Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵԼԻ Է ԴԱՏԱՐԱՆ ՉԳՆԱԼ

Մարտ 07,2009 00:00

Ասում է ՀՀ ԱՆ «Դատաիրավական բարեփոխումներ ԾԻԳ» ՊՀ տնօրեն Արթուր Թունյանը

– Պարոն Թունյան, հայտնի է, որ դատաիրավական բարեփոխումների ոլորտում երկրորդ ծրագրի՝ 2007-2012թթ., իրականացման համար Համաշխարհային բանկի կողմից հատկացվել են շուրջ $22.5 միլիոնի չափ վարկային միջոցներ՝ արտոնյալ պայմաններով, տարեկան 0.75% տոկոսադրույքով, 20 տարի ժամկետով, մարումը՝ սկսած տասնմեկերորդ տարվանից: Վարկի հետ մեկտեղ, համակարգի բարեփոխումների համար հատկացվել են նաեւ դրամաշնորհային միջոցներ. $3 միլիոն՝ Ճապոնիայի կառավարության կողմից, եւ շուրջ $4.9 միլիոն՝ Հոլանդիայի կառավարության կողմից: Ինչպե՞ս են ծախսվելու այդ միջոցները:

– Ծրագրի միջոցների զգալի մասն ուղղվում է դատարանների շենքերի կառուցմանը եւ դրանց տեխնիկական հագեցվածությանը:

Արդարադատություն իրականացնելու համար էական նախապայման է հանդիսանում նաեւ դատարանի նյութատեխնիկական հագեցվածությունը եւ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիական մեթոդների կիրառումը: Վերջին տարիների ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվել դատարանների շենքերի կառուցման գործում: Հիշեցնեմ, որ մինչ այդ, նույնիսկ Երեւան քաղաքում գոյություն չուներ թեկուզ մեկ դատարանի շենք, որը կարող էր դիտարկվել նվազագույն աշխատանքային պայմաններին համապատասխանող: Փաստացի շուրջ 15 տարի տնակներում տեղակայված Գյումրի եւ Վանաձոր քաղաքների դատարանները միայն վերջին տարիներին տեղակայվեցին դատարանին վայել շենքերում, ինչով վերացվեց «տնակային» դատավարության իրականացումն այդ քաղաքներում: Միաժամանակ, երկրորդ ծրագրով մարզերում արդեն իսկ իրականացվում է 6 շենքերի շինարարություն, իսկ այս տարի կմեկնարկի առնվազն եւս 5-6 նոր շենքերի շինարարություն: Այսպես, եթե ընդամենը հինգ տարի առաջ որեւէ դատարանում համակարգչի գործածումը արտառոց երեւույթ էր համարվում, ապա ներկայումս բոլոր դատարաններում աշխատանքների կազմակերպումը եւ դատարանների կառավարումը ամբողջապես իրականացվում է ժամանակակից տեղեկատվական համակարգերի կիրառմամբ:

– Սակայն նույն տեղեկատվական համակարգերը հնարավորություն չեն տալիս դատավարությանը հետեւել «հեռակա»:

– Առաջիկայում նախատեսվում է նման հսկողական մեխանիզմներից օգտվելու հնարավորություն ստեղծել նաեւ հասարակայնության համար: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ցանկացած շահագրգիռ անձի, նույնիսկ առանց դատարան այցելելու, ուղղակիորեն հետեւել դատական գործընթացին, ծանոթանալ դատարանի կողմից կայացված որոշումներին եւ վճիռներին, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ ինտերնետային տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Դատական համակարգում վերջին տարիների տեխնոլոգիական նորամուծություններից է հանդիսանում նաեւ դատական նիստերի թվային ձայնային արձանագրումը, ինչն իսպառ վերացրեց նախկինում ձեռագրով իրականացվող նիստերի արձանագրությունների կազմման ընթացքում չարաշահումները եւ դրանց վերաբերյալ բողոքները:

– Կողմերը միշտ չէ, որ կարող են ստանալ ձայնագրությունները:

– Ցանկացած գործով մասնակից հնարավորություն ունի դատական նիստից անմիջապես հետո ստանալ նիստի ամբողջ ընթացքի վերաբերյալ ձայնագրված լազերային սկավառակի իր օրինակը:

2005թ. սկսած, ազատ ռեժիմով www.arlis.am ինտերնետային կայքում գործածվեց Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգը, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած անձի ոչ միայն ծանոթանալ օրենսդրությանը, այլեւ որոշակի որոնողական գործիքների կիրառմամբ գտնել իրեն հետաքրքրող իրավական ակտը, իրական ռեժիմում ուսումնասիրել դրանում կատարված փոփոխությունների պատմությունը, տպել այն եւ կիրառել ըստ անհրաժեշտության: Այս տարի ավտոնոմ համակարգչային տեղեկատվական կրպակներ կտեղադրվեն դատարանների եւ որոշ պետական մարմինների շենքերում:

– 2008թ. դեկտեմբերին ՀՀ վերահսկիչ պալատը հրապարակեց վարկային ծրագրի վերահսկողության արդյունքները: Ձեր գրասենյակի գործունեության նկատմամբ ինչպիսի՞ խախտումներ արձանագրվեցին:

– Պետք է նշեմ, որ պետական կառույցների շարքում օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորվող ծրագրերը իրականում ռիսկայնության տեսանկյունից ամենապաշտպանվածներն են: Այսպես, ի տարբերություն այլ պետական կառույցների, բոլոր գրասենյակները պարտադիր կերպով առնվազն տարին 1 անգամ ենթարկվում են արտաքին աուդիտի, ընդ որում՝ այնպիսի հանրահայտ աուդիտորական ընկերությունների կողմից, որոնք ընդունելի են համարվում հենց Համաշխարհային բանկի համար: Բացի դրանից, գրասենյակի գործունեության ընթացքում բոլոր էական նշանակություն ունեցող որոշումները պետք է հավանության արժանանան ոչ միայն ներպետական իրավասու կառույցների, այլ նաեւ Համաշխարհային բանկի մասնագետների կողմից: Անդրադառնալով ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության արդյունքներին, պետք է նշեմ, որ վերահսկողութունն իրականացվել է շուրջ 2 ամսվա ընթացքում՝ ներգրավելով բոլոր անհրաժեշտ ոլորտների մասնագետների: Հատկանշական է, որ վերստուգող խմբի կազմն իր քանակով նույնիսկ գերազանցում էր գրասենյակի անձնակազմի թվաքանակին: Շուրջ 2 ամսվա ընթացքում ստուգման են ենթարկվել մոտ $5.2 միլիոնի կատարված ծախսեր եւ աշխատանքներ: Արդյունքում, որպես ֆինանսական կարգապահության թերություն, նշվել է նախարարության վարչական շենքի հրդեհման ժամանակահատվածում մեկ մատակարարման պայմանագրի ուշացման հետեւանքով լրացուցիչ պայմանագրային տույժեր գանձելու խնդիրը: Որպես մեկ այլ թերություն, նշվել էր վերջերս վերակառուցված դատարանի շենքում կատարված աշխատանքների որոշակի որակական բնույթի թերությունները՝ երաշխիքային ժամկետի ընթացքում կապալառուի կողմից վերացնելու խնդիրը: Համենայնդեպս, նման ծավալի կատարված աշխատանքներում չհիմնավորված զգալի հավելագրումներ կամ չարաշահումներ չեն արձանագրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել