Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ՏԱԳՆԱՊՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ

Հունվար 22,2009 00:00

\"\"Տնտեսական ճգնաժամը Ալավերդիում ամեն օր մեծացնում է խուճապը: Առանձնապես շատ են անհանգստացած «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ԱՔՓ) ընկերության այն աշխատողները, որոնք, ընկերության երաշխավորմամբ, ամիսներ առաջ վարկեր են ստացել «ՎՏԲ-Հայաստան բանկից»:

ԱՔՓ ընկերության վերահսկողական բաժնի վերահսկիչ Անահիտ Շավինյանը մեկ տարով 220 հազար դրամ վարկ է ստացել, իսկ նրա որդին՝ Նելսոն Շավինյանը, որ աշխատում է գործարանի պոմպակայանում որպես փականագործ, «ՎՏԲ բանկից» ստացել է 170 հազար դրամ վարկ: Երկուսն էլ փետրվարի 12-ից ստացել են աշխատանքից կրճատվելու նախազգուշացում եւ ընտանիքով հայտնվել են շոկի մեջ: Եթե այսպես շարունակվի, նրանք որոշել են վարկը փակելու համար վաճառել իրենց ավտոտնակը:

Այսօր Ալավերդիում ընկերության էլի շատ աշխատողներ իրենց տներից ապրանք են սկսել վաճառել, առաջացած ֆինանսական խնդիրները լուծելու համար: «Գործարանում ոնց որ հանգուցյալ դրված լինի, բոլորը լաց են լինում: Վարկ ստացել է գործարանի աշխատողների գրեթե 90%-ը, դրանք ցածր աշխատավարձ ստացող մարդիկ են: Ընկերության ղեկավարները վարկ չեն վերցրել, քանի որ բարձր աշխատավարձ են ստացել եւ վարկի կարիքը չեն զգացել, այսօր էլ խնդիրներ չունեն»,- ասաց Անահիտ Շավինյանը:

Պղնձաձուլական գործարանի բանվոր Հարություն Բաստեղյանն էլ մեր հարցմանը պատասխանեց. «Աշխատավարձիցս երեք անգամ ավելի չափով՝ 12 %-ով վարկ եմ ստացել, ինձ հետ նոր պայմանագիր է կնքվել, որտեղ վարկի մարման ժամկետը մեկ տարով երկարաձգվել է: Հիմա աշխատավարձիս 50%-ը բռնագանձվում է, հազիվ 60 հազար դրամ եմ փակել»: Ավտոտնտեսության վարորդ Սարգիս Մուրադյանից տեղեկացանք, որ նրա վերցրած վարկը 325 հազար դրամ է: «Վարկը վերցրել եմ գործարանում վթարի ենթարկված տղայիս վիրահատության համար, 7 ամիս է անցել, փակել եմ 160 հազար դրամը: Հունվարի 12-ից աշխատանքից կրճատված եմ, վարկի մարման ժամկետը երկարաձգել եմ, անորոշ վիճակում եմ»,- անհանգիստ ասաց Սարգիսը:

Ալավերդցի Սերժիկ Լալայանն էլ դժգոհեց. «Ընկերությունն արդեն մեկ տարուց ավելի է՝ հրաժարվում է վճարել իմ 5 հազար դրամ արհմիութենական թոշակը: Գանձապահն ասում է փող չունենք, չենք կարող վճարել, չգիտեմ ինչ անեմ»: Ընկերության շատ աշխատողներ ստեղծված իրավիճակում դժվարանում են վճարել ձմռանը ավելացող էլեկտրաէներգիայի, գազի եւ կոմունալ այլ ծառայությունների վարձերը: Ալավերդիում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կողմից աշխատողների մասսայական կրճատումների արդյունքում նկատելիորեն նվազել է մթերային խանութների առեւտուրը: Այս կապակցությամբ «Ալիք» ՍՊԸ տնօրեն Լյուդմիլա Չերքեզյանը տեղեկացրեց. «Գործարանի բանվորները մշտապես իմ խանութից առեւտուր են արել: Գնումներ արել են եւ կանխիկ, եւ ապառիկ: Այժմ ոչ կանխիկ, ոչ էլ ապառիկ չեն կարողանում առեւտուր կատարել: Հիմա ժողովուրդը շատ նեղված է, գնում- գալիս են, խնդրում են, որ հետո կտան, մի բան կանեն: Չգիտեմ: Ներկայումս առեւտուրը՝ մինչեւ կրճատումները կատարված առեւտրի 30%-ն է կազմում»:

Սարահարթի կենտրոնական վաճառատան վաճառողուհի Գոհար Ալավերդյանը հայտնեց, որ կրճատումներից հետո առեւտրի նվազումը շոշափելի է: Անհատ ձեռնարկատեր Սեդա Եսայանի մթերային խանութում առեւտուրը կրճատումներից հետո նվազել է 30-40%-ով: «Կրճատումներից առաջ գործարանի աշխատողների հետ ապառիկ առեւտուր մեր կողմից արվել է, կրճատումներից հետո՝ մերժում ենք»,- հայտնեց տիկին Սեդան:

«Մեր խանութում գործարանի կողմից կատարված կրճատումներից հետո 50%-ով նվազել է առեւտուրը»,- ասաց «Հարություն» ՍՊԸ-ին պատկանող Սարահարթ թաղամասի մթերային մեծ խանութներից մեկի վաճառող Ռոբերտ Ձավարյանը: Ու մինչ ճգնաժամի հետ կապված բնակչության դժվարությունները օրեցօր մեծանում են, «Վալլեքս» խմբի ընկերությունների ղեկավարներն այլեւս ալավերդցիներից չեն թաքցնում ճգնաժամի հետ կապված իրենց առաջիկա նոր մարտահրավերները:

Այս առումով ուշագրավ է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանի կողմից ընկերության աշխատողներին եւ մյուս բնակիչներին տարեվերջին տրված ոչ լավատեսական տեղեկատվությունը. «Որքան էլ ցավալի է, միջազգային շուկայում 2009-ին պղնձի գների կանխատեսումներն այնքան էլ լավատեսական չեն: Կան ենթադրություններ, որ 2009թ. պղնձի միջին գինը 1 տոննայի համար կարող է կազմել 2-2,5 հազար դոլար: Ինչ վերաբերում է Թեղուտի ծրագրի ֆինանսավորմանը, ապա մեր հիմնական գործընկերոջ՝ «ՎՏԲ բանկի» հետ դեռեւս քննարկումները շարունակվում են: Ես չեմ կարող ասել, թե հստակ ակնկալիք ունենք, որ 1-2 ամսից մենք կունենանք ֆինանսավորում: Մեր բանակցությունները բանկի հետ դեռեւս ընթանում են: Հույս ունենք, որ մոտ ապագայում մենք որոշակիորեն կարող ենք ասել, թե երբ եւ որքան գումար կհատկացվի Թեղուտի ծրագրի ֆինանսավորմանը: Այս պահին ծրագրի ֆինանսավորումը իրականացվում է ընկերության ներքին ռեսուրսների հաշվին»:

Այս տեղեկատվությունից հետո ընկերությունը ալավերդցիներին լավատեսական որեւէ տեղեկություն չի հաղորդել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել