Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է

Փետրվար 14,2009 00:00

«Առավոտը» փետրվարի 10-ի համարում անդրադարձել էր Գյումրիի թիվ 19 դպրոցում ստեղծված խառնակ մթնոլորտին: Հոդվածում շոշափվում էր նաեւ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանի անունը:

\"\"
Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը

 

 

 

 

Երեկ ստացել ենք դպրոցում ստեղծված վիճակի մասին նրա պարզաբանումները, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:

Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար ՀՀ գործող կարգով դպրոցի ՊՈԱԿ-ի խորհուրդը մրցույթ էր հայտարարել, որը պետք է կայանար փետրվարի 3-ին: Խորհրդի նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով. նիստին չմասնակցեցին Շիրակի մարզպետարանի երկու եւ Գյումրու քաղաքապետարանի մեկ ներկայացուցիչները: Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչ Վարդիթեր Գասպարյանը նիստից առաջ ինձ մեղադրեց օրինախախտմամբ ընտրված լինելու մեջ եւ հրաժարվեց մասնակցել նիստին: Անցած տարիներին ոչ ոք, այդ թվում եւ նույն տիկինը երբեւէ չեն մեղադրել ինձ անօրինական կերպով ընտրված լինելու մեջ։ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը 2009 թվի փետրվարի 5-ին գրություն է ուղարկել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, որում ասվում է. «Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Ռ. Մովսիսյանի ընտրությունը տեղի է ունեցել ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N981-Ա//Ք հրամանով հաստատված «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ խորհրդի ընտրության կարգի 2-րդ կետի 2-1 ենթակետի դրույթների խախտումով»: Այս գրությունն ինձ պաշտոնապես հանձնվել է ծանոթացման փետրվարի 7-ին:

Փետրվարի 11-ին մարզպետարանի պաշտոնյաներն ինձ հանձնեցին մարզպետի թիվ 29 կարգադրությունը, որը թվագրված էր 2009 թ. փետրվարի 10-ով: Այս կարգադրությամբ մարզպետը որոշել է դադարեցնել դպրոցի մանկավարժական խորհրդի երկու անդամների (իմ եւ Ալվարդ Ղայթանջյանի) լիազորությունները, ասելով, թե մենք ընտրվել ենք 2006 թ. դեկտեմբերի 8-ի փոխված կարգի խախտմամբ: Ամենայն հավանականությամբ Շիրակի մարզպետը չի բարեհաճել ճշտել, թե երբ է տեղի ունեցել Կառավարման խորհրդի կազմում իմ (եւ գործընկերուհուս) ընտրությունը, եւ երբ են սպառվում մեր օրինական լիազորությունների ժամկետները: Ես՝ որպես Գյումրու թիվ 19 դպրոցի Կառավարման խորհրդի անդամ, ընտրվել եմ 2006թ. հոկտեմբերի 12-ին, երկու ամիս ավելի վաղ, քան ՀՀ ԿԳ նախարարը ստորագրել է 2006թ. դեկտեմբերի 8-ի հրամանը: Ընտրվել եմ լիազորությունների եռամյա ժամկետով: Իմ ընտրության պահին ես իսկապես այս դպրոցում աշխատանքային 3 տարվա ստաժ չեմ ունեցել, ինչը պահանջվում է նոր կարգով, բայցեւ այդ պայմանը իմ ընտրության պահին գործող կարգով սահմանված չի եղել: Այսպիսով, Շիրակի մարզպետն իր գրությամբ եւ կարգադրությամբ նախարարի հրամանի եւ նոր կարգի դրույթի խախտում է հայտարարել այն ընտրությունը, որը բնության եւ պատմության մեջ տեղի չի ունեցել:

Դպրոցում 2008թ. հոկտեմբերի 23-30-ը մարզպետի հրամանով անցկացված աուդիտի ընթացքում իրականացվել է նաեւ ՊՈԱԿ-ի խորհրդի կատարած աշխատանքների աուդիտ: Աուդիտորները ծանոթացել են բոլոր փաստաթղթերին եւ աշխատանքներին՝ ինչ կատարել է խորհուրդը, իսկ համապատասխան եզրակացության մեջ որեւէ հիշատակում չկա այն մասին, թե խորհրդի կազմը կամ իմ կարգավիճակը դրանում անօրինական է:

«Առավոտ» օրաթերթի փետրվարի 10-ի «Մարզպետ-ՀՅԴ պատերազմը շարունակվում է» հոդվածում ասվում է. «Կրթության վարչությունից մեզ նաեւ փոխանցեցին, որ կառավարման խորհրդի նիստեր անցկացնելիս մարզպետարանի ներկայացուցիչներին ոչ միշտ են տեղյակ պահել, իսկ վերջերս նրանց մտաբերել են, քանի որ քվորում ապահովելու խնդիր կար»: Սա սուտ է: Կառավարման խորհրդի նիստերի մասին ես մշտապես տեղեկացրել եմ ԿԽ բոլոր անդամներին առերես կամ հեռախոսով, իսկ տնօրենի ընտրության երկրորդ նիստի մասին քաղաքապետարանի եւ մարզպետարանի ներկայացուցիչներին տեղեկացրել եմ նաեւ գրավոր:

Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի ընտրության տապալման ռազմավարությունը հետեւյալն է: Մարզային իշխանությունը փորձում է պնդել, թե ՀՀ ՊՀՈՒՀ ՊՈԱԿ-ի ընտրության նոր կարգ սահմանելու մասին ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N981-Ա/Ք հրամանից հետո պիտի դպրոցների կառավարման խորհուրդների համատարած ընտրություններ լինեին բոլոր անդամների համար: Այսինքն, ըստ մարզպետի, նախարարի հրամանից հետո կառավարման խորհուրդները հարկավոր էր կազմել զրոյից, թարմացնել ամբողջությամբ՝ անտեսելով մինչ այդ եղած կազմը, լիազորությունների եռամյա ժամկետ ունեցող անդամներին եւ նրանց ստեղծած ամեն ինչը: Դատելով իմ հասցեին նետվող մեղադրանքներից, Շիրակի մարզպետն ու կրթության վարչությունը նախարարի հրամանը հասկացել են այսպես՝ այդ հրամանն ստանալուն պես հարկավոր է ուժը կորցրած համարել ոչ միայն նախկին կարգը, այլեւ նախկին կարգով ստեղծված ամեն ինչ, մանավանդ, խորհրդի ընտրված եւ առկա անդամների կարգավիճակը: Այս դեպքում նույն տրամաբանությամբ արդյոք հարկավոր չէ՞ նաեւ ուժը կորցրած ճանաչել նախկին կարգով ստեղծված խորհրդի ընդունած բոլոր որոշումները, այդ որոշումներով իրականացված աշխատանքները, հաստատված բյուջեները եւ այլն: Կարելի է պատկերացնել, թե ինչ աղետ կստացվի արդյունքում, իսկ հաստատության ժառանգականության սկզբունքը ո՞ւր է մնում: Ո՞վ է Շիրակի մարզպետին կամ կրթության վարչությանը իրավունք տվել այդպես քմահաճորեն մեկնաբանել նախարարի հրամանը: Եթե նախարարի հանձնարարականը նման թիրախ ունենար, դրանում կասվեր, որ խորհուրդները լուծարվում են եւ կազմվում են բոլորովին նոր խորհուրդներ:

Եվ վերջապես, ըստ ՀՀ ՊՀՈՒՀ ՊՈԱԿ-ի օրինակելի կանոնադրության 47 կետի՝ դպրոցի խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են՝ ա) առաջադրողի նախաձեռնությամբ եւ խորհրդի որոշմամբ ու բ) իր դիմումի համաձայն: Իմ պարագայում մարզպետն իր ձեռքի տակ ոչ իմ հրաժարականն ունի, ոչ էլ Գյումրու թիվ 19 դպրոցի Ուսուցչական խորհրդի որոշումը, թե Ուսուցչական խորհուրդը դադարեցնում է կամ պահանջում է իմ լիազորությունները դադարեցնել խորհրդում:

Այսպիսով, Շիրակի մարզպետի փետրվարի 10-ի կարգադրությունը՝ իմ լիազորությունները դադարեցնելու մասին, օրինական հիմքեր չունի, եւ այն ես բողոքարկում եմ ՀՀ ԿԳ նախարարին:

Լրագրողներին, հասարակական եւ մշակույթի գործիչներին սիրով հրավիրում եմ մեր դպրոց, կտեսնեք՝ այստեղ ապագա քաղաքացի՞ են դաստիարակում, թե՞ քաղաքական թեկնածուների հանրահավաքների «մասսովկաների» հումք:

Գյումրու թիվ 19 դպրոցը մեկն էր հատուկենտ դպրոցներից, որոնք անցած փետրվարին կտրականապես հրաժարվեցին որեւէ մասնակցություն ունենալ ՀՀ նախագահի իշխանական թեկնածուի աջակցության հանրահավաքին, որ տեղի ունեցավ աշխատանքային օրվա կեսօրին, երբ պետական դպրոցները, քոլեջներն ու բուհ-երը հարկատուների հաշվին պիտի զբաղված լինեին սերնդի կրթությամբ: Ոչ ոք լուսնից չէր իջել, եւ, վստահեցնում եմ, լավ պատկերացրել ենք, թե ինչ գին կարող է ունենալ նման «հանդուգն ինքնուրույնությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել