Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՌԵԳԻՈ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ

Հունվար 16,2009 00:00

\"\"Բոլոր երկրներում սահմանամերձ շրջանները համաչափ զարգանալու նվազ հնարավորություններ ունեն եւ, որպես կանոն, թույլ զարգացած տարածքներ են:

Սա նկատի ունենալով՝ Եվրոպայում առաջին տարին չէ, որ առանձնակի ուշադրություն եւ մեծ փողեր են հատկացվում անդրսահմանային համագործակցությանը՝ երկու եւ ավելի երկրների սահմանամերձ շրջանների միասնական զարգացմանը:
Սահմանամերձ շրջանները ստեղծում են մեկ իրավաբանական միավոր եւ ծրագրեր իրականացնում որպես մեկ միավոր՝ եվրոռեգիո: Ըստ նախաձեռնության հեղինակների՝ անդրսահմանային համագործակցության հիմնական նպատակներն են՝ սահմանամերձ տարածքներում կենսամակարդակի աճը, միասնական տնտեսական եւ մշակութային միջավայրի զարգացումը, բնակչության զբաղվածության ապահովումը, սահմանային արգելքների վերացումը:
Այժմ Եվրոպայում կա 185 եվրոռեգիո: Եվրոռեգիոներ են ստեղծվել անգամ ցամաքային սահման չունեցող կղզիների հարեւան ափերին: Եվրոռեգիոների մի մասը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների սահմաններին է՝ Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս, մերձբալթյան հանրապետություններ: Եվրոպայում մեկ սահմանի վրա կան մի քանի եվրոռեգիոներ եւ քիչ չեն դեպքերը, երբ նույն բնակավայրը մի քանի եվրոռեգիոների կազմում է:
Եվրոռեգիո ստեղծելու քայլեր արվում են նաեւ Հայաստանում: Հայաստանի համայնքների ասոցիացիայի վարչության համակարգող Էմին Երիցյանից տեղեկացանք, որ առաջին եվրոռեգիոն կձեւավորվի հայ-վրացական սահմանում՝ ընդգրկելով հայկական երեք մարզ՝ Շիրակ, Տավուշ, Լոռի եւ վրացական չորս շրջան:
Ըստ մեր զրուցակցի՝ եվրոռեգիոները համագործակցության արդյունավետ գործիք են, իսկ Հայաստանի պարագայում կա առանձնահատկություն. Հայաստանը երկու հարեւանների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ լուրջ խնդիրներ ունի, որոշակի դժվարություններ կան Վրաստանի հետ հարաբերություններում: Եվրոռեգիո ստեղծելու հարցում Վրաստանը մտավախություն-վերապահում ունի, որն, ըստ Էմին Երիցյանի, շատ նման է գերմանա-չեխական սահմանին եվրոռեգիո ստեղծելու առաջարկին՝ Չեխիայի պատասխանին: Չեխերը հայտարարում էին, թե դա գերմանական էքսպանսիայի նոր ձեւ է: Վրաստանն էլ ակնարկում է, թե նախաձեռնությունը միտված է հայ-վրացական սահմանի վրացական հատվածում հայկական ազդեցության մեծացմանը: Իմիջիայլոց, նկատենք, որ գերմանա-չեխական սահմանին այժմ կա չորս եվրոռեգիո, ուր ներառված է գերմանական յոթ եւ չեխական վեց շրջան, դրանց են միացել ավստրիական երկու օկրուգ, իսկ ընդամենը՝ 350 գյուղական եւ քաղաքային բնակավայր:
Հայաստանի համայնքների ասոցիացիայի եւ ասոցիացիայի գերմանացի գործընկերների մեկ տարվա համառ աշխատանքի արդյունքում անցած տարի վերջապես ստացվել է վրացական կողմի համաձայնությունը: Համաձայնությունից հետո, 2007 թ. հոկտեմբերին կնքվել է համաձայնագիրը: Հեռանկարում չի բացառվում, որ այս ծրագրերում որպես եվրոռեգիոյի երրորդ կողմ ընդգրկվի Թուրքիայի հայ-վրացական սահմանին հարակից շրջանը:
ՀՀ կառավարությունը տարածքային համաչափ զարգացումը առաջնահերթություն է հռչակել, եվրոռեգիոների ստեղծման եւ զարգացման փորձը վկայում է, որ այս գործիքը լավագույնս է նպաստում տարածքների համաչափ զարգացմանը: Հայաստանի 10 մարզերից միայն Կոտայքի մարզն է, որ արտաքին սահմաններ չունի, այնպես որ, առանց այս գործիքի դժվար կլինի ՀՀ մարզերում համաչափ զարգացում ապահովել: Էմին Երիցյանը բերեց եվրոռեգիոյի ստեղծման օգտին խոսող մեկ օրինակ: Եվրամիությունը ունի ֆինանսական լուրջ միջոցներ, կառուցվածքային ֆոնդեր, որոնցից չեն կարող օգտվել ԵՄ ոչ անդամ երկրները: Բայց նույն ԵՄ-ն եվրոռեգիոներում խոշոր ներդրումներ է անում, եւ եվրոպական եվրոռեգիոների հետ համագործակցության պարագայում հայկական ստեղծվելիք եվրոռեգիոները կարող են ԵՄ-ից ֆինանսական ներդրումներ ստանալ: Ոչ պակաս կարեւոր այլ գործոն: Եվրոռեգիոներում ստեղծվում է փոքր ծրագրերի հիմնադրամ, եւ նույն փոքր ծրագիրն իրականացվում է եվրոռեգիոյի ողջ տարածքում՝ բոլոր բնակավայրերում: Գերմանա-չեխա-ավստրիական մեկ եվրոռեգիոյում ԵՄ տրամադրած միջոցների եւ այլ ներդրումների ընդհանուր ծավալն անցնում է 200 միլիոն եվրոյի սահմանը:
Ամենայն հավանականությամբ, այս գարնանը հայ-վրացական սահմանին եվրոռեգիո ստեղծելու գործնական քայլերը կարվեն. սկզբի համար ընտրվել են Վրաստանին սահմանակից հայկական երեք մարզերի խոշոր բնակավայրերը՝ Գյումրի, Մարալիկ, Վանաձոր, Արթիկ, Տաշիր, Իջեւան, Դիլիջան:
Չի բացառվում, որ եվրոռեգիո ստեղծելու գաղափարը նպաստի Հայաստանում միջհամայնքային միավորումների ստեղծմանը:
Իրենց անփոխարինելի եւ տարածքի միապետ համարող մեր համայնքապետերին եւ մարզպետներին տեղեկացնենք, որ եվրոռեգիոյի ստեղծումը նրանց կարգավիճակին չի սպառնում: Մարզպետներն էլ այս հարցում շատ անելիք չունեն, համայնքապետերը պիտի աշխատեն, հասկանալով, որ եվրոռեգիոն տարածքի զարգացման գործիք է: Եվրոռեգիոն ունի ղեկավար եւ եվրոպական շատ կազմակերպությունների նման մասնակից երկրները հերթով են ղեկավարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել