Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԹԵԿՈՒԶ ԱՐՅԱՆ ԳՆՈՎ

Փետրվար 12,2009 00:00

1999-2003թ. ԵԽ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ներկայումս Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ

Հովհաննես Հովհաննիսյանի համար գերնպատակը կայացած Հայաստանն է, որին հասնելու համար դեմ չէ «մարտի 1-երին»:

– ՌԴ կողմից ՀՀ-ին $500 միլիոնի վարկ տրամադրելու փաստը՝ եւ հատկապես վարկի պայմանների մասին տեղեկատվության պակասը տարբեր մեկնաբանությունների առիթ տվեցին: Ձեր կարծիքով՝ ինչի՞ դիմաց տրվեց այդ վարկը:

– Այստեղ կա երկու մոտիվացիա՝ քաղաքական եւ տնտեսական: Քաղաքականը հետեւյալն է՝ Ռուսաստանն այսօր այնքան էլ շատ բարեկամ երկրներ չունի, եւ հատկապես Կովկասում Հայաստանը միակ բարեկամ երկիրն է, որը թեկուզ ֆորմալ, բայց ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունները պահում է: Ռուսաստանը փորձում է այդ ֆորմալ բարեկամական հարաբերությունները ինչ-որ ժամանակով երկարաձգել՝ չկորցնելու տարածաշրջանային գերտերության իր կարգավիճակը:

– Այսինքն, ըստ Ձեզ, Հայաստանն այս անգամ քաղաքական առումով ոչինչ չի՞ զիջել վարկի դիմաց:

– Այս անգամ՝ ոչ, որովհետեւ ՀՀ-ն իր զիջումներն արել է վաղուց եւ հիմնովին: Այն ժամանակ, երբ վերածվեց ֆորպոստի, երբ համաձայնեց Ռուսաստանի հետ վասալային հարաբերությունների եւ այլն: Ինչ վերաբերում է վարկի տրամադրման տնտեսական մոտիվացիային, ապա այդ մասին արդեն ՀՀ կառավարությունն էլ է սկսել բարձրաձայնել: Խոսքը Հայաստանը ռուբլու գոտի ընդգրկելու մասին է, ինչն, իմ կարծիքով, անթույլատրելի է, քանի որ եթե Հայաստանը սկսի արտաքին առեւտուրն իրականացնել ռուբլով, ապա մենք ուղղակի դուրս կմնանք միջազգային բոլոր տնտեսական կազմակերպություններից՝ սկսած Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից, վերջացրած Համաշխարհային բանկով: Իսկ դա կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ մեր տնտեսության համար:

– Դուք նշեցիք, որ Հայաստանի բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ եւս ֆորմալ բնույթ են կրում: Ի՞նչ նկատի ունեիք:

– Այսօր մեր իշխանությունները իրականացնում են ֆորմալ ռեւերանսային արտաքին քաղաքականություն բոլոր ուղղություններով՝ ՌԴ-ի, Արեւմուտքի, Թուրքիայի եւ անգամ՝ Ադրբեջանի հետ: Երկրում առկա ներքաղաքական հարաբերությունների խորը կնճիռը ՀՀ նախագահը փորձում է կոծկել արտաքին քաղաքականության մեջ ժպտադեմ ռեւերանսներ անելով: Եվ գերտերությունները ընդունում են այդ խաղը, բայց նրանք դրանով իրենք են խաղում մեր պետության հետ: Իսկ դա շատ վտանգավոր է: Ասել՝ «մենք բաց ենք բոլորի համար»՝ դա Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքական իմիջն ու խնդիրը չէ: Եվ ամենակարեւորը՝ ադեկվատ չէ այսօրվա մեր երկրի ներքաղաքական իրավիճակին: Ուստի՝ մեր երկրի վրա ճնշումներն այսօր սարսափելի մեծացել են: Գերտերությունները հասկանում են, որ Ս. Սարգսյանի դեպքում կարող են երկար ժամանակ չլուծված խնդիրները լուծել:

– Որո՞նք են այդ խնդիրները:

– ԼՂ հարցը, հայ-թուրքական հարաբերությունները, Հայաստանի կողմնորոշումը դեպի Եվրոպա եւ այլն: Եվ այդ ամենը՝ ՀՀ-ի համար ոչ ցանկալի տարբերակներով: Այսօր իշխանությունները փորձում են արտաքին քաղաքական խնդիրները ակտուալ պահել եւ ի հաշիվ դրա փորձել ժամանակ շահել երկրի ներսում՝ հույսով, որ ժամանակը կարող է ներքաղաքական հարցերը լուծել: Սա շատ թույլ հաշվարկ է:

– Իսկ որքանո՞վ էր արդյունավետ հակառակը՝ ներքաղաքական խնդիրների դուրսբերումը արտաքին քաղաքական դաշտ: Տվյալ դեպքում՝ Եվրախորհուրդ:

– Հայ ազգային կոնգրեսի խնդիրը ոչ թե ԵԽ-ում ՀՀ դեմ լոբբինգ անելն էր, այլ՝ իրավիճակը ներկայացնելը: Ընդ որում, կոնգրեսից ոչ ոք չէր գնա, եթե Պրեսկոտն ու Կոլոմբիեն իրենց վերջին այցելության ընթացքում ժամանակ գտնեին ու հանդիպեին նաեւ ընդդիմությանը: Խաղի հավասարակշռության կանոնները խախտեցին նրանք՝ Պրեսկոտն ու Կոլոմբիեն:

– Դուք ԵԽ-ի հետ աշխատանքի մեծ փորձ ունեք, ինչո՞ւ Կոնգրեսը Ձեզ չգործուղեց Եվրոպա:

– Դա ուրիշ խնդիր է: Անշուշտ, ես հիմա էլ ունեմ բազմաթիվ կապեր, բայց դա արդեն իմ որոշելու խնդիրն է: ԵԽ գործուղվելու համար ընտրվել են, ըստ իս, ճիշտ երիտասարդ տղաներ, որոնք այդ գործն անում են:

– Ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները ԵԽ ապրիլյան նստաշրջանի վերաբերյալ:

– Եթե մինչեւ ապրիլ իշխանությունները չգնան ընդդիմության հետ երկխոսության, ազատ չարձակեն քաղաքական հայացքների համար ձերբակալվածներին, չապահովեն խոսքի իրական ազատություն, ապա ԵԽ-ն փաստի առաջ կկանգնի՝ ունենա՞լ իր կազմում երկիր, որը չի կատարում իր պարտավորությունները, թե՞ ոչ:

– Բայց չէ՞ որ մեր հարեւան երկրների մասով էլ այդ պարտավորությունների կատարումը լիարժեք չէ: Ինչո՞ւ պետք է հատկապես մեր նկատմամբ ԵԽ-ն ավելի խիստ լինի:

– Վրաստանում հայտնի դեպքերից հետո Սահակաշվիլին հրաժարական տվեց եւ վստահության հանրաքվե անցկացրեց: Ադրբեջանում Ալիեւը, ըստ իս, ազնիվ ուղով է գնում՝ Սահմանադրության փոփոխությամբ իր ժողովրդին տալով, թեկուզ ֆորմալ, բայց ընտրելու իրավունք: Տվյալ դեպքում՝ միապետ դառնալու համար, սակայն ֆորմալ առումով՝ ժողովրդի ընտրությամբ:

– Այսինքն՝ Դուք ողջունո՞ւմ եք այդ զուտ ֆորմալ ընտրությունների գործելաոճը: Ինչո՞վ էին այդ դեպքում վատը մեր ընտրությունները:

– Հայաստանում դա չարվեց ոչ ֆորմալ, ոչ էլ իրական ընտրությունների միջոցով: Դա արվեց մարտի 1-ի, հատուկ դրության միջոցով, 10 մարդ սպանելով, հարյուրավորներին ձերբակալելով: Ո՞րն է ավելի լավ:

– Առաջարկում եք նոր, թեկուզ ֆորմալ ընտրություննե՞ր:

– Ես առաջարկում եմ նոր խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ:

– Ելնելով Ձեր տրամաբանությունից՝ չի բացառվում, որ այդ ընտրություններն էլ լինեն ֆորմալ, եւ հերթական անգամ ընդդիմությունը դուրս գա փողոց: Ի՞նչ երաշխիք կա, որ չեն լինի նոր «մարտի 1-եր»:

– Եթե կլինեն նոր «մարտի 1-եր»՝ թող լինեն: Բայց ժողովուրդը, թեկուզ մի քանի «մարտի 1-երի» միջով անցնելով, պիտի դառնա այս երկրի տերը: Ես համաձայն եմ, որ լինի երկու, երեք «մարտի 1», բայց Հայաստանը կայանա:

– Դուք ինքներդ պատրա՞ստ եք նոր «մարտի 1»-ի դեպքում լինել առաջին շարքերում եւ, Աստված չանի, անհրաժեշտության դեպքում՝ զոհվել, Ձեր իսկ խոսքերով, հանուն «այս երկրի կայացման»:

– Ոչ ոք էլ չի ուզում զոհվել իր սեփական երկրում: Բայց բոլորս, ովքեր այդ պայքարի մեջ ենք, եկել ենք այդ գիտակցությամբ, ոչ ոք չի եկել ինչ-որ մեկի թիկունքում թաքնվելու համար:

– Իսկ մի՞թե հնարավոր չէ առանց «մարտի 1-երի» կայանալ, հնարավոր չէ՞ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ նման ողբերգությունը չկրկնվի:

– Ո՞վ պետք է ստեղծի այդ բազան՝ այս իշխանություննե՞րը, այս խորհրդարա՞նը:

– Իսկ միգուցե նաեւ ընդդիմությու՞նը:

– Մարտի 1-ը սեփական ժողովրդի նկատմամբ ատելության մեծագույն դրսեւորումն էր: Եվ այն ատելությունը, որ Ռոբերտ Քոչարյանի մեջ կուտակվել էր այս ժողովրդի նկատմամբ, նա պարպեց մարտի 1-ին՝ հրամայելով կրակել այդ ժողովրդի վրա: Ու հանգստացավ: Եվ հիմա ինքը կարողանում է շատ հանգիստ ապրել ու վայելել:

– Քոչարյանի մեջ այդ ատելությունը չէի՞ք նկատում, երբ իշխանության մեջ էիք՝ ԱԺ հանձնաժողովի նախագահ ու ԵԽ պատվիրակության ղեկավարն էիք: Երբեւէ արտահայտե՞լ եք Ձեր մտահոգությունը Քոչարյանի անձի հետ կապված:

– Այդ տարիներին Ռոբերտ Քոչարյանի ծառայությունը անչափ մեծ էր Հայաստանի՝ Եվրախորհրդին անդամակցելու գործում: Այլ հարց է, թե նա անձամբ որքանով էր եվրոպական արժեքներ կրում: Ի վերջո, պետք չէ եվրոպական արժեքների կրողը լինել՝ սեփական ժողովրդին չսպանելու համար: Կարելի է եւ եվրոպական արժեքներ չկրել, բայց սեփական ժողովրդին սիրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել