Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱ ԽՍՏԱՑՈՒՄ, ՈՐԻ ՆՊԱՏԱԿԸ ՀՍՏԱԿԵՑՈՒՄՆ Է

Փետրվար 17,2009 00:00

Վստահեցնում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածների փոփոխությունները պատրաստ են, մնում է, որ անցնեն փորձագետների ձեռքով, ապա՝ խորհրդարանն ընդունի: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Քր.-օրի 225 եւ 300 հոդվածների փոփոխություն իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց փոփոխությունները, որոնք նախատեսվում է իրականացնել համապատասխան հոդվածներում: Ըստ նրա՝ 300 հոդվածում նախատեսված են հետեւյալ փոփոխությունները. «Իշխանությունը յուրացնելու» հոդվածը բաժանվել է երեք տարբեր հոդվածների, եւ առաջարկում ենք պահպանել «իշխանության յուրացում հոդվածում» երկու հանցագործություն. մեկը՝ իշխանությունը զավթելը, մյուսը՝ իշխանությունը պահելը: Փորձել ենք տալ սահմանում, թե ինչ է նշանակում իշխանությունը զավթել: Խոսքը վերաբերում է բռնություն գործադրելուն կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության կամ ՍԴ-ի լիազորությունները ստանձնելուն կամ՝ տիրանալուն: Իշխանությունը պահելն այլ հանցակազմ է, որը վերաբերում է արդեն իշխանություն ունեցողների կողմից իրենց լիազորությունների ժամկետի ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելուն: Առաջարկում ենք նոր հոդված, որը վերաբերում է սահմանադրական կարգը տապալելուն: Սա նախկինում ներգրավված էր իշխանությունը յուրացնելու հասկացության տակ: Տարբեր երկրների օրենսդրությունը ուսումնասիրելիս հայտնաբերեցինք, որ առկա են տարբեր մոտեցումներ: Երկրների մի մասը սա չի դիտում որպես առանձին հանցակազմ եւ համարում է, որ պետական դավաճանությունը, իշխանության յուրացումը եւ մի շարք այլ հոդվածներ սկզբունքորեն նկարագրում են սահմանադրական կարգի վրա ոտնձգությունների ողջ էությունը: Սակայն շատ երկրներ պահպանել են այս հանցակազմը՝ կամ չտալով սահմանում, կամ՝ տալով սահմանում, որը բավականին ընդհանուր բնութագրիչներ ունի: Մեր աշխատանքային խումբը կենտրոնացած է երկու տարբերակի վրա: Տարբերակ 1, երբ խոսքը վերաբերվում է Սահմանադրության 1-5-րդ հոդվածները Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով տապալելուն կամ այնտեղ նկարագրված իրավունքը վերացնելուն: Տարբերակ 2-ն ավելի մանրամասնում է, թե որ հիմնական սահմանադրական սկզբունքներն են հենքերը, որոնց վերացումը պետք է առաջացնի այս հանցակազմը: Մեկ այլ հանցակազմ դարձնում ենք առանձին՝ բացարձակապես չփոխելով դրա էությունը. դա վերաբերվում է տարածքային ամբողջականությունը խախտելուն: Առաջարկում ենք կարեւոր նոր հանցակազմ, որն, ըստ մեզ, դուրս է մնացել ընդհանուր նկարագրությունից. դա նախագահին, ԱԺ-ին, կառավարությանը կամ ՍԴ-ին որեւէ գործողություն կատարել պարտադրելն է կամ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալը պարտադրելն է, եթե դա ինքնին չի առաջացնում իշխանության յուրացման հանցակազմ»:

225 հոդվածում նախատեսվող փոփոխությունների մասով Դավիթ Հարությունյանն ասաց, որ տրված է զանգվածային անկարգություն հասկացողության սահմանումը: 225-ում փոփոխվել է երկրորդ մասը, որում չէր հասկացվում, թե կատարող ասելով կոնկրետ ո՞ւմ են նկատի ունենում:

Ըստ Դ. Հարությունյանի. «Հստակեցնելով զանգվածային անկարգություններ հրահրելուն ուղղված կոչերի մասը՝ մենք առաջարկում ենք նոր հանցակազմ, որը կոչվում է զանգվածային անկարգություններին մասնակցել: Խոսքը նրանց մասին է, ովքեր, տեսնելով, որ միջոցառումը վերածվում է զանգվածային անկարգության, չեն լքում տարածքը, շարունակում են լինել մասն այն խմբի, որը անկարգություններ է իրականացնում՝ անձամբ չկատարելով որեւէ բռնություն: Այս հատվածը մենք քրեականացնում ենք: Իհարկե, քրեական պատասխանատվության աստիճանը այս դեպքում անհամեմատ մեղմ է, քան բռնություններ կատարած անձանց համար: Փոփոխություն ենք առաջարկում նաեւ սպանության հոդվածում. առաջարկում ենք հրաժարվել «սպանությամբ զուգորդում» ձեւակերպումից, բայց համարում ենք, որ որպես ծանրացուցիչ հանգամանքներով սպանություն պետք է դիտվի զանգվածային անկարգության ժամանակ կատարված սպանությունը»:

Դավիթ Հարությունյանին հարցրինք՝ վերաբերվելո՞ւ են արդյոք փոփոխությունները «7»-ի գործին: Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Ես միշտ ձեռնպահ եմ մնացել այդ հարցին պատասխանելուց, մի պատճառով՝ մեղադրանքի ծավալը գիտի դատախազը, եւ դատախազն է, որ պետք է ստուգի՝ արդյոք մեղադրանքի այն ծավալը, որ ներկայացված է, համապատասխանո՞ւմ է այս նոր սահմանումներին, թե՞ ոչ: Ես ձեռնպահ կմնայի մինչեւ ԱԺ-ի կողմից այս փոփոխությունների ընդունումը: Մեկ բան կարող եմ հստակորեն ասել՝ իմ կարծիքով, այս նոր բովանդակության մեջ դրված է բավարար հստակություն, որը չկար նախկինում, եւ որը առնվազն պահանջելու է, որպեսզի վերանայվի հարցը, վերստուգվի, թե ինչքանով է մեղադրանքը համապատասխանում»:

Նկատեցինք, որ առաջարկվող փոփոխություններում նկատելի է խստացում եւ ոչ թե մեղմացում, ինչպես պնդում էին մինչ այժմ: Դավիթ Հարությունյանը համամիտ էր մասամբ. «Ավելի շուտ նկատելի է հստակեցում: Մի հարցում ճիշտ եք՝ մասնակցության մասով առկա է որոշակի խստացում, բայց դա որոշակի նպատակ է հետապնդում՝ հստակեցման: Բանն այն է, որ զանգվածային անկարգություններ ասվածը բավականին լուրջ եւ բարդ երեւույթ է, երբ խոսքը վերաբերվում է հենց ամբոխին եւ խմբային գործողություններին: Մեր նպատակն էր հստակ տարանջատում մտցնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել