Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻ ՀԱՎԱՔՎԵԼ 52 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

Մարտ 17,2009 00:00

Ալավերդու քաղաքապետարանը խոստանում է դառնալ ավելի թափանցիկ

Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, համայնքի 2008 թվականի բյուջեի հաշվետվությունը բնակչությանը ներկայացնելու նպատակով, քաղաքապետարան էր հրավիրել ԶԼՄ-ների եւ հ/կ-ների ներկայացուցիչների: Ներկա էին «Հետք» (էլեկտրոնային) եւ «Առավոտ» օրաթերթերը, Ալավերդու «Անկյուն +3» եւ Վանաձորի «ՄԻԳ» հեռուստաընկերությունները: Թե ինչ հ/կ-ներ էին ընդունել քաղաքապետի հրավերը՝ մնաց գաղտնի: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերին քաղաքապետի պատասխանները:

Քաղաքապետարանի ողջ աշխատակազմը, լրագրողների հարցերին պատասխանելիս քաղաքապետին աջակցելու համար, գրավել էր ասուլիսի աշխատասեղանը եւ լրագրողների մի մասը նստած էր բանախոսից հեռու՝ դահլիճի դռան մոտ: Քաղաքապետի խոսքը հակիրճ էր: Համայնքի 2008թ. բյուջեի եկամուտներ նախատեսվել են 389 մլն դրամ, բայց կատարվել է 87,8%-ով՝ 341,9 մլն դրամ, ծախսերը կազմել են 341,4 մլն դրամ: Բյուջեով նախատեսված 136,3 մլն դրամ սեփական եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 84 մլն դրամ: Փաստորեն, քաղաքապետարանը 2008-ին չէր կարողացել ապահովել 52,3 մլն դրամ սեփական եկամուտների մուտքեր, որի վերաբերյալ քաղաքապետը որեւէ բացատրություն չտվեց: Նա հայտնեց, որ Ալավերդու քաղաքապետարանը 2008-ին իր առջեւ դրված խնդիրները կատարել է 90-95%-ով, չհաշված ճգնաժամը՝ տարին էլ հաջող համարեց:

Չհամաձայնելով 52 մլն դրամ սեփական հարկային եկամուտների մուտքեր չապահովելու դեպքում տարին առանձնապես հաջող համարելու քաղաքապետի կարծիքի հետ, «Առավոտը» հետաքրքրվեց, թե պլանավորված ո՞ր ծրագրերը բյուջեի միջոցներով 2008-ին հնարավոր չի եղել կատարել, որին Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Համարյա նման խնդիր չի առաջացել, որովհետեւ բյուջեի ֆոնդային մասը մենք կատարել ենք, այն, ինչ ի վիճակի չենք եղել մեր բյուջեով կատարելու, դիմել ենք միջազգային կառույցների օգնությանը: Ուղղակի առանձնացնեմ զուտ կապիտալ ծրագրերը: «Մանես» հիմնադրամի միջոցներով կատարվել է թիվ 7 մանկապարտեզի եւ գեղարվեստի դպրոցի գազիֆիկացումը, հիմնադրամը ներդրում է կատարել նաեւ համատիրությունների հետ կապված, մենք համատիրությունների ստեղծման ծրագիրը փորձում էինք իրականացնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրով, պահանջվում էր 1,5 մլն դրամ ներդրում, մեզ օգնության հասավ հիմնադրամը: Քաղաքի երաժշտական դպրոցի վերանորոգմանը մասնակցում էին մի քանի միջազգային կազմակերպություններ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ԲՐԻՋ-ը, մասնակցել են նաեւ քաղաքապետարանը եւ «Մանես» հիմնադրամը: «ՎիվաՍել» ընկերության կողմից կատարվել են ներդրումներ թիվ 11 մանկապարտեզի վերանորոգման եւ լոկալ ջեռուցման գործում»:

Համայնքի 2008թ. բյուջեի միջոցներով նախատեսված, սակայն չկատարված կապիտալ գործառույթների մասին մեր հարցը քաղաքապետը շրջանցեց: Այնինչ, նախատեսվածից չեն իրականացվել թիվ 14 մանկապարտեզի, քաղաքապետարանի վարչական շենքի նորոգումները: Շրջանցվեց նաեւ քաղաքի կանաչապատման, բազմահարկ շենքերի վերելակների հիմնանորոգման նախատեսված խնդիրները:

Իր խոսքում Արթուր Նալբանդյանը ակնհայտորեն խուսափում էր հրապարակել կապիտալ գործառույթների գումարային ծախսումները: «Առավոտը» Ալավերդու քաղաքապետին հարց ուղղեց նաեւ թերթի հրապարակումներից մեկի հետ կապված՝ Դեբեդ գետում էկոլոգիական հետազոտություններ կատարելու անհրաժեշտության մասին եւ քաղաքապետին խնդրեց տեղեկացնել, թե այդ նպատակով փորձե՞լ է ստանալ եվրոպական որեւէ կառույցի օժանդակությունը: «Մենք ոչ միայն դիմել ենք, այլեւ ունենք պատրաստ այդ փաթեթը: 2008-ին Ալավերդի քաղաքում եղան սեմինարներ, որտեղ մասնակցում էին նաեւ հ/կ-ների ներկայացուցիչներ, եւ այդ փաթեթը մենք կազմեցինք: Քաղաքապետարանը ոչ միայն դիմել է, այլ ակտիվ աշխատում է արդեն, եթե տեղյակ եք՝ Հայաստան-Վրաստան եվրոռեգիո է ստեղծվել, հիմա փորձում են դրան ավելի հարմար անուն գտնել, երեւի թե Եվրոկովկաս անունը կլինի, Եվրախորհուրդը փորձում է կատարել ներդրումներ տարբեր ոլորտներում, որտեղ երկու միջպետական ծրագրեր ենք իրականացնելու: Հայաստանից ակտիվ մասնակցում է նաեւ Լոռին, քանի որ մենք սահմանակից ենք Վրաստանին, այս ծրագիրը իրականացնելու ենք վրացական մի շարք մարզերի հետ: Այդ ծրագրի շրջանակներում Ալավերդին համագործակցելու է զուտ բնապահպանական առումով: Փորձելու ենք ամեն ինչ անել, որ եվրոպական կառույցները այդ նպատակով կատարեն ներդրումներ: Հույս ունենք, որ առաջիկա մի քանի ամիսներին կստանանք դրական պատասխան»,- պատասխանեց Արթուր Նալբանդյանը:

Քաղաքապետը հայտնեց նաեւ, որ առաջիկա օրերին թափանցիկ աշխատելու համար Ալավերդու քաղաքապետարանը կունենա նաեւ իր ինտերնետային էջը, որի միջոցով ավագանու որոշումներին, կարգադրություններին եւ քաղաքապետարանի մյուս աշխատանքներին կարող են հետեւել լրատվամիջոցները եւ բնակիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել