Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցիկ ծրագրի տգեղ վախճանը

Հունվար 28,2009 00:00

\"\"Միանշանակ է, որ համահայկական տարատեսակ նախագծերի ու նախաձեռնությունների պակաս չի զգացվում: Իսկ արդյունավետ ու օգտակա՞ր են դրանք՝ արդեն միանշանակ չէ:

2006 թվականին Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովի ժամանակ շատ գեղեցիկ բառերով, շատ գեղեցիկ միջավայրում ու շատ գեղեցիկ բուկլետներով ու գրքույկներով «շնորհանդեսվեց» «ՀՀ սահմանամերձ բնակավայրերի 2006-2008 թվականների համալիր զարգացման ծրագիրը»: Նախնական 100 գյուղի փոխարեն ընտրվեց 20-ը՝ Արծվանիկ, Քարաշեն, Կոռնիձոր (Սյունիք), Սարիգյուղ, Ակնաղբյուր, Վարագավան, Ներքին Ծաղկավան, Ներքին Կարմիրաղբյուր (Տավուշ), Բավրա, Իսահակյան, Ջրափի (Շիրակ), Փամբակ, Թթուջուր, Գեղամասար (Գեղարքունիք), Մարտիրոս, Խնձորուտ (Վայոց ձոր), Երվանդաշատ, Բագարան (Արմավիր), Ձորամուտ (Լոռի), Ռանչպար (Արարատ): Նշված համաժողովի ժամանակ հայտարարվեց, որ ծրագիրը կարելի է իրականացնել «մեկ գյուղ՝ մեկ բարերար» բանաձեւով: Ծրագիրը պետք է իրականացվեր Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի՝ ՄԱԶԾ հետ համատեղ: ՄԱԶԾ-ն պետք է լիներ դոնորներից մեկը միայն: 2008 թվականն ավարտվել է, եւ ՄԱԶԾ ծրագրերի պատասխանատու Նարինե Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է արվել:

Նարինե Սահակյանը հայտարարեց, որ ծրագիրը ՀՀ կառավարության ծրագիրն է եղել՝ ՄԱԶԾ-ն օժանդակող է եղել. «Մենք գյուղական համայնքների զարգացմամբ զբաղվում ենք դրանից դուրս, զբաղվում էինք դրանից առաջ եւ հետո էլ ենք զբաղվելու»:

Ծրագրի գեղեցիկ շնորհանդեսից հետո ՄԱԶԾ-ն սկսել է աշխատել Տավուշի, Շիրակի, Արմավիրի, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում, իրականացրել է տարբեր ծրագրեր, որոնք, սակայն, «ՀՀ սահմանամերձ բնակավայրերի 2006-2008 թվականների համալիր զարգացման ծրագրից» դուրս են: Այլ խոսքով՝ ՄԱԶԾ-ն. առանց ՀՀ կառավարությանը սպասելու, իրականացրել է այն, ինչ արել է նախքան նշված համաժողովը, նախքան այնքան գեղեցիկ անունով ծրագրի շնորհանդեսը, եւ այս ընթացքում նշված գյուղերում ծախսել է մոտ $4 միլիոն՝ խմելու, ոռոգման ջրի մատակարարման բարելավում, մշակույթի տների նորոգում, ջերմոցների կառուցում եւ այլն: ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ առանձնապես բան չի արել, դոնորներ չի գտել, նշված գյուղերում առկա հիմնախնդիրների մասին գեղեցիկ խոսելուց այն կողմ չի անցել: Այլ խոսքով՝ ՀՀ կառավարության «ՀՀ սահմանամերձ բնակավայրերի 2006-2008 թվականների համալիր զարգացման ծրագիրը» տապալվել է եւ բացառապես՝ ՀՀ կառավարության մեղքով: Նարինե Սահակյանը դժվարացավ նշել, թե որքանով է արդյունավետ եղել ծրագիրը, սակայն նկատեց, որ գումարները ծախսվել են արդյունավետ, բայց դեռ աշխատանք կա անելու:

Նարինե Սահակյանը կարծում է, որ «ՀՀ սահմանամերձ բնակավայրերի 2006-2008 թվականների համալիր զարգացման ծրագիրը» դեռ ուժի մեջ է, դեռ կարելի է դոնորներ գտնել եւ ծրագիրն իրականացնել, բայց արդեն երկու տարի է անցել եւ հաստատ վիճակը փոխվել է:

Այս ծրագիրը միայն մեկն է այն գեղեցիկ ու ազգանվեր ձեռնարկներից, որ ներկայացվում է Հայաստան-Սփյուռք կամ նման ձեւաչափով՝ այլ համաժողովներում: Բայց, ցավոք, «ՀՀ սահմանամերձ բնակավայրերի 2006-2008 թվականների համալիր զարգացման ծրագիրը» միակը չէ, որ թղթի վրա է մնացել:

Անշուշտ, կարելի էր լսել նաեւ ՀՀ կառավարության ներկայացուցչի պարզաբանումները: Բայց Հայաստանում կա «հին ու բարի» ավանդույթ՝ թերացումների եւ բացերի ողջ պատասխանատվությունը բարդել նախորդների վրա: «ՀՀ սահմանամերձ բնակավայրերի 2006-2008 թվականների համալիր զարգացման ծրագրի» պատասխանատուն ՀՀ արտաքին գործերի արդեն նախկին նախարար Վարդան Օսկանյանն էր: Այնպես որ՝ դժվար չէ ենթադրել, թե ինչ կասեն այսօրվա իշխանավորներն այդ ծրագրի չկատարման մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել