոխանցել իրեն»: Հետո ցուցմունքում մանրամասնել է, թե մերժել էր, քանի որ նույն օրվա առավոտյան ԱԱԾ Աբովյանի բաժնի օպերլիազոր Ա. Գրիգորյանն իրեն ներկայացրել էր այդ թռուցիկների տեքստերը. «Եվ նախազգուշացրել էր, որ պատճենահանելու համար որեւէ մեկի կողմից ինձ դիմելու դեպքում՝ չբազմացնեմ»: Սակայն երբ այդ տարեց կինը համառորեն պնդել էր պատճենահանելու պահանջը՝ «Այդ ընթացքում խանութի մուտքի մոտ նկատեցի ԱԱԾ վերը նշված աշխատակցին, որը ձեռքի շարժումներով ինձ հասկացրեց, որ այդ կնոջ տված տեքստերը պատճենահանեմ մեկ օրինակից, որից հետո միայն ես պատճենահանեցի եւ տվեցի այդ կնոջը»: Վերջինս «Ժառանգություն» կուսակցության անդամ, 71-ամյա Ջուլիետա Խաչատրյանն է, որին խանութից դուրս գալուց անմիջապես հետո տարել էին ԱԱԾ: Մարտի 9-ին արդեն Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության ժամանակ այս կինը գրել է. «Խնդրում եմ՝ ձեռքերս դողալու պատճառով, որ ցուցմունքս արձանագրվի քննիչի կողմից»:
Մի ուրիշ պատճենահանողի՝ «Համասար» ՍՊԸ-ի աշխատակից Էմմա Հարությունյանին, որը շուրջ 40 օրինակ է պատճենահանել «Մարտի 1-ի արյունոտ իրադարձությունների հետ կապված նոր մանրամասներ» թռուցիկից՝ տարել էին ԱԱԾ, որտեղ նրա հետ «զրուցել էր» անգամ ԱԱԾ Կոտայքի բաժնի պետը: Եվ Էմմա Հարությունյանը ստիպված է եղել բացատրություն տալ, որ մի անծանոթ երիտասարդ է դիմել, վճարել պատճենահանման համար. «Ես թռուցիկի բովանդակության հետ ծանոթ չեմ, չեմ հասցրել նայել»:
Աբովյանում հարցաքննության ժամանակ ՀՀՇ անդամ Խաչիկ Մարտիրոսյանը նշել է, թե մարտի 7-ին Գրիգոր Ոսկերչյանը շտաբ էր բերել ՍԴ-ում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի տեքստը. «Ինքը դրանք բազմացրել էր եւ ասել է՝ ովքեր ցանկանում են ծանոթանալ, կարող են վերցնել»:
Ի վերջո՝ մարտի 8-ին բացատրություն է տվել նաեւ ինքը՝ Գրիգոր Ոսկերչյանը եւ նշել, թե նախօրեին «Պայքար» ընդհատակյա թերթի կայքէջից նյութեր էր դուրս բերել. «Քսերոքս եմ արել Աբովյանում եւ շտաբ գնալով՝ ծանոթացրել ու տվել այնտեղ գտնվող կամ այցելող մարդկանց»:
Մինչ պատճենահանման այս պատմությունը՝ հարցաքննվել էին Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչները, որոնք վկայել էին, թե այդ գյուղում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավարը՝ նախկին գյուղապետ, ՀԺԿ անդամ Սարգիս Խաչիկյանը երբեմն ավտոբուսով կազմակերպում էր գյուղացիների տեղափոխումը դեպի Ազատության հրապարակ: «Մեր գյուղացիներից մի քանիսը, այդ թվում՝ նաեւ ես, կամովին նստեցինք ավտոբուսը եւ գնացինք հանրահավաքի»,- ցուցմունքում նշել է Արտակ Դավթյանը, որը դրանից հետո մի անգամ էլ հանրահավաքի գնացել էր հասարակական տրանսպորտով: Նախկին գյուղապետն իր ցուցմունքում հերքել է, թե ինքը նման բաներ է կազմակերպել:
Մարտի 8-ին Հատուկ քննչական ծառայությունում դարձյալ էր հարցաքննվել ՀՀՇ անդամ Խաչիկ Մարտիրոսյանը, որի խոսքերից շարադրված ցուցմունքում գրված է. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ակտիվորեն մասնակցել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա համակիրների կազմակերպած հանրահավաքներին եւ երթերին, որն իրականացրել ենք նաեւ ավտոբուսով մեր կուսակցության անդամներին եւ համակիրներին հանրահավաքի վայր տանելով: Երբեմն ավտոբուսի փոխադրավարձը տվել եմ ես՝ իմ միջոցների հաշվին, սակայն գլխավորապես այն տվել է Գրիգոր Ոսկերչյանը՝ ինչպես անձամբ, այնպես էլ իմ միջոցով: Աբովյան քաղաքից հանրահավաքի մեկնող յուրաքանչյուր անձի որպես փոխադրավարձ տվել ենք 200 դրամ Երեւան գնալու եւ 200 դրամ էլ՝ Աբովյան վերադառնալու համար»: Նաեւ նշել է, թե Աբովյանից այդ հանրահավաքներին գնում էին շուրջ 200 հոգի:
Հարցաքննվել էր նաեւ «Օրիգինալ» սուրճի արտադրամասի բանվոր Կարեն Ստեփանյանը, որի խոսքերից գրված ցուցմունքում մասնավորապես նշված է. «Մի անգամ, կոնկրետ օրը չեմ հիշում, միտինգները նոր էին սկսվել՝ շտաբի դիմաց հանդիպել եւ զրուցում էի Ոսկերչյանի հետ, երբ մեզ մոտեցավ մի աբովյանցի՝ մոտ 60 տարեկան տղամարդ, նրանից գումար ուզեց, որպեսզի ծխախոտ ու ուտելիք առնի հանրահավաքներին մասնակցելու ընթացքում: Ես չեմ տեսել, թե որքան, սակայն Ոսկերչյանը նրան գումար տվեց»:
Ահա այս ամենը բավական էր, որ նույն օրը եւեթ՝ մարտի 8-ին Գրիգոր Ոսկերչյանը ձերբակալվեր՝ կասկածվելով «բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր գործադրելով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել