Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 14,2009 00:00

Ճանաչումը մոտ է

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը, ինչպես նաեւ կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Ջորջ Ռադանովիչը երեկ շրջանառության մեջ են դրել մի նամակ՝ գործընկերներին կոչ անելով միանալ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման նոր նախաձեռնությանը: Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանը, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ՝ չորս կոնգրեսականները իրենց նամակում, մասնավորապես, գրում են. «Հայոց ցեղասպանության պատշաճ ճանաչմամբ մենք վերահաստատում ենք ցեղասպանության մասին հստակ խոսելու՝ Միացյալ Նահանգների պատրաստակամությունը, ինչպես նաեւ մեր նվիրվածությունը մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հետագա դրսեւորումների կանխմանը»:

Թուրքական լրատվամիջոցները կանխատեսում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է օգտագործել «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի իր ուղերձում, կամ էլ Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձեւի նախագիծ կներկայացվի Կոնգրեսում, ինչը պաշտոնական Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերություններում ճգնաժամի պատճառ կդառնա: Թուրք վերլուծաբանների համոզմամբ՝ Օբամայի վարչակազմը ամենահայամետն է Միացյալ Նահանգների պատմության մեջ, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներ են նաեւ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ճգնաժամը ահաբեկչությունից էլ վտանգավոր է

\"\"Ֆինանսական ճգնաժամը ԱՄՆ-ի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան միջազգային ահաբեկչությունը: Ըստ «Կոմերսանտ» թերթի, այդպիսի կարծիք է արտահայտել այդ երկրի ազգային հետախուզության ծառայության ղեկավար Դենիս Բլերը՝ ելույթ ունենալով Կոնգրեսում: Ըստ նրա, տնտեսական անկումը լուրջ ազդեցություն է թողնում ոչ միայն երկրի անվտանգության վրա, այլեւ լրջորեն սպառնում է Ամերիկայի միջազգային վարկին: Բլերի խոսքերով, ամերիկյան շուկաներում սկսված ճգնաժամը արդեն իսկ որոշակի կասկածներ է առաջացրել, թե ԱՄՆ-ը իսկապես գլոբալ տնտեսության առաջատար է: «Որքան շատ ժամանակ պահանջվի տնտեսության վերականգնման համար, այնքան ավերիչ կլինեն դրա հետեւանքները ԱՄՆ-ի ռազմավարական շահերի տեսակետից»,- հայտարարել է ամերիկյան հետախուզության ղեկավարը: Ինչպես նշվում է Բլերի զեկույցի մեջ, ներկայումս ամեն չորրորդ երկիր կանգնած է ֆինանսական անկայունության հետ կապված խնդիրների առջեւ:

Ըստ կանխատեսումների, եթե ճգնաժամը տեւի երկու տարուց ավելի, շատ երկրներին կսպառնա կառավարական հեղաշրջման վտանգը: Բացի այդ, ներկայիս ճգնաժամը կարող է հետագայում հանգեցնել մի շարք նոր ճգնաժամերի՝ զարգացող երկրներում: Այժմ այդ երկրները, թեեւ առայժմ ավելի քիչ են տուժել ճգնաժամից, գործում են անվստահ, ինչը հաջորդ տարվա ընթացքում, հնարավոր է, կբերի անկման: Ըստ Բլերի, ԱՄՆ-ի համար առավել անցանկալի կլինի, եթե իր դաշնակիցները հրաժարվեն կատարել իրենց պարտավորությունները պաշտպանության եւ հումանիտար ոլորտներում:

«Հզոր հարաբերություններ»

\"\"Երեկ Մոսկվայում տեղի ունեցան բանակցություններ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ նրա թուրք գործընկեր Աբդուլա Գյուլի միջեւ: «Մեր հարաբերությունները հիրավի հզոր են, ինչը վկայում է դրական տնտեսական դինամիկայի մասին»,- նշել է Մեդվեդեւը, ավելացնելով, որ այդ հարաբերությունները համոզիչ հիմք ունեն՝ նկատի ունենալով խոշոր միջազգային ծրագրերը եւ, մասնավորապես, «Երկնագույն հոսքը»:

Տպավորիչ են էներգետիկայի բնագավառում ձեռք բերված պայմանավորվածությունները. Ռուսաստանը 15 տարում Թուրքիային կտրամադրի $16 միլիարդի էլեկտրաէներգիա: Բացի այդ, ՌԴ-ի օգնությամբ Թուրքիայում կկառուցվի ԱԷԿ-ի 4 բլոկ՝ յուրաքանչյուրը 1600 մվտ հզորությամբ:

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել սեւծովյան տարածաշրջանում համագործակցության խնդիրներին: «Ռուսաստանը եւ Թուրքիան շատ բան են անում այդ տարածքում անվտանգության պահպանման համար,- հայտարարել է ՌԴ նախագահը,- հուսով եմ, որ այդ կոորդինացիան կպահպանվի նաեւ հետագայում»: Իր կողմից Աբդուլա Գյուլը նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան հարեւան բարեկամական երկրներ են, որոնք իրենց հարաբերություններն են կառուցում փոխադարձ վստահության հիման վրա, այդ համագործակցությունը բազմակողմանի է: «Վստահ եմ, որ իմ այցը Ռուսաստան շրջադարձային կետ կդառնա այն բանի համար, որպեսզի մեր հարաբերությունները հասնեն որակապես նոր մակարդակի»,- ամփոփել է Թուրքիայի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել