Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Փետրվար 21,2009 00:00

Իսկ ահա ՀԱՊԿ արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելուց վախենալ պետք չէ: Այս կարծիքին է քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Փետրվարի 13-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Մոսկվայում էր: Նա եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը բանակցում էին տարաբնույթ հարցերի շուրջ՝ ռուս-թուրքական հարաբերություններ եւ դրա համատեքստում ռազմատեխնիկական համագործակցություն, այդ ուղղությամբ միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի ապահովում, կովկասյան եւ սեւծովյան տարածաշրջանների խաղաղության ու անվտանգության ամրապնդում, Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծում, Հարավային Կովկասում առկա սառեցված հակամարտությունների կարգավորում: Նրանք համամիտ են եղել մեկ առանցքային հարցում՝ իրենք Կովկասի հիմնախնդիրների լուծմանը երրորդ երկրների միջամտության անհրաժեշտությունը չեն տեսնում: Նկատի ունենալով վերջին շրջանում թուրք-արեւմտյան, թուրք-իսրայելյան, ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը՝ կասկածից վեր է, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը հակաարեւմտյան դիրքորոշման ցուցադրություն է:

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ մեր ռազմավարական դաշնակցի եւ մեր անվստահելի հարեւանի միջեւ ջերմացող հարաբերությունները սպառնալիք լինեն Հայաստանի համար: Քաղաքագետը պատասխանեց. «Քաղաքականության մեջ անալոգիաները երբեք կոռեկտ չեն, բայց դրանք մտածելու տեղիք են տալիս: Միշտ էլ Ռուսաստանի եւ Թուրքիայի մերձեցումը Հայաստանին անհանգստության առիթ է տվել: Առավել եւս հիմա, երբ այդ մերձեցումը տեղի է ունենում ընդգծված հակաարեւմտյան հողի վրա: Ըստ իս, դրա շուրջ պիտի մտածի նաեւ հայաստանյան վերնախավը: Այդ մերձեցումն, անշուշտ, վտանգավոր է, որովհետեւ արդյունքում Հայաստանը դառնում է հետնապահ թե՛ ՌԴ-ի, թե՛ Թուրքիայի կողմից: Այդ կարգավիճակից ելքի որեւէ հեռանկար չի լինի, եթե Հայաստանն ակտիվություն չցուցաբերի կամ ոչ ստանդարտ որոշումներ չկայացնի: Դատելով իրադարձությունների ընթացքից՝ հայկական քաղաքական միտքը ինչպես հարյուրամյակներ առաջ, այսօր էլ դոփում է մոնղոլական եւ բյուզանդական էթիկայի եւ ռուսական ու թուրքական գավառական էսթետիկայի ատամնանիվների արանքում, ուստի՝ ես առայժմ այդ վտանգը հաղթահարելու հեռանկար չեմ տեսնում»:

Ըստ նրա՝ ռուս-թուրքական հարաբերությունները ռազմավարական իմաստով անտագոնիզմի մեծ պոտենցիալ են պարունակում, բայց նրանք հնարավորություն ունեն մարտավարական միություններ կնքելու՝ յուրաքանչյուրն իր մարտավարական հարցերը լուծելու համար: Դրանից հետո նրանք կարող են էլի բաժանվել: «Խնդիրն այն է, թե դրանից հետո Հայաստանից ինչ կմնա: Այդ խնդիրների լուծման ընթացքում ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ Թուրքիան Հայաստանն անպայմանորեն կօգտագործեն իրենց պետական եւ ազգային շահերի սպասարկման համար: Ռուսները դա կանեն ՀՀ-ում Արեւմուտքի մուտքը արգելափակելու, իսկ Թուրքիան՝ ՀՀ-ի հետ իր հարաբերությունները կկառուցի Եվրոպային ընդառաջ քայլեր անելու ու Արեւմուտքի ճնշումներից իրեն զերծ պահելու համար»,- մանրամասնեց նա:

ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումից օրեր առաջ՝ փետրվարի 3-ին, Մոսկվայում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ արտահերթ նիստում, այդ թվում՝ Հայաստանի մասնակցությամբ, ընդունվեց ՀԱՊԿ արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելու վերաբերյալ որոշում: Այն պայմանավորված է անդամ երկրների կոլեկտիվ անվտանգության ամրապնդման, նաեւ ռազմական ագրեսիայի պարագայում համատեղ մասնակցությամբ այն հետ մղելու անհրաժեշտությամբ: Շատ քաղաքագետներ դա համարում են Հայաստանի համար վտանգավոր քայլ: Ռ. Մեհրաբյանը, սակայն, դրան մեծ նշանակություն չի տալիս. «Ես ՀԱՊԿ-ում Հայաստանի գտնվելը բացատրում եմ զուտ հայ-ռուսական երկկողմ հարաբերություններով, եւ անհանգստանալու իմաստ չեմ տեսնում՝ այն պարզ պատճառով, որ այդ պայմանագրի ստորագրումը էական ոչինչ չի փոխելու: Դա հերթական մեռելածին փաստաթղթերից մեկն է, որը գործնականում կենսունակ լինել չի կարող»: Քաղաքագետի դիտարկմամբ՝ արագ արձագանքմամբ մարտական գործողություններ կամ հատուկ օպերացիաներ իրականացնելու համար ՌԴ-ն ինքը համապատասխան տրանսլյացիոն պոտենցիալ չունի: «Մի բան է, որ հնարավոր է գնացքով կամ մեքենաներով զորքերը տեղաշարժել գործողությունների վայր, ինչը մենք տեսանք Հարավային Օսեթիայի պարագայում, այլ բան է՝ դրանք տեղափոխել մի երկրի տարածք, որը սահմաններ չունի այդ պայմանագրի անդամ երկրներից որեւէ մեկի հետ: Նույն Հարավային Օսեթիայի դեպքում տեսանք, որ ՌԴ գործողությունները «կացնային» տարբերակից այն կողմ չեն անցել: Իսկ արագ արձագանքման օպերացիաները ենթադրում են զինված ուժերի հիմնական պարամետրերի պոստինդուստրիալ մակարդակ, որը ՌԴ-ն պարզապես չունի: Ընդհանրապես արագ արձագանքման մարտական գործողություններն ու զորակոչային բանակը, ինչպիսին կա ՌԴ-ում, անհամատեղելի բաներ են: Եթե վախենալու բան կա, ապա դրանք առկա են Հայաստանի ներսում եւ հայաստանցիների գլխում: Դա է մեր ամենամեծ վտանգը»,- եզրակացրեց քաղաքագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել