Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ

Հունվար 17,2009 00:00

\"\"ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում
ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը տպավորություն ունի, որ համազեկուցողները կարող են վերանայել իրենց մոտեցումները:

– Պարոն Ռուստամյան, վերջին շրջանում կարծիքներ են հնչում, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը լավ չի աշխատում, Դուք՝ որպես պատվիրակության անդամ, կիսո՞ւմ եք այս կարծիքը:
– Թյուր կարծիք կա, որ Եվրախորհուրդը պատվիրակության միջոցով է պատկերացում կազմում, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում: Բայց չէ՞ որ այստեղ կան իրենց գրասենյակները, միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, դեսպանատներ… դա այնքան ինֆորմացվածություն է ապահովում, որ դժվար է պատկերացնել, թե այստեղ կարող է ինչ-որ բան լինել եւ դրա մասին իրենք նույն պահին տեղեկություն չստանան: Իհարկե, պատվիրակությունն է ներկայացնում մեր երկրի դիրքերը, մտնում բանավեճի կամ լուրջ առճակատման մեջ: Ինչ էլ լինի՝ առաջին գծում պատվիրակությունն է: Այս առումով շատ հեշտ է փորձել ամեն մեղք բարդել նրա վրա: Այն, ինչ հաջողվում է, նաեւ պատվիրակության գործունեության արդյունքում, ՀՀ-ում ներկայացվում է որպես բոլորի հաջողություն, բայց՝ ոչ պատվիրակության, իսկ բոլոր բացթողումները ոչ մեկինը չեն, միայն պատվիրակությանն են: Անշնորհակալ աշխատանք է:
– Համաձայն չե՞ք, որ պատվիրակությունը «մատը մատին չի տալիս» ԵԽ-ում:
– Եթե մատը մատին տված չլինեինք, այն որոշումը, որին սպասում են բոլորը հունվարի վերջին, կլիներ ավելի շուտ՝ հունիսին կամ սեպտեմբերին: Որեւէ մեկը տեղյակ չի այն հսկայական աշխատանքից, որ կատարել են պատվիրակության անդամները, նաեւ՝ իրենց անձնական կապերի եւ հեղինակության շնորհիվ: Կարողացել ենք ազդել այս կամ այն ձեւակերպման վրա, որպեսզի խիստ եւ կտրուկ ձեւակերպումներ չլինեն։ Եթե հիշում եք, հունիսին, երբ մեր երկրին ձայնից չզրկեցին, ընդդիմությունը սկսեց խոսել այն մասին, որ ԵԽԽՎ-ն երկակի ստանդարտներով է առաջնորդվում, որ բոլորը չինովնիկներ են, ծերակույտ է եւ այլն: Հիմա էլ, երբ ձեւակերպումները մյուս ճամբարին դուր չեն գալիս, նույնն էլ այստեղից ենք լսում:
– Համազեկուցողները եկան եւ գնացին, ըստ Ձեզ՝ ի՞նչ կլինի այս այցից հետո, հնարավո՞ր է ինչ-որ փոփոխություն լինի, կամ՝ խստությունների նվազում:
– Կարեւորը ժամկետների մեջ տեղավորվելն է: Մենք մինչեւ հունվար պետք է կատարած լինեինք բոլոր այն կետերը, որ դրված են 1609 եւ 1620 բանաձեւերի հիմքում: Այս պատճառով է, որ առաջացավ պատժամիջոցի կիրառման խնդիրը: Հուսով եմ, այս այցելության ընթացքում ամբողջական պատկերն ունենալով, իրենք կարող են վերանայումներ կատարել իրենց մոտեցման մեջ: Ես այդպիսի տպավորություն ունեմ: Մենք ասում էինք՝ այո, գուցե ձեր նշած ժամկետների մեջ ամբողջությամբ չենք տեղավորվել, բայց դուք հիմքեր չունեք դա դիտել որպես քաղաքական կամքի բացակայություն: Եվ եթե այդ հիմքերը չունենալով՝ իրենք սանկցիա կիրառեն, վստահ եմ, սա կլինի ավելի շատ քաղաքական, քան իրավական որոշում: Իսկ ԵԽ-ն իրավունք չունի գնալ այդ ճանապարհով: Մանավանդ, սանկցիա կիրառելու պարագայում դա պիտի լինի շատ անխոցելի որոշում, այդ սանկցիան պիտի օգուտ տա եւ ոչ թե վնասի գործին: Իսկ թե ինչու դա կլինի քաղաքական որոշում, ասեմ հիմնական երկու պատճառները: Նախ, մեզանում քաղբանտարկյալ ասածը ԵԽ-ի մինչեւ հիմա ընդունած ընթացքով հաստատում չի ունեցել: Ընդհանուր գնահատումներով չի կարելի այդպիսի թերի տեղեր թողնել: Սա ավելի շատ խանգարում է մեր այստեղի պրոցեսին: Ես չեմ բացառում, որ մոնիտորինգի խմբի դեկտեմբերի որոշման պատճառով «7»-ի դատավարությունը հայտնվեց նման տեղապտույտի մեջ: Հաջորդ կարեւոր հարցն այն է, որ ԵԽ-ն կհայտնվի մի վիճակում, երբ կունենա երկու երկիր (նկատի ունի Ադրբեջանը եւ Հայաստանը.- Մ. Ե.), որոնցից մեկի նկատմամբ պատիժ է կիրառել՝ չունենալով համապատասխան գործընթացը, բայց մյուսի հանդեպ, որն ապացուցված է համապատասխան գործընթացով՝ պատժամիջոցներ չի կիրառում: Հենց սա է երկակի ստանդարտը: Այս հարցը ԵԽԽՎ-ի համար նույնպես փորձություն է: Իմ ասածն այն է, որ ԵԽ-ն իր որոշումներով շահարկումների դաշտ չպիտի ստեղծի, պիտի մնա անաչառ արբիտրի դերում:
– Կարճ հարցնեմ՝ ըստ Ձեզ, մեր երկիրը կզրկվի՞ ԵԽԽՎ-ում իր ձայնից:
– Շատ մեծ հավանականություն կա, որովհետեւ եթե արդեն մոնիտորինգի հանձնաժողովը բանաձեւ է ընդունել, այդ բանաձեւը լիագումարում չհաստատելը բավականին դժվար գործընթաց է ենթադրում: Բայց նաեւ չեմ բացառում, որ արդեն իսկ այս այցելությունից հետո իրենք կարող են վերանայել իրենց մոտեցումը, արձանագրել, որ կա քաղաքական կամք, սակայն որոշ ժամանակ օբյեկտիվորեն անհրաժեշտ է Հայաստանին, որ գործընթացի մեջ գտնվող խնդիրները իրենց լուծումը ստանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել