Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 06,2009 00:00

Դեսպանը դարձավ ընդդիմադիր

\"\"ԵԱՀԿ-ում Վրաստանի դեսպան Վիկտոր Դոլիձեն հրաժարական է տվել: Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմումը նա ուղարկել է Վրաստանի արտգործնախարարին՝ իր քայլը հիմնավորելով երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի քաղաքականության հետ առկա տարաձայնություններով: Դոլիձեն խոստացել է երկրի ղեկավարի հետ ունեցած տարաձայնությունների վերաբերյալ մանրամասները հրապարակել հաջորդ շաբաթ՝ Թբիլիսի վերադառնալուն պես: «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ հեռախոսազրույցում նա, այնուհանդերձ, նշել է, որ անհամաձայնությունը սկսվել է վրաց–օսեթական օգոստոսյան պատերազմից հետո, ինչն ինքը «աղետալի սխալ» է համարում: Վրացական լրատվամիջոցները նշում են, որ դեսպանի հրաժարականն ամենեւին անակնկալ չէր, որովհետեւ վաղուց էին շրջանառվում լուրեր՝ դիվանագիտական աշխատանքը թողնելու եւ ընդդիմադիր քաղաքական դաշտ անցնելու՝ Վիկտոր Դոլիձեի ծրագրերի մասին: Դեսպանն, ըստ հրապարակումների, մտադիր է միանալ նախկին գործընկերոջը՝ ՄԱԿ-ում Վրաստանի նախկին ներկայացուցիչ Իրակլի Ալասանիային, որը դեկտեմբերի սկզբին հրաժարական տվեց, դարձավ ընդդիմադիր եւ այժմ համարվում է Վրաստանի նախագահի պաշտոնի ամենաբարձր վարկանիշ ունեցող հավակնորդներից մեկը: Ալասանիան եւս իր ընդդիմադիր գործունեությունը սկսեց օգոստոսյան պատերազմի համար Սահակաշվիլիին մեղադրող ելույթներով, եւ այժմ երկրի նախագահի շուտափույթ հրաժարականն ու արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը նրա կարգախոսերն են: Իրակլի Ալասանիան այժմ ձեւավորում է իր թիմը, եւ, ըստ կանխատեսումների, Վիկտոր Դոլիձեն կդառնա դրա առանցքային դեմքերից մեկը:

Իրանում փակվեց բրիտանական խորհուրդը

Բրիտանական խորհուրդը սառեցրել է իր գործունեությունը Թեհրանում՝ այն բանից հետո, երբ կազմակերպության աշխատակիցներին կանչել էին Իրանի նախագահի նստավայր եւ ստիպել դուրս գալ աշխատանքից: Ինչպես BBC-ին հայտնեց խորհրդի նախագահ Մարտին Դեւիդսոնը՝ նրանք չունեին Թեհրանում բրիտանացի աշխատակիցներ, քանի որ 2 տարի առաջ Իրանը հրաժարվեց նրանց մուտքի վիզա տալ: Նրա խոսքերով, կազմակերպության իրանական մասնաճյուղում աշխատում էր 16 իրանցի, սակայն անցած տարվա դեկտեմբերին նախագահի աշխատակազմում նրանց հրահանգվեց ազատման դիմում գրել: Ավելի վաղ 2 իրանցի աշխատակիցներից բռնագրավել են անձնագրերը, երբ վերջիններս փորձում էին երկրից գործուղման մեկնել: «Իրանական իշխանությունների նման գործողություններն անթույլատրելի են, դրանք ուղղված են մեր մշակութային եւ կրթական ծրագրերի դադարեցմանը»,- նշեց Մ. Դեւիդսոնը: Բրիտանական խորհրդի տվյալներով՝ անցած տարվա ընթացքում մոտ 13 հազար իրանցի մասնակցել է իր ծրագրերին, այդ թվում՝ անգլերեն լեզվի դասընթացներին եւ համատեղ հետազոտական ծրագրերին: Այժմ, ըստ Դեւիդսոնի, խորհրդի իրանական գործընկերներին իշխանությունները հրահանգել են դադարեցնել կազմակերպության հետ համագործակցությունը: «Այս հարցում հաղթողներ չկան,- նշում է Բրիտանական խորհրդի ղեկավարը,- մեր աշխատակիցներն Իրանում զրկվել են աշխատանքից, մեր գործընկերները զրկվել են Մեծ Բրիտանիայում աշխատելու հնարավորությունից, իսկ Բրիտանիայի եւ Իրանի երիտասարդությունը կորցրել է կապեր հաստատելու շանսը»: Առայժմ Իրանի իշխանությունները հրաժարվում են այդ խնդրով պարզաբանումներ տալ:

Բելառուսում ակտիվանում են սքինհեդները

Բելառուսի իրավապաշտպանները հանդես են եկել հայտարարությամբ, որում մեղադրում են իշխանություններին՝ ֆաշիստական խմբավորումներին հանդուրժելու մեջ: Բելառուսի Հելսինկյան կոմիտեն ավելի վաղ արդեն դիմել էր երկրի գլխավոր դատախազությանը, սակայն նրանց ահազանգերն անարձագանք են մնացել: Իրավապաշտպաններին հատկապես մտագոհում է այն փաստը, որ նեոնացիստական խմբավորումների գործունեությունը իրավապահները սովորաբար որակում են որպես շարքային խուլիգանություն: Իրենց գաղափարախոսությամբ տեղացի սքինհեդները քիչ են տարբերվում ռուսաստանյան «գործընկերներից». նրանք նույնպես քարոզում են սլավոնական ցեղի անաղարտությունը: Ընդ որում, այստեղ չկա բելառուսական ազգայնականության որեւէ տարր. ֆաշիստները հիմնականում իրենց դասում են ռուսների շարքին: Ըստ «Նովայա իզվեստիա» թերթի՝ բելառուսական սքինհեդների գործունեության կենտրոնն է դարձել Գոմել քաղաքը: Այստեղ ֆաշիստները հարձակումներ են կազմակերպում աֆրիկացի եւ ասիացի ուսանողների վրա, որոնք, ի դեպ, բելառուսական բուհերին ուսման համար մեծ գումարներ են վճարում: Գոմելի բժշկական համալսարանի ավելի քան 300 արտասահմանյան ուսանող անցած աշնանը հրաժարվել է գնալ դասի՝ պահանջելով ոստիկանության միջամտությունը: Ի պատասխան՝ իրավապահները հանրակացարանի մոտ ոստիկանական ուղեկալ են տեղադրել: Սքինհեդների ջոկատներ կան նաեւ Բելառուսի այլ քաղաքներում: Համեմատաբար պասիվ են նրանք Մինսկում, որտեղ սահմանափակվում են օտարազգիների նկատմամբ վիրավորական պաստառներով: Իր հերթին ընդդիմությունը վստահ է, որ նացիստները գործում են ոստիկանության հետ համատեղ՝ հարձակվելով ընդդիմադիր ցույցերի մասնակիցների վրա: «Երբ ընդդիմությանը ոստիկանությունն է ծեծում, դա սկանդալ է, երբ նույնն անում է սափրագլուխը՝ դա որակվում է որպես փողոցային խուլիգանություն»,- նշում է ընդդիմության ներկայացուցիչներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել