Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԴ ԵՆ ԿՐԱԿԵԼ ԵՎ ՍՊԱՆԵԼ ԳԵՏՆԻՆ ԿԱՆԳՆԱԾՆԵՐԻՆ

Փետրվար 17,2009 00:00

\"\"Զեկուցագրերում գրված է, որ բոլորն էլ օդ են կրակել

Ըստ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հանձնաժողովի անդամ Սուրեն Աբրահամյանի՝ «Ամենամեծ պատասխանատուն հրաման տվողն է, որովհետեւ զինվորն իրավունք չուներ ինքնուրույն զենք օգտագործել: Եվ հետո՝ «Չերյոմուխայով» կարելի է մարդ սպանել, եթե դիմահար կրակեն, եւ այդ առումով՝ ո՞վ է հրաման տվել, ո՞ր գնդից էր, ո՞ր գումարտակից էր, որտե՞ղ էր տեղաբաշխված: Այս հարցերին պատասխանելու փոխարեն այդ անիմաստ փորձաքննության խայծը գցեցին, ամբողջ հանձնաժողովին խաբեցին»: Հիշեցնենք, որ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նիստում ներկայացված փորձագիտական եզրակացություններում նշվել էր, որ քննչական մարմինների տրամադրության տակ եղած նյութերի հիման վրա հնարավոր չէ պարզել, թե մարտի 1-2-ի գիշերը հատուկ միջոցներ օգտագործած ոստիկանության ներքին զորքերի 4 զինծառայողներից կոնկրետ ո՞ւմ արձակած «Չերյոմուխա-7» տեսակի գազային փամփուշտներից են զոհվել մարտի 1-ի 10 զոհերից 3-ը: «Առավոտը» մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին հարց ուղղեց՝ մի՞թե այդքան դժվար է որոշել, թե տվյալ տեղում գտնվող 4 զինծառայողներից ո՞ր մեկի գնդակով ո՞ր քաղաքացին է զոհվել: Նաեւ ուզեցինք պարզել՝ ինչի՞ համար են տարատեսակ փորձագիտական ուսումնասիրությունները, եթե դրանք ոչինչ չեն պարզելու: Ս. Նիկոյանն ասաց. «Չերյոմուխա-7»-ը հանձնաժողովի համար հետաքրքրություն է ներկայացնում, որովհետեւ զոհերից 3-ը զոհվել են դրա կիրառումից, կան հրացանները, որոնցից կրակվել է, եւ կան մարդիկ, ովքեր կրակել են, եւ կան փամփուշտները, մնում էր նույնականացման խնդիրը: Նույնականացման խնդիրը պարզելու համար դեռ նոյեմբերին փորձաքննություն էր իրականացվել, ճիշտն ասած, ես չէի ուզում դա հրապարակել կամ հիմք ընդունել, որովհետեւ պատկերացնում էի ՀՀ-ում կատարված փորձաքննության նկատմամբ հասարակական ընկալումը: Փորձեցինք դա անել ՌԴ-ում, պատասխանն արդեն գիտեք՝ հնարավոր չէ նույնականացումը պարզել: Եթե հնարավոր լինի դա անել որեւէ այլ երկրում, դա եւս կփորձենք»:

Հանձնաժողովի նախագահը շատ կոնկրետ ասաց, որ կան զենքերը, զոհերը եւ կրակողները, ուրեմն՝ ինչի՞ մասին է խոսքը: Պարզ չէ՞, որ այդ 4-ի կրակոցից զոհվել են երեք հոգին, եւ եթե կոնկրետ մեղավորին չեն գտնում, դժվա՞ր է գտնել այդ 4-ին կրակելու հրաման տվողին եւ նրան պատժել: Ս. Նիկոյանն ի պատասխան ասաց, որ հանձնաժողովը պատժիչ մարմին չի. «Պետք է գնահատական տալ՝ իրավաչա՞փ են եղել նրանց գործողությունները, թե՞ ոչ, նրանց գործողությունները համապատասխանո՞ւմ են այն օրենքին, որով իրենք պարտավոր են առաջնորդվել: Մի ոստիկան կարող է ասել, որ ինքը, համաձայն ոստիկանության մասին օրենքի, իր կամ քաղաքացու կյանքին անմիջական վտանգի սպառնալիքի դեպքում բոլոր հնարավոր միջոցներով պարտավոր է եղել վտանգը կասեցնել։ Պետք է պարզենք՝ արդյոք այդ վիճակո՞ւմ են եղել այդ 4-ը՝ «Չերյոմուխա 7»-ը գործածելու ժամանակ: Նրանց բոլորի զեկուցագրերից երեւում է, որ բոլորն էլ 45 աստիճանի տակ օդ են կրակել: Իրավական հարթության մեջ հանցանքն անհատականացման խնդիր ունի, դու չես կարող մեկին պատասխանատվության ենթարկել մեկ ուրիշի հանցանքի համար»: Ս. Նիկոյանը հիշեցրեց, որ թեպետ զինծառայողները գրել են, որ օդ են կրակել, բայց ՆԶ հրամանատարը նշել էր, որ «ավտոբուսը, որ ուզում էր մխրճվել ներքին զորքերի մեջ, կասեցվել է «Չերյոմուխա 7»-ով, այսինքն՝ կրակվել է, վարորդը իջել-փախել է, սա նշանակում է, որ կա հակասություն, որովհետեւ զինծառայողները պնդում են, որ 45 աստիճանի տակ օդ են կրակել: Իմ պատկերացմամբ՝ ոստիկանն ամբողջությամբ օրենքի շրջանակներում է եղել, գործողություններն իրավաչափ են եղել, որովհետեւ եթե այդպես չաներ, ապա ավտոբուսը կմխրճվեր ՆԶ շարքերը, եւ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ: Միայն նույնականացումը խնդիրը կլուծի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել