Լրահոս
Օրվա լրահոսը

Կրոնները ազգերը պառակտելու հնարքներ են

Փետրվար 05,2009 00:00 Share

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (ՀՃՈՒԿ) նախագահ Սամվել Կարապետյանն ու «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հայագիտական կենտրոնի ղեկավար Ռուբեն Մելքոնյանը երեկ «Հայելի» ակումբում խոսեցին Թուրքիայում ապրող իսլամացած հայերից եւ նրանց ազգային ինքնության փնտրտուքից:

Ռ. Մելքոնյանը փաստեց, որ այդպիսի հայերը «միատարր» չեն՝ Հայոց ցեղասպանության ժամանակ առեւանգված հայ կանայք եւ աղջիկներ, բռնի որդեգրված հայ երեխաներ, մուսուլմանական ընտանիքների, ցեղերի մոտ ապաստան գտած հայեր եւ այլն: Նա հավելեց, որ ներկայումս Թուրքիայում կա բազմահազարանոց զանգված, որն ունի հայկական արմատներ. «Քրիստոնեության վերընդունումը վերջին տարիներին մեծ ծավալներ է կազմում, Պոլսո հայոց պատրիարքարանն էլ է նշում, որ տարեկան 100-150 մարդ է իրենց դիմում… Վերջին 5 տարիների տվյալներով՝ կրոնափոխության է գնացել Թուրքիայի 3000 քաղաքացի, որոնցից 2740-ը հայեր են: Ինչ վերաբերում է ծպտյալ հայերին, 2008 թ. Թուրքիայում ձեւավորված «Սասունցիների միության» գործունեությունները դրա վառ ապացույցն են: Կազմակերպությունն իր առջեւ խնդիր էր դրել տեր կանգնել կոնկրետ Սասունի տարածքում պահպանված հայկական մշակութային կոթողներին, օրինակ՝ Մարութա սարի գագաթին գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցուն… Այժմ այդ եկեղեցին ընդգրկվել է պետության պահպանության տակ գտնվող կոթողների ցանկում»: Ռ. Մելքոնյանի խոսքով, Թուրքիայում հաճախ է շահարկվում մարդկանց էթնիկ ծագումը. «Մարտին ՏԻՄ ընտրություններ են կայանալու, Ստամբուլի քաղաքապետի երկու թեկնածուներից՝ ընդդիմադիրի վարկանիշը կտրուկ ընկավ, երբ հայտարարվեց, թե նրա մայրը հայ է: Ի դեպ, այդ թեկնածուն չհերքեց, ասելով, որ իր մայրը կարող է լինել հայ, հույն, քուրդ, դրանից ոչինչ չի փոխվում»: Ըստ բանախոսների, Թուրքիայում կա հայկական արմատներով մի զանգված, որը գուցե հոգեբանական պատճառներով ունի հստակ հակահայկական դիրքորոշում: Նրանց թվում է Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահը, որի ամբողջ գործունեությունը ուղղված է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:

Սամվել Կարապետյանն էլ կարծում է՝ չեզոքությունը իսլամացած կամ ծպտյալ հայերի հանդեպ արդարացում չունի: Նա պատմեց, որ երբ այցելում են Թուրքիա, իրենց հաճախ են մոտենում ու խոստանում ամեն պայման ապահովել թարգմանչի համար, որպեսզի նա մնա մի քանի ամիս ու հայերեն սովորեցնի իրենց երեխաներին: Նրանց կազմակերպության ջանքերով նախանցյալ տարի հրատարակվել է Րաֆֆի Քորթոշյանի հեղինակած զրուցարան-բառարանը, որից ամեն անգամ 50-60 օրինակ տրամադրում են ցանկացողներին: Ս. Կարապետյանը մի դեպք պատմեց. «Սասունում, երբ իմացան Հայաստանից ենք, մեկն ասաց, որ իր նախնիները հայեր են եղել: Ասացի՝ ուրեմն դուք էլ եք հայ: Զարմացավ՝ ինչու իսլա՞մն էլ հայ կլինի»: Ըստ Ս. Կարապետյանի, հայ ժողովրդի ուժի բազմապատկման բանաձեւը հետեւյալն է. «Մենք պիտի ուժը տանք ազգությանը, հետին պլան մղելով կրոնը: Կրոնները ազգերը պառակտելու հնարքներ են, ինչպես եւ կուսակցությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել