Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՀԱՐՑԵՐԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԼՈՒԾԵՆՔ

Հունվար 28,2009 00:00

\"\"Երեկ եւս մեկ անգամ այս հաստատումն արեցին քաղկալանավորները՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված թիվ 1643 բանաձեւին:

Երեկ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովը, ինչպես եւ սպասվում էր, որոշեց ԽՎ-ում հայաստանյան պատվիրակությանը չզրկել ձայնի իրավունքից եւ էլի՝ մինչեւ ապրիլ, ժամանակ տալ Վեհաժողովի թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները կատարելու համար: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ 2008թ. դեկտեմբերի 16-ի զեկույցում տեղ գտած ինչպես ձայնից զրկելու առաջարկը, այնպես էլ 9-րդ կետում առկա այս ձեւակերպումը՝ «Վեհաժողովը անընդունելի է համարում այն, որ մարդիկ մեղադրվել եւ ազատությունից զրկվել են քաղաքական դրդապատճառներով, եւ որ այդ քաղաքական բանտարկյալները գոյություն ունեն Հայաստանում», փաստացի «ջրվեցին»: Երեկ ԵԽԽՎ պատգամավորները պարզել են, որ զեկույցից շուրջ մեկ ամիս անց Հայաստանում քաղբանտարկյալներ այլեւս չկան:

Ինչպե՞ս են վերաբերվում ԵԽԽՎ-ի այդ դիրքորոշմանը իրենք՝ քաղբանտարկյալներն ու քաղկալանավորները: Քաղբանտարկյալ, ԵԿՄ Արաբկիրի կառույցի ղեկավար, «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանն ասաց, թե իրենք միշտ էլ այն համոզմանն են եղել, որ «Եվրոպան երբեք իր շահերը չի թողնի եւ չի ընկնի մեր շահերի ետեւից: Բոլոր պետություններն ունեն իրենց շահերը եւ որոշումներ կայացնում են ըստ այդմ»: Հովհ. Հարությունյանի կարծիքով՝ այդ շահերը տվյալ դեպքում առնչվում են ՀՀ իշխանությունների հետ եւ վերաբերում են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Նա ենթադրեց, թե ԵԽԽՎ-ն այս բանաձեւը փորձելու է արդարացնել նրանով, որ ՀՀ պատվիրակությանը ձայնից զրկելը չէր օգնի գործին, եւ որ ավելի ճիշտ էր իշխանություններին էլի ժամանակ տալը: «Գուցե դրա մեջ ճշմարտություն կա, եթե, իհարկե, իշխանությունը մտադրություն ու ցանկություն ունի առկա իրավիճակը փոխելու»,-ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է «քաղբանտարկյալ» ձեւակերպումը բանաձեւում չշեշտելուն, ապա ազատամարտիկի մատուցմամբ՝ այդ ձեւակերպումը զեկույցում մատնանշելը, հետո բանաձեւի տեքստից հանելը եվրոպացիների «հերթական մայմունությունն էր»: Հովհ. Հարությունյանը էլի մի անգամ հայտարարեց, որ հայաստանցիներն իրենք պետք է լուծեն իրենց հարցերը. «Մենք, օրինակ, չենք ուզում, որ Եվրոպան մեզ քայլել սովորեցնի: Բայց այս իշխանությունների օրոք ոչինչ չի ստացվի: Ժողովուրդը պիտի հասկանա, որ ինքն իրեն պիտի ազատի շղթաներից: Հենց ինքն ազատվեց ստրկամտությունից, այս իշխանություններից, մնացած, այդ թվում՝ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցերն ինքնըստինքյան լուծվում են»:

«Յոթի» գործով անցնող քաղկալանավոր Սուրեն Սիրունյանն էլ, անդրադառնալով ընդունված բանաձեւի բովանդակությանը, կարծիք հայտնեց, թե, գոնե իր համար, հստակ է, որ «Մարտի 1»-ի գործով անցնող անձանց 99%-ի գործերը «սարքված» են եղել բացառապես ոստիկանների տված ցուցմունքների հիման վրա, ինչի անընդունելի լինելու արձանագրումը ԵԽԽՎ բանաձեւում կա: «Դա արդեն նշանակում է, որ մարդիկ դատապարտվել են իրենց քաղաքական հայացքների համար: Ինձ համար բոլորովին պարտադիր չէր, որ «քաղբանտարկյալ» բառը բանաձեւում շեշտված լիներ: Ինչ վերաբերում է բանաձեւին՝ ընդհանրապես, ապա ես միշտ էլ հայտարարել եմ, որ համազեկուցողներ Կոլոմբիեն եւ Պրեսկոտը կաշկանդված են իրենց գործողություններում, եւ դրա վկայությունը փետրվարի 19-ին տեղի ունեցած ընտրություններին տված նրանց գնահատականն էր: Ես համամիտ եմ Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ եվրոպացիք տեղեկացված չեն, թե Հայաստանում այսօր ինչ է կատարվում, եւ որ բանաձեւը ընդունվել է միայն համազեկուցողների ներկայացրած կեղծ փաստերի հիման վրա:

Ես ինքս ԵԽ-ի հետ մեծ հույսեր չէի էլ փայփայում: Ճիշտն ասած, երբեք չեմ էլ ցանկացել, որ այդ կառույցը, որը ոչ միշտ է իրավիճակին համարժեք գործում, փորձեր Հայաստանին ձայնի իրավունքից զրկել: Բայց կուզենայի, որ այդ կառույցի բանաձեւերում նշվեին «Մարտի 1»-ի բոլոր գործերով անցնող մարդկանց ազատ արձակելու հստակ ժամկետներ: Ասվում է՝ դատավարությունը թափանցիկ է եղել, ԶԼՄ-ները դրանք ազատորեն լուսաբանել են եւ այլն: Իմ կարծիքով, պետք է ոչ թե դրա մասին խոսվի, այլ այն բանի, թե ինչպե՞ս եւ ի՞նչ պայմաններում են կայացվել «Մարտի 1»-ի վճիռները: Թե չէ՝ ԵԽԽՎ բանաձեւն այնքան էլ չի հետաքրքրում: Ես վստահ եմ, որ Հայաստանի հարցը լուծվելու է ՀՀ-ում, եւ ոչ մի եվրոպացի այնքան շահագրգիռ չէ, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր լինի: Նրանք կցանկանան, որ իրենք միշտ մեր երկրի վրա ազդելու լծակներ ունենան: Ես կուզենայի, որ, անկախ Եվրոպայի պահանջներից, մեր երկիրը լիներ անկախ, ժողովրդավարական երկիր, որ ոչ մի եվրոպացի անգամ չփորձեր Հայաստանի մասին ինչ-որ վատ կարծիք հայտնել»:

Ս. Սիրունյանը վստահություն հայտնեց, թե քաղբանտարկյալների ազատ արձակման համար ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ հասարակությունը դեռ շատ անելիքներ ունեն, եւ «իրենց պայքարը նոր եռանդով կշարունակեն, մեկ անգամ եւս համոզվելով, որ Եվրոպան չէ, որ Հայաստանում հարցեր է լուծելու»:

«ՀՀ քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» համակարգող, նախկին քաղկալանավոր Կարապետ Ռուբինյանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ ԵԽԽՎ բանաձեւը գործարքի արդյունք է: «Կոլոմբիեն եւ Պրեսկոտը եկան՝ գող կատվի պես, ընդդիմության հետ ընդհանրապես չհանդիպեցին, ինչն արդեն կասկածելի էր, իսկ հետագան ցույց տվեց, որ նրանք Հայաստանում սովորական բազար են արել: Իշխանությունները խոստացել են, որ իրենց դեմքը փրկելու համար ոչ թե քաղբանտարկյալներին բաց կթողնեն, այլ օրենսդրության մեջ փոփոխություն կանեն եւ դրա արդյունքում բաց կթողնեն: Նրանք էլ՝ եվրոյոնջաները, մտածել են, որ կարեւորն արդյունքն է. երկու ամսից այդ մարդիկ ազատության մեջ կլինեն, եկեք սրա վրա պայմանավորվենք, վերջացնենք ու էլ պատժամիջոցներ չկիրառենք: Բայց այստեղ երկու խոշոր «բայց» կա. այդ գործարքը ոչնչով չի նպաստում ՀՀ ժողովրդավարացմանը եւ, բնականաբար, այդ գործարքից չի հետեւում, որ մեր երկրում կլինեն բարեփոխումներ: Երկրորդ, ԵԽԽՎ-ում մոռացել են, որ բազմաթիվ շինծու գործերով կան դատապարտյալներ, որոնք այդ երկու՝ բարեփոխման ենթակա հոդվածներով չէ, որ դատապարտված են: Այսինքն՝ այդ գործարքի արդյունքում մեր երկրում էլի մնալու են քաղբանտարկյալներ»,- նկատեց Կ. Ռուբինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել