Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉԻՆՉ ՉԵՄ ՍՊԱՍՈՒՄ»

Փետրվար 12,2009 00:00

\"\"Ասում է ՀՀ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը

– Նախ՝ ինչպե՞ս դիմավորեցիք Ամանորը կալանավայրում. կա՞ր անսովոր մթնոլորտ, հոգեվիճակ, հնչեցրի՞ք կենացներ:

– Դիմավորեցի՝ ինչպես ազատությունից ապօրինի զրկված իմ բոլոր ընկերները: Բնականաբար, բաժակաճառեր ու կենացներ չեն հնչել: Իհարկե, մթնոլորտը սովորական ամանորյա չէր, ինչպես ամեն տարի: Մաղթանքներ մեկս մյուսին ու մեր ժողովրդին՝ հղել ենք: Ամենակարեւոր մաղթանքը, որ այս տարի լինի հաղթանակի տարի, ազատության տարի, որ Հայաստանը դարձնենք օրենքի երկիր, որտեղ քաղաքացին կապրի հպարտ ու արժանապատիվ կյանքով, ուր մարդու իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեք ու ձեռքբերում կդիտվեն:

– Շուտով կլրանա Ձեր՝ անազատության մեջ գտնվելու 1 տարին: Մինչեւ Ձեր քաղաքական դիրքորոշումը բարձրաձայնելը, հնարավոր համարե՞լ եք, որ Ձեր նկատմամբ կկիրառվի դաժան բռնություն եւ կալանքի տակ կմնաք այսքան երկար:

– Իմ ու իմ ընտանիքի նկատմամբ ահաբեկման մեկ-երկու դեպք նախկինում եղել է, եթե հիշում եք: Երբեմն չեմ բացառել նաեւ ինձ ֆիզիկապես վերացնելը, բայց այսքան երկար անազատության մեջ լինելը, ճիշտն ասած, մտքովս չի անցել, չէի էլ կարող պատկերացնել:

– Ովքե՞ր են Ձեր խցում:

– Ժամկետային զինծայառող է, որը ոչ շատ մեծ սխալ է գործել: Հայրն ու մայրը երկար տարիներ է, ինչ Ռուսաստանի Դաշնությունում են ապրում եւ աշխատում: Տղան տատիկի խնամքին է մնացել: Պարզ է՝ բացակայել է հոր սաստող ձեռքը: Հիմա ես նրա, էսպես ասած, դաստիարակության բացերն եմ լրացնում:

– Ինչպե՞ս եք օրն անցկացնում խցակից կամ ոչ խցակից համախոհների հետ: Քննարկո՞ւմ եք քաղաքական իրավիճակը կամ ընթացող դատավարությունները:

– Ձեր պատկերացրած քննարկումները կազմակերպելը այստեղ հնարավոր չէ տեխնիկապես, մեկուսարանի պայմանները թույլ չեն տալիս: Համախոհների հետ «հեռակա» քննարկումներ անում ենք միայն զբոսանքի ժամերին:

– Հարեւան խցերում կա՞ն դատապարտյալներ, ովքեր դատապարտվել են Ձեր առաջադրած մեղադրանքներով: Եթե՝ այո, ապա ինչպիսի՞ վերաբերմունք են նրանք դրսեւորում Ձեր նկատմամբ:

– Ես «Վարդաշեն» ՔԿՀ մեկուսարանային մասում եմ եւ կարծեմ այստեղ նման անձինք չկան: Իմ եւ իմ քաղաքական պատանդ ընկերների նկատմամբ մնացած կալանավորների վերաբերմունքն ընդգծված հարգալից է ու ակնածանքով: Նրանք էլ են լավ հասկանում ու գիտակցում, որ սա մեր տեղը չէ, եւ թե մենք ինչու ենք այստեղ հայտնվել:

– Դատարանը Ձեզ համար «մարտադա՞շտ» է, թե՞ վայր, որտեղ կարելի է տեսնել ընկերներին, հարազատներին:

– Իմ՝ մոտ քսան տարվա պետական ծառայության ընթացքում ես օրենսդրական ու կազմակերպչական զգալի ջանքեր եմ գործադրել, որ մեր դատարանը՝ իրոք դատարան դառնա: Իմ ասածը կհաստատի տարիքով ցանկացած դատավոր: Տեսնելով, ավելին՝ իմ վրա զգալով այսօրվա արդարադատության վիճակը, ես իրապես ցավ եմ ապրում, թե ինչ աստիճանի է ստրկացված, կամազրկված հայկական դատարանն ու արդարադատությունը: Դատարանն իրականում էլ «մարտադաշտ» պետք է լինի մրցակցող՝ մեղադրանքի ու պաշտպանական կողմերի համար: Մի վերապահումով, որ այդ «մարտը» պետք է վարվի հավասարազոր «զենքերով» ու օրենքով խստագույնս սահմանված կարգով: Եվ, ամենակարեւորը, դատավորն իր կարգավիճակով պետք է վեր կանգնած լինի կողմերի դատավարական շահերից ու հետապնդվող խնդիրներից, հանդես գա որպես անկախ արբիտր, ինչը, ցավոք, այդպես չէ մեզ մոտ:

– Ի՞նչ եք զգում այդ պահին. եթե կրկին մեղադրողի կարգավիճակում լինեք, ի՞նչ փոփոխություններ կանեք դատախազական համակարգում եւ ի՞նչ կցանկանայիք փոխել ՔԿՀ-ում:

– Հարցը շատ տարողունակ է, փորձեմ պատասխանել շատ համառոտ: Եթե ներկայացվող ապացույցները շինծու ու կեղծ են, ինչի մասին քաջատեղյակ է թե մեղադրողը եւ թե դատավորը, համաձայնեք, որ դժվար է չզայրանալ: Ազնվորեն ասած, այդ պահին խղճում եմ իմ նախկին կոլեգաներին, համածառայակիցներին, նրանց իրավազրկության, ինքնուրույնության իսպառ բացակայության ու երկդիմի կեցվածքի համար:

Հավատացեք, մեր օրենքներում շատ բան փոխել պետք չէ, դրանք արդեն տասնհինգ տարի բարեփոխում ու բարեփոխում ենք: Պետք է քաջություն ու կամք ունենանք դրանք կիրառել, դրանցով ղեկավարվել: Ահա ինչն է իսպառ բացակայում մեր իրավապահների ու դատավորների մոտ:

Իհարկե, «իրերի վիճակին» ներսից ծանոթացումը իր հետ բերում է նոր մտահղացումներ ու ծրագրեր, որոնք նախկինում ուղղակի չէին կարող ծագել:

Աստծո օրհնությամբ ու ժողովրդի կամոք՝ դրանք կյանքի կկոչենք:

– Ի՞նչ սպասելիքներ ունեք Ցուլի տարում՝ իշխանություններից, ընդդիմությունից, միջազգային կառույցներից, ժողովրդից:

– Ճիշտն ասած, կենդանակերպից, իշխանություններից ոչինչ չեմ սպասում: Սպասումս ու ակնկալիքս ժողովրդից է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել