Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ» ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՀՈԳՍԵՐԸ

Հունվար 28,2009 00:00

\"\"Կալիֆոռնիայի հայկական կրթօջախների ղեկավարների դիտարկումները

Ուսուցիչների կարիք ունե՞ք, ինչպիսի՞ն է հայերենի իմացության աստիճանը աշակերտների շրջանում, ՀՀ կրթօջախների հետ համագործակցության ի՞նչ հեռանկարներ եք տեսնում. սրանք այն հարցերից են, որոնք քննարկվեցին Սփյուռքի նախարարության կողմից երեկ կազմակերպված՝ Կալիֆոռնիայի (Լոս Անջելես) հայկական կրթօջախների ղեկավարների հետ տեսահամաժողովում:

ԿԳՆ ներկայացուցիչները եւ կրթությամբ հետաքրքրված մարդիկ Հայաստանից օն-լայն ռեժիմով կապ հաստատեցին սփյուռքահայ գործընկերների հետ: Կալիֆոռնիայում գործունեություն ծավալած մանկավարժները խոսեցին իրենց գաղթօջախի խնդիրների մասին, մասնավորապես՝ կրթօջախներում երեխաների հայեցի դաստիարակության, դասագրքերի, հայապահպանության եւ այլ թեմաներից:

«Ռոզ եւ Ալեք Փիլիպոս» դպրոցից Վիգեն Յակոբյանը խոսեց Սփյուռքում մեծացող երեխայի հոգեբանական դաստիարակության մասին եւ նկատեց. «Այժմ վերացական հայրենիքը դառնում է իրական: Հայաստանի հետ կապերի արդյունքում կարեւոր է ոչ միայն այն, որ մեր երեխաները լեզվագիտությանը տիրապետեն, այլեւ դառնան համագործակցության գործուն մասնակից»: Իսկ կրթական խնդիրներից պարոն Յակոբյանն առանձնացրեց. «Դպրոցների գրադարանները թարմացման կարիք ունեն»: Ի պատասխան՝ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Հայաստանում նոր տպագրված գրքերը, ցավոք, մինչ այժմ Սփյուռքի դպրոցներին չեն հասել: Բայց այսուհետեւ պիտի անենք այնպես, որ դրանք անպայման տեղ հասնեն»: Աշակերտների՝ գրքի նկատմամբ հետաքրքրության պակասը ոչ միայն հայաստանյան, այլեւ սփյուռքյան «ցավ» է: «Աշոտ Տիգրանյան» դպրոցից Վարդգես Կուրոյանը նշեց. «Համակարգիչը հեղափոխություն է արել, եւ կամաց-կամաց գրքի համակիրները տեղի են տալիս: Ուստի Ամերիկայում ամեն մի տպագիր ձեռնարկ զուգահեռաբար ունի իր էլեկտրոնային տարբերակը: Խտասալիկների միջոցով միայն կարող ենք մեր աշակերտների համար հայերենը դարձնել նույնքան գրավիչ, որքան անգլերենը»: Այս կապակցությամբ Հ. Հակոբյանը նշեց. «Խտասալիկները պատրաստելիս պիտի այնտեղ ներառվեն նաեւ յուրաքանչյուր տարածաշրջանին հատուկ նյութեր: Նույն դասագիրքը չի կարելի ուղարկել եւ Արգենտինա, եւ Ամերիկա: Բացի այդ, ԿԳՆ-ն, դասագիրք պատրաստելիս, նկատի է ունենում, որ դրանք օտարախոս երեխաների համար են»:

«Մայրամյան եւ Դավթյան» դպրոցից Ջանիկ Ծատուրյանը մտահոգություն հայտնեց. «Ամերիկյան պետական դպրոցներ հաճախող երեխաների թիվը հասնում է 50 հազարի: Դրա պատճառն այն է, որ հայկական դպրոցների թիվը մեծ չէ: Այսօր մենք աշխատում ենք «Պայքար՝ ձուլման դեմ» նշանաբանով: Ցավոք, նույնիսկ հայկական դպրոցներ հաճախող երեխաների մեծամասնությունն անգլախոս է: Մեկ այլ խնդիր է այն, որ համալսարանական շրջանավարտները չեն ցանկանում իրենց նվիրել հայերենի ուսուցանման գործին»: Ուսուցիչների պատրաստման հիմնախնդրի առիթով Հ. Հակոբյանը նշեց. «Հայաստանում ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ ցանկացած երկրից հայրենիք եկած հայ երիտասարդը հայոց լեզու, գրականություն, պատմություն, արվեստ կարող է սովորել անվճար: Սա ուղղված է կադրեր պատրաստելու գործին: Մյուս կողմից՝ հայ ուսուցիչը պիտի վարձատրվի այնպես, որ ցանկանա ուսուցիչ աշխատել: ԵՊՀ-ում սփյուռքագիտության ամբիոնի բացումը եւս ուղղված է կադրերի պատրաստման գործընթացին: Այդտեղ պիտի սովորեցնեն հայ գաղթօջախների պատմությունը, արեւմտահայերենի մասնագետներ պատրաստեն»:

«Մխիթարյան հայրերի» դպրոցից Ոսկան Մխիթարյանը խոսեց մեկ այլ երեւույթի մասին. «Հայ ընտանիքների զավակները ցանկանում են հաճախել օտար վարժարաններ՝ նյութական միջոցների սղությունից պարտադրված: Բոլորին է հայտնի, որ ներկայումս Ամերիկան ֆինանսական մեծ դժվարության մեջ է: Բայց հայրենի պետությանը դիմելուց բացի, նախ ինքներս այստեղ պիտի լուծենք մեր խնդիրները»:

«Մայրամյան» դպրոցից Օնիկ Հայրապետյանը նկատեց. «Այստեղ երեխաները սովորական միջոցառումների, ծրագրերի ուշադրություն չեն դարձնում, քանի որ նրանց զբաղեցնելու բազում միջոցներ կան: Ուստի, այբբենարանները պետք է մշակվեն տիկնիկային միջոցներով, այլ հետաքրքիր ձեւերով, որպեսզի երեւույթները շլացուցիչ դառնան եւ գրավեն աշակերտներին: Այլ խնդիր է այն, որ մեր կրթօջախներում կրթական ծրագրերը հաճախ համադրված չեն»: Փասադենայի հայկական դպրոցի պատասխանատու Նորա Գույումջյանն առաջարկեց, որ սփյուռքահայ աշակերտներին խրախուսելու համար հայրենի պետությունը մրցանակներ շնորհի, իսկ Հ. Հակոբյանը հավելեց, որ մրցանակներ կշնորհվեն ոչ միայն աշակերտներին, այլեւ՝ ուսուցիչներին: Նա սփյուռքահայ գործընկերներին հորդորեց փետրվարի 21-ին նշել մայրենիի տոնը: Հեռուստաժողովի ընթացքում որոշվեց ԿԳՆ-ի հետ համատեղ ստեղծել սփյուռքահայ եւ հայաստանցի մասնագետներից կազմված հանձնախումբ, որը կզբաղվի խնդիրների քննարկմամբ եւ լուծման ճանապարհների մշակմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել