Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 20,2009 00:00

ՌԴ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է «ԱՋ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Օրերս ՌԴ արդարադատության նախարարությունում պաշտոնապես գրանցվել է «Պրավոե դելո» քաղաքական կուսակցությունը: Համապատասխան վկայագիր են ստացել կուսակցության համանախագահներ Լեոնիդ Գոզմանը, Բորիս Տիտովը եւ Գեորգի Բովտը: «Պրավոե դելոն» իր կողմից նվեր է պատրաստել արդարադատության նախարարությանը՝ փոխնախարարին հանձնելով կայսր Ալեքսանդր 2-ի հրամանագիրը ճորտատիրական կարգերը վերացնելու մասին: Երեկ նշվում էր այդ իրադարձության 148-ամյակը: «Պրավոե դելոն» այս պահին ունի բաժանմունքներ ՌԴ 73 շրջաններում, իսկ կուսակցականների քանակը կազմում է 56 հազար: Կուսակցությունը հիմնվել էր անցած տարվա նոյեմբերի 16-ին՝ աջ ուժերի միության «Դեմոկրատական» կուսակցության եւ «Քաղաքացիական ուժ» կուսակցության միաձուլման հետեւանքով: Նորաստեղծ կուսակցության համանախագահները երեկ հայտարարեցին, որ պատրաստ են համագործակցել ամեն տեսակ կազմակերպությունների հետ, բացի ծայրահեղականներից: Սակայն, ընդդիմադիր դաշտում գտնվող մի շարք կուսակցություններ արդեն իսկ հրաժարվել են այդ համագործակցությունից: «Յաբլոկոյի» նախագահ Սերգեյ Միտրոխինը մասնավորապես ասաց. «Մենք ընդդիմադիր կուսակցություն ենք, իսկ նրանք՝ ոչ: Ինչպե՞ս է հնարավոր մեր դաշինքը»: Իսկ «Դրուգայա Ռոսիա» կազմակերպության ղեկավարներից մեկը՝ գրող Էդուարդ Լիմոնովը, հայտարարեց, որ դա արհեստականորեն ստեղծած կուսակցություն է, որն ապագա չունի: Ըստ որոշ գործիչների եւ փորձագետների, «Պրավոե դելոն» Կրեմլի նախագիծն է:

ԲՐԱՈՒՆԸ «ԳԼՈԲԱԼ ԳՈՐԾԱՐՔ Է» ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

\"\"Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը երեկ լրագրողներին ներկայացրեց «Ճանապարհ դեպի Լոնդոնի համաժողով» զեկույցը: 74 էջանոց փաստաթղթում շարադրվում են Բրաունի հայացքները համաշխարհային տնտեսության ներկայիս իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաեւ այն նախաձեռնությունները, որոնցով նա պատրաստվում է հանդես գալ ապրիլի 2-ին Լոնդոնում կայանալիք 20 առավել զարգացած երկրների հանդիպմանը: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, վերջին օրերին Բրաունը ակտիվ խորհրդակցություններ է անցկացնում այդ երկրների ղեկավարների, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի եւ Արժույթի համաշխարհային հիմնադրամի ղեկավարների հետ: Բրիտանիայի վարչապետի գլխավոր գաղափարը հակաճգնաժամային գործողությունների համաշխարհային կոորդինացումն է, որը նա անվանում է «գլոբալ գործարք»: Ըստ նրա, աշխարհի ամեն մի մաս պետք է իր ձեւով խթանի համաշխարհային տնտեսությունը՝ մի տեղ իջեցվեն բանկային տոկոսադրույքները, մի տեղ ջանքեր գործադրեն վարկավորման համար, եւ բոլոր այդ գործողությունները պետք է լինեն համակցված: Գորդոն Բրաունի փաստաթուղթը նաեւ առաջարկներ է պարունակում Արժույթի համաշխարհային հիմնադրամը բարեփոխելու վերաբերյալ: Մասնավորապես, ըստ զեկույցի հեղինակի, հիմնադրամում պետք է բարձրացվի զարգացող երկրների ներկայացուցչության եւ ղեկավարման արդյունավետությունը, սակայն առաջներում նման նախաձեռնություններին խոչընդոտում էին հենց զարգացած երկրները, այդ թվում նաեւ եվրոպացիները:

ՕԲԱՄԱՅԻՆ ՀԱՄԵՄԱՏԵՑԻՆ ԿԱՊԻԿԻ ՀԵ՞Տ

Օրերս ամերիկյան «The New York Post» թերթը հրապարակել է մի կոմիքս, որը նվիրված է անցած շաբաթ Քոնեքթիքուտում սպանված մի կապիկի: «Գազետա» թերթի տեղեկացմամբ, այդ անմեղ երգիծանքը բուռն քննադատության արժանացավ ամերիկացի իրավապաշտպանների եւ պաշտոնյաների կողմից, որոնց կարծիքով՝ հրապարակման մեջ զուգահեռներ են անցկացվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ծաղրանկարում պատկերված է ոստիկան՝ ծխացող ատրճանակը ձեռքին, իսկ նրա ոտքերի տակ շիմպանզեի դիակն է: Նկարի մակագրությունը հետեւյալն է. «Այժմ նրանք պետք է ուրիշներին գտնեն նոր հակաճգնաժամային օրենսդրությունը մշակելու համար»: Ըստ խմբագրության, նկարը ծաղրում է Վաշինգտոնի փորձերը տնտեսությունը վերակենդանացնելու ուղղությամբ եւ որեւէ մեկին անձնական վիրավորանք հասցնելու նպատակ չի հետապնդում: Սակայն իրավապաշտպանները գտնում են, որ թերթը դրսեւորել է ռասիստական կեցվածք եւ կապիկի տեսքով ներկայացված են աֆրոամերիկացիները: Բացի այդ, նրանք վստահ են, որ շիմպանզեի տակ պետք է հասկանալ կոնկրետ մարդու՝ նախագահ Բարաք Օբամային, եւ այդպիսով կոմիքսն իր մեջ նախագահին սպանելու գաղափար է պարունակում: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գեյթսը հրաժարվեց մեկնաբանել հրապարակումը, քանի որ կոմիքսը չէր տեսել: «Սակայն ես չեմ կարծում, որ դա ամենավատ լուրն է, որը կարելի է կարդալ այդ թերթում»,- ասաց Գեյթսը լրագրողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել