Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՏՔԻ ՉԿԱՆԳՆԵԼԸ ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈ՞ՒՆՔ Է

Հունվար 16,2009 00:00

\"\"Հարցումներ փաստաբանների շրջանում

Երեւանի քրեական դատարանում շարունակվում է «Յոթի գործով» դատավարությունը: Ինչպես առաջին դատական նիստի ժամանակ, այնպես էլ մնացած նիստերին մեղադրյալի աթոռին հայտնվածները ոտքի չեն կանգնել, ինչը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից գնահատվել է «անհարգալից վերաբերմունք» դատարանի նկատմամբ: «Ձեր փաստաբանական գործունեության ընթացքում եղե՞լ են դեպքեր, երբ Ձեր պաշտպանյալը ոտքի չի կանգնել դատարանի առջեւ, եւ ինչպե՞ս եք տեսնում ելքը»՝ այս հարցով «Առավոտը» երեկ հեռախոսային հարցում է կատարել ավելի քան 50 փաստաբանների շրջանում: Ներկայացնում ենք նրանց պատասխաններից ի քանիսը:
Աղասի Աթաբեկյան (16 տարվա փաստաբանական գործունեության ստաժով).- Նման բան իմ պրակտիկայում չի եղել: ՀՀ տարածքում քրեական վարույթի կարգը սահմանվում է ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, ՀՀ քրեական դատավարության եւ այլ օրենքներով: ՀՀ քրեական դատավարության 314 հոդվածով ամրագրված է դատական նիստի կարգը, համաձայն որի՝ դատավորի նիստերի դահլիճ մտնելուն պես նիստերի քարտուղարը հայտարարում է դատարանի գալու մասին, եւ նիստին ներկա գտնվողները ոտքի են կանգնում: Դատական նիստի մասնակիցները դիմում են «հարգելի դատարան» անունով: Մեզ մոտ դատարանների կողմից արդարադատություն չի իրականացվում, վճիռները կայացվում են սահմանված վարույթի խախտմամբ: Ձեր նշած գործով դատավորը պետք է ճշտի, ի վերջո, ինչո՞ւ չեն կանգնում մեղադրյալները: Միգուցե հիվանդություննե՞ր ունեն:
Յուրա Խաչատրյան (17 տարվա իրավաբան, 3 տարվա փաստաբանական գործունեությամբ).- Դատարանի պահանջն է, կարգն է՝ կանգնել, երբ դատական նիստը սկսվում է: Ինչ-որ տեղ անհարգալից է, երբ չեն ենթարկվում դատարանի սահմանած կարգին: Ուրիշ բան, ասի՝ գլուխս պտտվում է, ոտքս է ցավում, կամ պատճառաբանի, թե ինչու չի կարող կանգնել: Իմ պրակտիկայում նման բան չի եղել:
Ռաֆիկ Սաֆարյան (հանրային պաշտպան, ունի 15 տարվա փաստաբանական գործունեության ստաժ).- Չեմ հիշում նման բան: Ոտքի չկանգնելը օրենքով դիտվում է անհարգալից վերաբերմունք: Կարգը դա է, եթե այդ կարգը խախտվում է՝ դատարանն իր խոսքը պետք է ասի:
Ինչ է, դատավարություն չպիտի՞ լինի: Եթե մեղադրյալը սահմանված կարգը չի ընդունում, դա չի նշանակում, թե դատ չպիտի լինի: Դատարանը պարտավոր է արձանագրել եւ շարունակել: Ինչ վերաբերում է նրանց դատարանի դահլիճից հեռացնելու ակնարկին, դա նոր բարդությունների առաջ կկանգնեցնի դատարանին, քանի որ անհրաժեշտություն կլինի դատաքննության ընթացքում նրանց լսել:
Սամվել Միրզոյան (15 տարվա փաստաբան).- Նման քայլի իմ պաշտպանյալները չեն դիմել: Եթե ձեր նշած 7-ը ՀՀ քաղաքացիներ են, պարտավոր են պետության առաջ կանգնել: Նրանք Մնացական Մարտիրոսյանի առաջ չեն կանգնում, այլ՝ պետության, դրոշի ու դատավորի ետեւի զինանշանի:
Մնացական Մարտիրոսյանը պետության անունից է կայացնելու վճիռը: Ինքս դատապարտել եմ մարտի 1-ը, հաճախ բախվում եմ նաեւ դատավորների հետ, վերջերս դուրս եկա անգամ դատական նիստերի դահլիճից, բայց կողմ չեմ, երբ դատարանի առաջ չեն կանգնում:
Ժորա Խաչատրյան (15 տարվա փաստաբանական գործունեությամբ).- Ի՞նչ առարկելու բան է սահմանված կարգը չպահպանելը: Իհարկե, անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, որը կառաջացնի հետեւանքներ:
Կատարվածը դատարանի դեմ է: Դատավորը հանդես է գալիս որպես դատարան: Օրենքով նախատեսված ցանկացած պարտավորություն չկատարելը կարող է գնահատվել իբրեւ անհարգալից վերաբերմունք:
Միշա Փիլիպոսյան (հանրային պաշտպանի գրասենյակի պատասխանատու, 40 տարվա փաստաբան).- Դատական նիստի կարգը սահմանված է Քրեական դատավարության օրենսգրքի 314 հոդվածով, իսկ դատարանի վերաբերմունքը սահմանված է 314 պրիմ հոդվածով: Դատարանը, ըստ այդ հոդվածի, դեռ երկու շաբաթ էլ կարող է հետաձգել դատական նիստը: Այսինքն՝ դեռ ժամանակ ունի: Իսկ նախագահողի կարգադրությունները պարտադիր են դատական քննությանը մասնակցող եւ դատական նիստին ներկա գտնվող յուրաքանչյուր անձի համար: Այլ ելքեր էլ կան, բայց ես դատավորը չեմ, որպեսզի պատասխանեմ:
Արամ Կարապետյան (6 տարվա փաստաբան).- «7-ի գործով» հակասություններ կան մարտավարության հարցում: Մեղադրյալները ոտքի չեն կանգնում, իսկ նրանց պաշտպանները կանգնում են: Դա ի՞նչ է նշանակում՝ կիսո՞վ չափ բողոքել: Չմիանա՞լ իրենց պաշտպանյալներին, չկիսե՞լ բողոքի ընտրված ձեւը: Իմ գործունեության ընթացքում նման բան եղել է, ամբաստանյալին հեռացրել են դատական նիստերի դահլիճից՝ գնահատելով կատարվածը սահմանված կարգի խախտում:
Նախկին դատավոր (փաստաբանական գործունեության 3 տարվա ստաժով).- Մեղադրյալը՝ ուզի, թե չուզի, պարտավոր է ենթարկվել դատավարության օրենսգրքով սահմանված կարգին: Ի դեպ, այդ կարգը սահմանել են նաեւ նրանք, ովքեր ժամանակին իշխանության վերին էշելոններում էին: Եթե նախկին ԱԳ նախարարը («7-ի գործով» անցնող) չի ուզում կանգնել Հայաստանի դրոշի, զինանշանի, դատարանի առաջ, ապա թող պատճառաբանի, թե ո՞ր դրոշի, ո՞ր զինանշանի տակ կուզեր իրականացներ իր սահմանադրական իրավունքների պաշտպանությունը: Միջազգային օրենքներով անհարգալից վերաբերմունք է դրոշի, պետականության խորհրդանիշների նկատմամբ բացասական ցանկացած դրսեւորումը: Այն ենթադրում է անգամ քրեական պատասխանատվություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել