Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի առաջ գնանք»

Մարտ 13,2009 00:00

Ասում է ՀԱՀ նախագահ Հարութիւն Արմենէանը

\"\"
Վիդեոկոնֆերանսների նորաբաց սրահը՝ ՀԱՀ-ում:

Օրերս Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից ֆինանսավորված՝ վիդեոկոնֆերանսի սրահի բացման արարողությունը: Սրահին, որը տեղակայված է ՀԱՀ «Փարամազ Ավեդիսյան» մասնաշենքում, տրամադրվել է 60.6 մլն դրամ: Այն համալրված է հեռահաղորդակցական ինտերակտիվ տեխնոլոգիաների համակարգով եւ տարբեր վայրերում գտնվող դասախոսին եւ ուսանողներին հնարավորություն է ընձեռում հաղորդակցվել միաժամանակյա երկկողմ տեսաշարային եւ ձայնային ազդանշանների միջոցով: ՀԱՀ նախագահ Հարութիւն Արմենէանը նկատեց. «Համալսարանը միայն կրթություն ստանալու տեղ չէ, այլեւ գիտություն ստեղծելու: Իսկ այդ գիտելիքը ստացվում է ամփոփվելով ոչ միայն մեկ սենյակի մեջ, այլ հաղորդակցության միջոցով»: «Առավոտը» հայաստանյան ներկայիս կրթական զարգացումների մասին զրուցեց պարոն Արմենէանի հետ: Մեր այն դիտարկմանը, թե Ամերիկյան համալսարանը ժամանակին առաջինն էր, որ այլ երկրի հետ համատեղ համալսարան էր ՀՀ-ում, իսկ այժմ այլ երկրների համալսարանների մասնաճյուղեր բացելը մի տեսակ դարձել է միտում, Հ. Արմենէանն այսպես պատասխանեց. «Մեր համալսարանը ոչ պետական չէ այն իմաստով, որ ստեղծվել ենք ամերիկյան կառույցի հոգաբարձությամբ եւ հայկական պետության հետ համատեղ: Մեր կապն ավելի զորավոր է, քան մյուս համալսարաններինը, մեր գործունեությունը հիմնված է միացյալ համագործակցության վրա: Մյուս համալսարաններից տարբերությունն այն է, որ դրանք տվյալ պետության, օրինակ՝ գերմանական եւ այլն, ֆինանսավորմամբ են ստեղծված, իսկ մերը՝ անհատների միջոցով»: Այնուհետեւ զրուցակիցս շեշտեց. «Այս համալսարանը պիտի լինի նույնքան հայկական, որքան որեւէ այլ հայկական հաստատություն, նույնքան ամերիկյան, որքան ամերիկյան որեւէ համալսարան»: «Առավոտի» այն դիտարկմանը, թե ամերիկյան համալսարանի շուրջ ինչ-ինչ իրարամերժ խոսակցություններ կան հայաստանյան մյուս բուհերի շրջանակներում, պարոն Արմենէանն այսպես պատասխանեց. «Դա ոչ թե մեր, այլ բուհերի խնդիրն է: Մենք համագործակցում ենք ԵՊՀ-ի, Բժշկական, Ճարտարագիտական համալսարանների հետ հիմնականում վարչական հարցերի շուրջ: Պետք է աշխատել կրթօջախների վարչական հիմքերի բարելավման ուղղությամբ, հակառակ դեպքում՝ հաստատությունը կկաղա»: Անդրադառնալով կրթական բարեփոխումներին, նա հայտնեց. «Այդ բարեփոխումները չեն հաջողվի, եթե չլուծենք վարչական կառույցների հարցը: Արեւմտյան եւ մեր աշխարհի տարբերությունը հենց այն է, որ նրանց մոտ վարչական կառույցները հստակ հիմքերի վրա են»:

Երբ խոսեցինք Հայաստանում դասախոսների շրջանում ներկայումս տեղի ունեցող արատավոր երեւույթների, դասախոսի վարկի մասին, պարոն Արմենէանը նկատեց. «Եթե տվյալ անհատը հարգանք չունի իր սեփական գործի նկատմամբ, դա պատվով չի անում, ապա նա ամենադժբախտ անհատն է եւ իր գործում չի հաջողի: Իսկ բուհում դրա համար պիտի հատուկ մթնոլորտ ստեղծվի, որը պայմանավորված չէ միայն ֆինանսական հարցերով»: Խոսքն ամփոփելով՝ Հ. Արմենէանը հավելեց. «Մեր երկրի հարստությունը ոչ թե ունեցվածքի, այլ գիտական ներուժի մեջ է: Որքան առաջ լինենք գիտական առումով, այնքան տնտեսական վայրիվերումները մեզ համար զորավոր չեն կարող լինել: Չխաբենք մեզ, ասելով, թե առաջ ենք ֆիզիկայի կամ այլ բնագավառներում: Մենք այսօր ետ ենք, պիտի դա ընդունենք եւ մեծ թափով առաջ գնանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել